ԵՍ ԵՎ ԲԱԶՄԱԹԻՎ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ ՍԱՏԱՐՈՒՄ ԵՆՔ ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բլից հարցազրույց ՀՀ սնանկության դատարանի դատավոր Գեւորգ Նարինյանի հետ:

-Ինչպե՞ս եք վերաբերվում դատավոր Դավիթ Գրիգորյանի լիազորությունների կասեցման շուրջ սեղծված վիճակին։
-Պարոն Գրիգորյանը մասնագիտական եւ մարդկային լավագույն որակներով օժտված, հարգանքի արժանի դատավորներից է: Հարուցված քրեական գործի մասով նրան օգնելու զգայական մակարդակում աղաղակելը, թերեւս, լավագույն միջոցը չէ։ Իրավական գնահատական տալուց զերծ կմնամ, սակայն այն ընկալումները, որ տիրում են այսօր, չի կարող չմտահոգել ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու։ Կարծում եմ` պետական մարմինների կողմից առհասարակ չպետք է կատարվեն այնպիսի գործողություններ, որ անկողմնակալ դիտորդի մոտ ստեղծեն այլ նպատակներին միտված ընկալումներ։
-Անկախ այս գործի ավարտից` այս աղմուկը չի՞ վնասում դատավորի հեղինակությանը։
-Իհարկե վնասում է: Կարեւորելով մարդու խոսքի ազատության եւ կարծիք հայտնելու անօտարելի իրավունքի գերակայությունը, պետք է արձանագրել, որ, ցավոք, դատավոր Դավիթ Գրիգորյանի հետ տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ կարծիք, այն էլ` գնահատողական, ուսուցողական, պարտադրող եւ նվազագույնը ոչ պրոֆեսիոնալ հայտնելու գայթակղությանը հանրության լայն շրջանակները չեն դիմանում։ Եվ սա, կարծեք թե, վերաբերում է բոլոր ոլորտներին։ Ընդհանրական, վարկաբեկող գնահատականներ ու կարծիքներ են հնչում, ինչն անթույլատրելի է։
Էստեղ չափազանց կարեւոր է դիտարկել շահագրգիռ սուբյեկտների գործողությունների եւ գնահատականների հանրային ընկալումը։ Մենք չենք կարող հաշվի չառնել հասարակության զգայական մակարդակի վրա տիրող տրամադրությունները։ Դա հաշվի առնելով է, որ պետք է խուսափել որակումներ, պիտակներ, դատապարտող հայտարարություններ անելուց, այս դիտարկումը առավելապես կամ բացառապես վերաբերվում է պետական պաշտոնյաներիս։
Մենք, ստացվում է, անհատին հերոսացնում կամ ոչնչացնում ենք միայն մեկ դիպվածով կամ կատարածով։
-Այդ դեպքում ինչո՞ւ դատավորները չեն համախմբվում, սատարում իրենց գործընկերոջը։
-Նախ` ուզում եմ ընդգծել, որ ինչպես ես, այնպես էլ բազմաթիվ գործընկերներ սատարում են Դավիթ Գրիգորյանին։ Սակայն եթե սատարել ասելով` նկատի ունեք հրապարակային հայտարարություններով, սոցցանցերում գրառումներով, կոչերով հանդես գալը, ապա, չդատապարտելով այլոց քայլերը, կարծում եմ, եթե դա ընդունելի է քաղաքական, հասարակական, հանրային գործունեություն ծավալող մասնագետների դեպքում, ապա դատավորների դեպքում՝ ոչ։
Դատավորն է, որ իրավասու է իրականացնելու արդարադատություն, ընդ որում` դրա իրականացումը պետք է հիմնված լինի բացառապես փաստերի վրա։ Դատավորի հնչեցրած գնահատականներում զգացմունքայնությունը տեղ ունենալ չի կարող, եւ դա նաեւ վերաբերում է այնպիսի զգայուն հարցի, ինչպիսին է դատավորի նկատմամբ սկսված քրեական հետապնդումը։
Իրավական սահմանափակումները, ընդ որում` տեղին եւ արդարացված, դատավորների համար ստեղծել են այնպիսի արգելքներ, որոնց առկայությամբ դատավորը չի կարող եւ չպետք է հրապարակային արդարանա, պաշտպանվի կամ հակադարձի։ Այդ բացի լրացումը վերապահված է ԲԴԽ-ին, Դատավորների ընդհանուր ժողովին եւ, որպես վերջինիս գործադիր մարմին, Դատավորների միությանը։ Ըստ էության, յուրաքանչյուր դեպքով հասարակության հայացքը, կամա թե ակամա, ուղղվում է այդ կառույցներին, եւ հաճախ սպասումները չեն արդարանում։ Դրա հետ մեկտեղ ողջունելի է ԲԴԽ-ի դատապարտող գնահատականը նախաքննական մարմնի գործողությանը։ Պետք է ելնել այն կանխավարկածից, որ սահմանադրական յուրաքանչյուր մարմին իր պարտականությունը կատարելու է` օրենքի տառից չշեղվելով։ Այդ դեպքում կունենանք ամուր եւ հանրային վստահություն վայելող դատական իշխանություն։

