ԱԺ ՆԱԽԿԻՆ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԸ` ԿԱՄՐՋԻ ՊԱՅԹՅՈՒՆԻ ՄԱՍԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օգոստոսի 2-ին Երեւան-Սեւան մայրուղու կամրջի պայթյունի գործով երեք անձ կալանավորվեց: «Ժողովուրդ» օրաթերթին տեղի ունեցած պայթյունից որոշ մանրամասներ են հայտնի դարձել: Մասնավորապես, գործով կալանավորված անձինք չեն հայտնում, թե ինչու են ցանկացել հենց կամուրջը պայթեցնելու միջոցով սպանել ԱԺ նախկին պատգամավոր Մելիք Մանուկյանին:

Պայթյունն ու երեք կալանավորը
Ինչպես հայտնի է, օգոստոսի 2-ին արտառոց դեպք էր տեղի ունեցել Երեւան-Սեւան մայրուղու 15-րդ կմ հատվածում գտնվող կամրջի տակ: Մասնավորապես, նախապես տեղադրվել էր ռազմամթերք հանդիսացող պայթուցիկ նյութ, որը 2019թ. օգոստոսի 02-ին` ժամը 12:30-ի սահմաններում, պայթեցվել էր Մելիք Մանուկյանի «Ռենջ Ռովեր» մակնիշի ու նրան ուղեկցող «Նիսսան» և «Պատրուլ» տեսակի ավտոմեքենաների ընթացքի ժամանակ: Ավելի ուշ դեպքը կատարելու համար ձերբակալվել էին Շիրակի մարզի բնակիչ 56-ամյա Արթուր Մխիթարյանը, որը փաստացի բնակվում է Երեւան քաղաքի Նորք-Մարաշ վարչական շրջանում, Շիրակի մարզի բնակիչ 45-ամյա Ջեմսիկ Մարտիրոսյանը եւ Շիրակի մարզի բնակիչ 53-ամյա Պետրոս Էլբակյանը, որը փաստացի բնակվում է Երեւան քաղաքի Նորք-Մարաշ վարչական շրջանում։ Վերջիններս կասկածվում էին Երեւան-Սեւան ավտոճանապարհի 15 կմ հատվածում գործարար Մելիք Մանուկյանին պատկանող ապակյա տարաների գործարանի հարեւանությամբ գտնվող կամրջի տակ նախապես տեղադրված ռազմամթերք հանդիսացող պայթուցիկով պայթյուն իրականացնելու համար, ինչի հետեւանքով պետք է պայթեր գործարարի Range Rover-ն ու նրան ուղեկցող թիկնապահների Nissan Patrol-ը։ Վերոնշյալ երեք անձանց մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ եւ 7-րդ կետերով (սպանության փորձ) եւ 235-րդ հոդվածի 2-րդ մասով (ապօրինի զենք): Քննիչը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ նրանց նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորում ընտրելու վերաբերյալ, ինչը բավարարվել է:

Վարկածներ
Կատարվածից հետո մի շարք վարկածներ առաջ քաշվեցին: Առաջին վարկածներից մեկն այն էր, որ ԱԺ նախկին պատգամավորի հետ կատարվածը միգուցե կապ ունի այս տարի Աբովյան քաղաքում տեղի ունեցած միջադեպի հետ: Բանն այն է, որ 2019 թվականի հունվարի 28-ի լույս 29-ի գիշերը Աբովյան քաղաքում գտնվող «Պարտեզ» ռեստորանային համալիրի տարածքում կրակոցներ էին հնչել, որի հետեւանքով մահացել էր մեկ անձ՝ Արտաշես Գեւորգյանը: Արդյունքում միջադեպի գործով ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր «Շշի Մելո» մականունով հայտնի Մելիք Մանուկյանի որդուն՝ 24-ամյա Շանթ Մանուկյանին, մեղադրանք է առաջադրվել: Վարկածներից երկրորդը այն էր, որ կատարվածը միգուցե կապ ունի 2017 թվականին մամուլում տարածված տեղեկությունների հետ, որ միջադեպ է տեղի ունեցել ԱԺ պատգամավոր Մելիք Մանուկյանի՝ Շշի Մելոյի եւ քրեական հեղինակությունների միջեւ։ Մասնավորապես, մամուլը գրել էր, մի խումբ անձինք այցելել են Մանուկյանի աշխատասենյակ եւ առաջարկել, որ պատգամավորն իրենց ասած մարդուց ընդունի գործարանին անհրաժեշտ հումքը։ Սակայն Մանուկյանը մերժել է նրանց առաջարկը, որը հետո վերածվել է փոխադարձ վիրավորանքների, իսկ հետո հանցագործ աշխարհի ներկայացուցիչներից մեկը, որը, ըստ հրապարակման, «օրենքով գող» է եղել, պատգամավորի սեղանին դրած շշով հարվածել է Մանուկյանի գլխին, Մանուկյանի աշխատակիցներն էլ նրանց են հարվածել։ Որքանով են այս վարկածները իրական, ցույց կտա տարվող քննությունը: Կալանավորվածները լռում են: Երեկ, ինչպես հայտնի դարձավ, նախաքննական մարմինը ԱԺ նախկին պատգամավորի գործով մեղադրանք առաջադրեց եւ կալանավորեց 3 անձի: Սակայն «Ժողովուրդ» օրաթերթին կալանավորված անձանց գործողություններից որոշ մանրամասներ են հայտնի դարձել: Մասնավորապես, կամրջի պայթյունի գործով կալանավորվածները լռում են եւ իրավապահներին չեն հայտնում, թե ինչու են նման քայլի գնացել, կամ ով է նրանց ասել, որ նման քայլի գնան` կամրջի տակ պայթուցիկ դնեն եւ պայթեցնելու միջոցով սպանեն ԱԺ նախկին պատգամավոր Մելիք Մանուկյանին: Ասել է թե` կալանավորվածները ո՛չ իրենց մեղքն են ընդունում, ո՛չ էլ իրավապահներին հայտնում են, թե ինչու է նման բան արել: Մեզ հասած տեղեկությունների համաձայն` իրավապահները արդեն քանի օր է` կալանավորվածների հետ բացատրական աշխատանքներ են տանում, որ վերջիններս ցուցմունք տան եւ հայտնեն` ինչպես կամ ում հրահանգով են նման քայլի գնացել եւ ինչի համար են գնացել:

