«Ժողովուրդ» օրաթերթի զրուցակիցը երգչուհի Հասմիկ Կարապետյանն է: Այս անգամ մենք անդրադարձել ենք զուտ ընտանեկան հարցերի, երգչուհուն դիտարկել ենք որպես կին եւ մայր:
-Հասմի՛կ, ասում են՝ եթե կինն իրեն երեխայի պես է պահում, ուրեմն երջանիկ է: Ձեզ, ի դեպ, հաճախ են երեխայի նմանեցնում, այդպե՞ս է:
-Կարծում եմ՝ մեկը մյուսի հետ կապ չունի: Այո, ինձ ասում են, որ ես մի տեսակ եմ, որը երբեք չի մեծանում,միեւնույնն է, իմ միջի մանուկն ապրում է: Անգամ ձայնիս մեջ կան մանկական ելեւէջներ, որոնք չեն փոխվում: Դա ուղղակի տեսակ է: Իսկ, առհասարակ, հնարավոր չէ լինել բացարձակ երջանիկ կամ բացարձակ դժբախտ:
-Կցանկանայի՞ք լինել երգչուհի, բայց այլ երկրում, թեկուզ փորձի համար, մեկ շաբաթով, օրինակ:
-Իհարկե, շատ կուզեի: Առհասարակ, իմ ոճը կարծես Հայաստանի համար չլինի: Մեր երկրում այլ երաժշտություն է գերիշխում, ամբոխն այլ բան է պահանջում: Դա ինձ համար ցածրորակ երաժշտություն է: Բայց եթե ես ծնվեի, օրինակ, Մեծ Բրիտանիայում կամ Միացյալ Նահանգներում եւ այնտեղից սկսեի իմ ճանապարհը, կարծում եմ՝ ավելի մեծ բարձունքների կհասնեի հենց իմ հեղինակային երգերով: Ինձ շատերն են ասել, որ երաժշտությունս տարբերվում է: Միջազգային մի պրոդյուսեր, որը եկել էր Գերմանիայից, լսելով իմ երգերը, ցանկացել էր ինձ հետ ծանոթանալ:Երբ հանդիպեցինք, ինձ ասաց, որ զարմացած է, որ եթե չիմանար՝ հայուհի եմ, կմտածեր, որ այլ ազգի ներկայացուցիչ եմ: Բայց ոչինչ պատահական չի լինում: Եթե Հայաստանում եմ ծնվել, այստեղ եմ ստեղծագործում, ուրեմն այդպես էլ պետք էր:
-Ձեզ կարելի՞ է համարել անող-դնող, եփող-թափող, կարող-ձեւող կին:
-Երբեք, ես նույնիսկ մոտ չեմ կանգնած այդ ամենին,չնայած հիանում եմ այն կանանցով, որոնք այդպիսին են: Իհարկե, երբ դեռ երեխա չունեի, բավական համեղ ճաշատեսակներ էի պատրաստում, էքսպերիմենտներ էի անում խոհանոցում, բայց հիմա, ցավոք, ժամանակ եւ հավես չունեմ: Նախընտրում եմ պատրաստի ուտել: Իհարկե, ունեմ օգնականներ՝ մայրս, քույրս եւ հայրս: Որքանով կարողանում են, աջակցում են: Ծնողներս երիտասարդ չեն, բայց իրենց ուժերի չափով անում են ամեն հնարավորը: Նրանք շատ մեծ հենարան են ինձ համար: Դուստրս չափից դուրս ակտիվ է, շատ էներգիա ունի, հազիվ հասցնում եմ իրենով զբաղվել, այնպես որ խոհանոցի մասին մտածելու ժամանակ չկա:
-Իսկ Դուք ա՞յն մայրերից եք, որոնք կարող են երեխայի հետ նստել, օրինակ, նկարչությամբ զբաղվել, ինչ-որ գեղեցիկ խաղալիք պատրաստել…
-Այո, մեծ սիրով: Ես ավելի ուժեղ եմ այդ առումով, կազմակերպչական աշխատանքներն են ինձ մոտ լավ ստացվում, քանի որ պունկտուալ եմ: Երեխային տանել զարգացման կենտրոն, բերել, նոր զգեստներ գնել…Այդ ամենը սիրով եմ անում: Երգում եմ բալիկիս համար, ծանոթացնում եմ նոր երեւույթների հետ…
-Ճի՞շտ է, որ երբ երջանիկ ես, լավ երգեր չես կարողանում գրել: Դրանք ծնվում են տխրության, վշտի՞ պահին:
-Այո, կա նման բան: Ինձ մոտ ամենալավ, ազդեցիկ, մեղեդային երգերը ծնվել են այն ժամանակ, երբ ես եղել եմ դժբախտ, հիասթափված եւ միայնակ: Չգիտեմ՝ ինչու է այդպես, բայց իմ կյանքի փորձն ինձ դա է ապացուցել: Ստեղծագործ կնոջն անընդհատ ամեն բան քիչ է: Մեզ նոր խթաններ են պետք, ոգեւորող նոր բաներ, որոնք, ցավոք, տղամարդիկ չեն կարող միշտ տալ: Տղամարդիկ շատ ակտիվ են այդ առումով համատեղ կյանքի սկզբնական փուլում միայն, երբ ձգտում են դուր գալ: Բայց կենցաղը հրեշ է, որը սպանում է գրեթե ամեն ինչ: Ես չեմ սիրում կենցաղը: Հատկապես ստեղծագործող մարդու համար եռակի դժվար է լինել կենցաղում: Տղամարդկանց էլ չես մեղադրի. նրանք էլ մտածում են աշխատելու, ընտանիքը պահելու մասին: Բայց այդ ամենի արդյունքում կանայք մի տեսակ ոչ եռանդուն են դառնում:
-Ավելի լավ է լինել միայնա՞կ, թե՞ ինչ-որ մեկի կողքին, բայց միայնակ:
-Միանշանակ, ավելի լավ է լինել միայնակ:Այդ դեպքում գոնե կկարողանաս քո ծրագրերն ու նպատակներն իրականացնել:
-Եվ վերջին հարցը՝ եթե կա այնպիսի հրեշ, ինչպիսին կենցաղն է, երկրորդ բալիկի մասին կարո՞ղ է խոսք լինել:
-Եթե ինձ հարցնեք, ինձ լիովին, ես կասեի՝ ցմահ բավարար է մեկ բալիկը (ծիծաղում է), տեսակով այն կանանցից չեմ, որոնք սիրում են շատ երեխաներ, եռուզեռ, լաց-կոծ: Անհամբեր սպասում եմ, թե երբ է Տաթեւը մեծանալու, որպեսզի շարունակեմ կարիերաս: Բայց եթե երկրորդ բալիկ ունենամ, դա կլինի հանուն դստերս, որպեսզի նա մենակ չմնա, քույր կամ եղբայր ունենա:
Աննա Բաբաջանյան