Զրուցեց ԼԻԼԻԹ ԱՎԵՏԻՍՅԱՆԸ

 

 

 

 

ՏՈՒՐԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐ ԵՆ ՍԿՍՎԵԼ

Հայաստանում գործող տուրիստական կազմակերպությունները հայտնվել են ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի տեսադաշտում: «Ժողովուրդ» օրաթերթին ՏՄՄՊՊՀ-ից հայտնեցին, որ սկսել են ուսումնասիրություններ իրականացնել տուրընկերություններում: Ապա փոխանցեցին, որ արդյունքների մասին առաջիկայում կհրապարակեն: Թե ինչ թերացումներ ու խախտումներ կհայտնաբերի հանձնաժողովը, ցույց կտա ժամանակը:

Բայց «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ հանձնաժողովը սկսել է տուրընկերություններում ուսումնասիրություններ անցկացնել Հուրգադայում մնացած ՀՀ քաղաքացիների մասին դեպքերից հետո: Ի դեպ, քաղաքացիներին նման իրավիճակում գցած «Էյ ընդ Ար տուր» ընկերությունում այս ընթացքում եւս ստուգումներ են իրականացվում:
Ինչպես հայտնի է, Հուրգադայում մնացած ՀՀ քաղաքացիներին Հայաստան վերադարձնելու համար կառավարությունը հատկացրել է ընդհանուր 47.1 մլն դրամ, քանի որ հուլիսի 25-ին Հուրգադա-Երեւան չվերթի չեղարկման պատճառով Հուրգադայում գտնվում էր 119 ՀՀ քաղաքացի: Իսկ վերթը չեղարկվել էր «Էյ ընդ Ար տուր» հայկական տուր օպերատորի կողմից հունական «Orange to Fly» ավիաընկերության նկատմամբ ունեցած ֆինանսական պարտականությունները չկատարելու պատճառով: Բացի այս, չեղարկվել էր նաեւ հուլիսի 29-ին նախատեսված նույն ընկերության Հուրգադա-Երեւան չվերթը: Եւ ՀՀ դեսպանությունը պայմանավորվածություն էր ձեռք բերել հունական «Spot Air» ընկերության հետ Հուրգադա-Երեւան երկու չվերթ կազմակերպելու համար: Բայց հուլիսի 26-ի թռիչքի իրականացման համար ԵԱՀ ՀՀ դեսպանությունից ավիաընկերությանը պահանջել էր մինչեւ թռիչքի իրականացումը կանխիկ վճարել 47 մլն 198 հազար դրամ: Մյուս կողմից` նկատենք, որ այս պահի դրությամբ հայտնի չէ` ընկերությունը պետական բյուջե հետ կվերադարձնի նշված գումարը, թե ոչ:
«Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակի ղեկավար Վարագ Սիսեռյանից հետաքրքրվեց` ինչ քայլեր է ձեռնարկվում 47.1 մլն դրամը պետական բյուջե փոխհատուցելու ուղղությամբ: Հարցին ի պատասխան` Սիսեռյանն արձագանքեց. «Այդ հարցով մեր գրասենյակը չի զբաղվում: Դրա համար կան իրավապահ մարմիններ»: Մեր հեռախոսազանգերին «Էյ ընդ Ար Տուր» ընկերությունից եւս չպատասխանեցին, հեռախոսահամարներն անջատված են:
Ի դեպ, նշենք, որ ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր (6-րդ) վարչությունում նյութեր են նախապատրաստվում դեպի Հուրգադա տուրեր կազմակերպող «Էյ ընդ Ար Տուր» հայկական տուրօպերատորի գործունեության վերաբերյալ:
Հուսանք` այս խայտառակ պատմությունից հետո անբարեխիղճ տուրընկերությունը կստանա իր արժանի պատիժը:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