«Սա Տեռոր է»
Ու մինչ իրավապահները կալանավորվածների հետ բացատրական աշխատանքներ են տանում, «Ժողովուրդ» օրաթերթը զրուցեց ԱԺ նախկին պատգամավոր Մելիք Մանուկյանի հետ` հասկանալու համար, թե ինչ խնդիր է ունեցել նա կալանավորվածների հետ, որ ցանկացել են հենց կամուրջը պայթեցնելու միջոցով իրեն սպանել:
-Ես էլ Ձեզ եմ հարց տալիս` ինչի՞: Ես էլ չգիտեմ՝ ինչի: Կցանկանայի, որ Դուք հարց տայիք՝ ո՞նց եք գնահատում պայթյունը, տեռո՞ր էր, թե՞ տեռոր չէր, ի՞նչ եք կպել զիզի-բիզի բաներից. եթե տեռոր է, պետք է գնահատեն տեռոր: Այդ մայրուղիով Դուք անցե՞լ եք, գիտե՞ք՝ ինչքան մեքենա է անցնում այդ մայրուղիով, բա եթե Դուք անցնեիք այդ մայրուղիով… նման բաների մասին գրե՛ք …. հերիք է ինձ կապեք քրեական թեմաների հետ: Դա միջպետական գլխավոր ճանապարհ է եւ ամենակարեւոր ճանապարհն է: Եթե Դուք ինձ ցույց տաք այդպիսի ճանապարհ, մոստ տրաքացնելով մահափորձ անեն, հա մեքենաներ տրաքացրել են, բայց մոստ ….. միջպետական ճանապարհին…. ես հլը մի կողմ դրած, սա տեռոր է, առնվազն 100-200 ավտո այդտեղ են եղել, բա որ մեկին մի բան լինե՞ր: Որեւէ մեկին բան չեղավ ու լավ է, որ չեղավ: Միջպետական ճանապարհը տրաքացնում եք, այս ինչն եք անում, նման դեպքը լրիվ տեռոր է. միջպետական ճանապարհ, որի վրայով հանգստյան օրը հազարավոր մարդիկ գնում են հանգստանալու: Այդ ո՞վ է այդ գարանտիա տվել, որ այդ մարդկանց բան չի լինի: Հենց սա է տեռորը. եթե այդ ճանապարհով մենակ ես անցնեի, իմ սեփական մոստն ունենայի անցնեի, տրաքացնեին, կհասկանայի, բայց սա գլխավոր ճանաապարհ է, որի վրայով հազարավոր մարդիկ են ավտոբուսներով, մեքենաներով գնում են քեֆի, հանգստանալու»:
-Ինչո՞ւ են վերոնշյալ մարդիկ այդ կերպ փորձել հենց Ձեզանից վրեժխնդիր լինել:
-Չգիտեմ, իրենցից պետք է հարցնեք՝ ինչի, եւ իրենց ով ասեց՝ գնացեք, արեք. ես այդ հարցերի պատասխանը չունեմ, ես այդ հարցի դեպքում միայն այս պատասխանը ունեմ, որ այդ մարդիկ պետք է ասեն` ե՛ւ պետության, ե՛ւ իմ դեմ ինչի համար են նման բան արել կամ իրենց ով է կազմակերպել, որ գան, նման բան անեն: Վերջ, էլ որեւէ բան չեմ կարող ասել:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

