ՀԵՐԹԱԿԱՆ ՄՂՁԱՎԱՆՋԻ ՍՊԱՍՈՒՄՈՎ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արդեն օգոստոսի 17-ին կմեկնարկի Իսպանիայի ֆուտբոլի հերթական առաջնությունը: Ինչպես միշտ, Պրիմերայի հաղթողի գլխավոր հավակնորդները երեքն են` «Բարսելոնա»-ն, «Ռեալ Մադրիդ»-ը եւ «Ատլետիկո Մադրիդ»-ը:

«Ժողովուրդ» օրաթերթը անդրադարձել է արդեն Մադրիդի «Ռեալի» անցած տարվա մղձավանջային մրցաշրջանին եւ ներկայացրել թիմի հավանական տրանսֆերներն ու խաղը վերգտնելու տարբերակները: Հիմա արդեն կայացել են այդ տրանսֆերները, Մադրիդ է ժամանել նաեւ Էդեն Ազարը, կան բազում երիտասարդ տաղանդներ, եւ այդ բոլորի գլխին կանգնած է Մադրիդի «կնքահայրը»` Զինեդին Զիդանը, ում Իսպանիայի «սերուցքային» հատվածում աստվածացնում էին տարիներ առաջ: Սակայն ինչպես ցույց է տալիս միջմրցաշրջանային հատվածը, եկող մրցաշրջանը նոր «սարսափ ֆիլմ» է խոստանում մադրիդյան թիմին եւ նրանց երկրպագուներին:
International Champions Cup եւ Audi Cup կոչվող ընկերական մրցաշարերում իսպանական թիմի ցուցադրած խաղը մտածելու տեղիք է տալիս Զինեդին Զիդանին:
Թիմը կատարեց մի շարք տրանսֆերներ եւ դրանցից գլխավորը «Չելսիի» առաջատար Էդեն Ազարի տեղափոխությունն էր, ում համար «Ռեալը» լոնդոնցիներին վճարեց 100մլն եվրո: Մինչ բոլորը հիանում էին եւ մտածում ֆանտաստիկ մրցաշրջանի մասին, Ազարը հասցրեց «Ռեալի» կազմում անցկացնել 5, մեղմ ասած, տգեղ հանդիպում: Այդ խաղերի ընթացքում Էդենը չհեղինակեց ոչ մի գոլ եւ չկատարեց ոչ մի գոլային փոխանցում: Սա էլ դեռ բավական չէ, բելգիացի ֆուտբոլիստը նոր թիմին միանալուց հետո գիրացել է 7կգ-ով, ինչն էլ մեծապես խանգարում է նրան լավ ֆուտբոլ ցուցադրել: Մեկնարկող մրցաշրջանից առաջ մադրիդյան «հսկայի» խնդիրները այսքանով չեն սահմանափակվում: Արդեն հասցրել է վնասվածք ստանալ թիմի նորեկներից Լուկա Յովիչը, իսկ թիմի ուելսցի հարձակվող Գարեթ Բեյլը շարունակում է «մուկն ու կատու» խաղալ թիմի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանի հետ: Զիդանը ցանկանում է ազատվել ուելսցուց, իսկ նա ցանկանում է մնալ Մադրիդում, սակայն ֆուտբոլի փոխարեն զբաղվել գոլֆով (Բեյլը հրաժարվել էր խաղադաշտ դուրս գալ «Տոտենհեմի» դեմ խաղին եւ դրա փոխարեն գնացել էր գոլֆ խաղալու) եւ բառիս բուն իմաստով քայքայել «սերուցքայինների» իշխանական էլիտայի համբերությունն ու նյարդերը:
Այս պատմությունը կարող է հոլիվուդյան նոր ֆիլմի սցենար դառնալ:
Մադրիդում խնդիրները չափից շատ են, իսկ դրանց լուծումը կրկին մնում է մեկը` գտնել մոտիվացիա: Ինչքան էլ այս փաստը ցավոտ է իսպանական ակումբի երկրպագուների համար, բայց, այնուամենայնիվ, անհերքելի է` Մադրիդի «Ռեալում» մոտիվացված ֆուտբոլիստ չկա:
Եթե տարիներ առաջ Զիդանը թիմին մոտիվացնում էր Չեմպիոնների Լիգայով, ապա դրան 3 անգամ տիրանալուց հետո այս թիմի ֆուտբոլիստները ուղղակի կորցրել են մոտիվացիան, իսկ միայն Ազարով, Յովիչով եւ նույնիսկ Պոգբայով (եթե կայանա այս տրանսֆերը) նման մրցաշարերում հաղթել հնարավոր չէ: Զիզուն ուներ Ռոնալդու, որը մոտիվացված էր միշտ եւ այդ ամենը նա փոխանցում էր նաեւ իր խաղընկերներին, այսօրվա «Ռեալում» նման ֆուտբոլիստ չկա, ինչն էլ նշմարում է «Մադրիդյան նոր մղձավանջային» մրցաշրջանի հետքերը:
Չնայած թիմում տիրող սարսափելի վիճակին, այնտեղ բոլորը վստահ են, որ մրցաշրջանը լավ է դասավորվելու թիմի համար, եւ Զիդանը նույնպես վստահություն է հայտնել, որ «Ռեալը» կկարողանա հաղթել տիտղոսներ 2019/20 մրցաշրջանում:
Զիդանը փորձում է գտնել թիմի խաղի թելը, Զիդանը կփորձի նոր թիմ կառուցել եւ նա ամեն ինչ կանի արդյունքի հասնելու համար, եւ դա` միայն չարախոսներին լռեցնելու եւ բոլորին ապացուցելու, որ «գետը, ամեն դեպքում, երկրորդ անգամ նույնպես գերան կբերի»:

ԷԴՄՈՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

 

 

 

 

ՎԱՐՈՐԴԸ ՄԱՀԱՑԵԼ Է
Oգոստոսի 1-ին խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Արմավիրի մարզի Ալաշկերտ գյուղի բնակիչ 64-ամյա Խոսրով Առաքելյանը իր վարած Opel մակնիշի ավտոմեքենայով Երեւան-Վանաձոր ավտոճանապարհի Սպիտակի ոլորաններում դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց եւ բախվել պարսպին: Վթարի հետեւանքով վարորդը տեղում մահացել է: Ավտոմեքենան բարձած է եղել գյուղմթերքներով, իսկ ավտոմեքենայի մեջ էլ հայտնաբերվել է դեղորայք, որոնք հիմնականում օգտագործվում են սրտի հետ կապված խնդիրներ ունենալու ժամանակ: Եվ կան կասկածներ, որ հնարավոր է, վարորդը ավտոմեքենան վարելիս սրտի կաթված է ստացել:

 

 

ՏԱՐԿԵՏՈՒՄՆԵՐ ԿՏՐՎԵՆ
Կառավարության որոշմամբ` շարքային կազմի պարտադիր զինծառայության 2019 թվականի ամառային զորակոչից տարկետում կտրվի ասպիրանտուրայում սովորողներ 22-ամյա Դավիթ Զավենի Մարկոսյանին եւ 24-ամյա Արման Աշոտի Աթանեսյանին: Այդ մասին որոշումն ընդունվել է գործադիրի օգոստոսի 1-ի նիստում: Ըստ հիմնավորման` որոշումը պայմանավորված է երկու ասպիրանտների` կրթության եւ գիտության բնագավառում նշանակալի նվաճում ունենալով: Դավիթ Մարկոսյանն ընդունվել է Հայաստանի ազգային ագրարային համալսարան եւ տարկետումը տրվում է մինչեւ ուսումնառության ավարտը` 2021թ. ամառային զորակոչը: Արման Աթանեսյանն ընդունվել է ՀՀ գիտությունների ազգային ակադեմիա եւ տարկետումը կտեւի ոչ ավելի, քան նրա 26 տարին լրանալու օրը:




Լրահոս