 

 

 

 

ՊԱՐՏՔԵՐԻ ԿԵՍԸ ՎՃԱՐԵԼ ԵՆ
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացրել էր, որ «Տավուշ» ջուրօգտագործողների ընկերության (ՋՕԸ) Նոյեմբերյանի տեղամասի աշխատողները հուլիսի 22-ին գործադուլ էին արել, այդ օրը ոռոգման ջուր մղող պոմպակայանները չեն աշխատել: Նրանք գործադուլի էին դիմել, որովհետեւ չէին ստացել 2019թ. ապրիլ, մայիս եւ հունիս ամիսների աշխատավարձերը: Աշխատավարձերի վճարման ուշացման առումով նույն վիճակն էր այդ ընկերության Բերդի եւ Իջեւանի տեղամասերում: «Տավուշ» ՋՕԸ Նոյեմբերյանի տեղամասի պետ Գագիկ Վերանյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հայտնեց, որ դրանից հետո «Տավուշ» ՋՕԸ աշխատողները ստացել են ապրիլ եւ մայիս ամիսների աշխատավարձը, իսկ հունիս եւ հուլիս ամիսներինը կվճարվի հաջորդ փուլում` օգոստոսի 15-ին: Նրա խոսքերով` ՀՀ կառավարությունը հուլիսի սկզբին 4 միլիարդ դրամ է փոխանցել Հայաստանի ՋՕԸ-երին: Գ. Վերանյանի վկայությամբ` իրենք բնականոն աշխատում են, պոմպակայանները ոռոգման ջուր են մատակարարում, սակայն այս տարի երաշտ է, այգիները, ցանքատարությունները հաճախակի ոռոգման կարիք ունեն: Օրինակ, եգիպտացորենի դաշտը 7-8 անգամ ոռոգելուց հետո ցանքի տերը դիմում է նորից ոռոգելու խնդրանքով: Գ. Վերանյանը հայտնեց, որ մատակարարված ջրի վարձավճարները դանդաղ են գանձվում: Դրանց գանձումները սկսվում են հուլիս-օգոստոսից, երբ գյուղացին սկսում է իրացնել աճեցրած բերքը: Ոռոգման ջրի ժամկետանց պարտքերը գանձելու համար որոշ դեպքերում «Տավուշ» ՋՕԸ-ն դիմել է դատարան, այդ քաղաքացիական հայցերն այժմ քննվում են Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանում:

 

 

 

6 ԱՆԱՍՈՒՆ Է ՀԱՓՇՏԱԿԵԼ
«Ժողովուրդ» օրաթերթին է դիմել Բագրատաշեն գյուղի բնակիչ Սուրիկ Սարգսյանը, որը հայտնել է, որ հուլիսի 4-ին Բագրատաշենում մի տղամարդ խարդախությամբ հափշտակել է իր 6 խոշոր եղջերավոր անասունները: Ծագումով Վրաստանի Շուլավերից, Վանաձորում բնակվող, տարբեր անուններով հանդես եկած, բագարատաշենցիների մասին տեղեկություններ հավաքած, իր հանդեպ վստահություն ներշնչած տղամարդը անասնատիրոջն ասել է, որ անասունների գումարը կվճարի Վանաձորում, ապա այլ պատրվակով անասունները տեղափոխել է Մասիսի գյուղերից մեկը: Բագրատաշենցին ուղեկցել է իր անասուներին: Ի վերջո, խարդախ տղամարդը Ս. Սարգսյանին ասել է, որ գումարը կվճարի բանկային քարտի միջոցով, բանկային քարտն էլ Վանաձորի բազմաբնակարան շենքերից մեկի պատշգամբից ցած է նետելու իր մայրը: Այդ ասելով` նա անհետացել է Վանաձոր քաղաքում: Ս. Սարգսյանը Վանաձորում դիմել է ոստիկանություն, հարուցվել է քրգործ: Այս պատմության մեջ ուրախալին այն է, որ հաջողվել է Մասիսից ետ վերադարձնել խաբեությամբ հափշտակված անասուններից մեկը: Խարդախություն կատարած անձի ինքնությունը հայտնի է: Իրավապահները հիմնավոր կասկածներ ունեն, որ այդ անձը այլ խարդախություններ էլ է կատարել. այս գործը կմիավորվի այլ քրեական գործերի հետ:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ




Լրահոս