 

ՇՇՈՎ ՀԱՐՎԱԾԵԼ ԵՆ, ՄԱՀԱՑԵԼ Է
Արտառոց դեպք Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքում. 38-ամյա երիտասարդը վիճաբանության ընթացքում ապակյա տարայով հարված է ստացել եւ մահացել:
Օգոստոսի 5-ին Վարդենիս քաղաքում վիճաբանություն է եղել. 38-ամյա Սերգեյ Բադեյանը վիճաբանել է 44-ամյա Կարենի հետ: Վարդենիս քաղաքում տարածված լուրերի համաձայն` Սերգեյ Բադեյանը օգոստոսի 5-ին Վարդենիս քաղաքի բնակիչ Կարենի հետ է վիճաբանել: Մասնավորապես, քաղաքում տարածված լուրերի համաձայն` Կարենը կրպակ ունի, որը չի գործում: Վերջինիս հարեւաններն ասել են, որ Սերգեյ Բադեյանը նրա կրպակի մոտ ինչ-որ իրեր է բերել գցել: Կարենը գնացել է կրպակի մոտ եւ Սերգեյի հետ վիճել է, թե ինչու է նման բան անում: Վիճաբանությունը թեժացել է, եւ Կարենը շշի ապակյա տարայով հարվածել է Սերգեյ Բադեյանին, որի հետեւանքով ստացած մարմնական վնասվածքից վերջինս մահացել է:
Վարդենիս քաղաքում տարածված տեղեկությունների իսկությունը պարզելու համար դիմեցինք ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչություն, որտեղից ի պատասխան` հայտնեցին, որ օգոստոսի 5-ին ահազանգ է եղել ուստիկանություն, որ 1981 թվականի ծնված անձ է մահացել: Ոստիկանության եւ Քննչական կոմիտեի համատեղ աշխատանքների արդյունքում պարզվել է. որ 1978 թ. ծնված անձի եւ 1981 թ. ծնված անձի միջեւ վիճաբանություն է եղել, որի հետեւանքով 1978 թ. ծնված անձը շշի ապակյա տարայով հարվածել է 1981 թ. ծնված անձի գլխին: Հանգամանքները պարզվում են, հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն: Այսինքն` ոստիկանությունը դեռ վարկած չունի։

 

 

 

«ՌԵՍՏԱՐՏ»-Ի ՏՂԱՆԵՐԻ ՀԵՏՔԵՐՈՎ
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի խորհրդական Նարեկ Մալյանին աղբարկղը նետելու փորձի դեպքի առթիվ հարուցված քրեական գործով նախաքննությունն ավարտվել է, եւ գործն ուղարկվել է դատարան։
«Ռեստարտ» ուսանողական-քաղաքացիական նախաձեռնության անդամ Դավիթ Պետրոսյանին եւ նրա 5 ընկերներին մեղադրանք է առաջադրվել մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ առեւանգման փորձ կատարելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-131-րդ հոդվածի 2֊րդ մասի 1֊ին կետով եւ նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրությամբ երկրից չհեռանալը։ Նարեկ Մալյանը քրեական գործով տուժող է ճանաչվել։ 6 տղաների նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությամբ երկրից չհեռանալը:
Դատական տեղեկատվական համակարգից տեղեկանում ենք, որ գործը մակագրվել է Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանին:

 

 

 

ԳՈՂԸ ՉԿԱ
2019թ. օգոստոսի 06-ին` ժամը 10:00-ին, Կոտայքի մարզի Վերին Պտղնի գյուղի բնակչուհին հաղորդում է տվել այն մասին, որ նույն օրը` ժամը 08:20-ի սահմաններում, անհայտ անձը դիմակավորված տան պատշգամբի դռնից մուտք է գործել տուն` հարվածներ հասցնելով իրեն, պատճառել է մարմնական վնասվածքներ եւ դանակի սպառնալիքով հափշտակել կանխիկ գումար, ոսկյա զարդեր ու դիմել փախուստի: Դեպքի առթիվ Աբովյանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ: Վերին Պտղնի գյուղի բնակչուհին ճանաչվել է տուժող: Նախաքննության ընթացքում կատարվել են մի շարք քննչական գործողություններ` դեպքի վայրի զննություն, առգրավումներ: Քրեական գործով նշանակվել են դատաբժշկական եւ դատակենսաբանական փորձաքննություններ: Ասել է թե` իրավապահները տուժող են ճանաչել կնոջը, սակայն, ամենակարեւորը, դեռ չեն գտել ենթադրյալ գողին:




Լրահոս