ՈՐՍԻ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆԸ ԿԱ, ԲԱՅՑ ԽԵՑԳԵՏԻՆ ՉԿԱ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը շրջանառության մեջ է դրել նոր նախագիծ, որը նախատեսում է իրականացնել սիգ ձկնատեսակի փորձարարական որս:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ մշակվել է «Սեւանա լճում ձկան եւ խեցգետնի պաշարների վերականգնման, պահպանման, վերարտադրման, ինչպես նաեւ դրանց պաշարների որոշման, ձկան եւ խեցգետնի արդյունագործական որսի քանակների, ձեւերի եւ կազմակերպման կարգը սահմանելու մասին» որոշման նախագիծը: Պարզվում է` նախարարությունը որոշել է սահմանել ընթացիկ տարվա օգտագործման ենթակա չափաքանակները։
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը Սեւանա լճում ձկան եւ խեցգետնի արդյունագործական որսի տարեկան առավելագույն չափաքանակներն ու արդյունագործական որսի որակի բնութագրերն է հրապարակել: Ըստ որի` կարասի որսի չափաքանակն անսահամանափակ է, խեցգետնի որսի թույլատրելի քանակությունը սահմանվել է 350 տոննա (>9սմ, իսկ ձվադրման ժամանակահատվածը հունիս-օգոստոսն է): Իսկ, ահա, սիգ ձկնատեսակի որսի թույլատրելի քանակությունը սահմանվել է 150 տոննա` >35սմ, >500գ (ձվադրման ժամանակահատվածը դեկտեմբեր-հունվարն է): «Ժողովուրդ» օրաթերթը պարբերաբար անդրադարձել է Սեւանա լճում խեցգետնի քանակի կտրուկ նվազման թեմային: Հիմա Հայաստանի խանութներում, սուպերմարկետներում խեցգետին չկա, իսկ ներկրված խեցգետինը ուղղակի չի բավարարում պահանջարկը: Խեցգետնի պաշարների զգալի նվազման պատճառներից մեկը նախկին նախարարների կողմից տրված գերորսի թույլտվությունն է, ինչի հետեւանքով Սեւանա լճում խեցգետին չկա, եւ տարիներ են պետք, որպեսզի դրանք վերականգնվեն: Այս առումով սոսկալի պատկեր է բացահայտել ՀՀ հաշվեքննիչ պալատը ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունում իրականացրած ստուգումների արդյունքում: Մասնավորապես, 2017-2018թթ. ընթացքում առանց արտահանման լիցենզիայի Հայաստանից արտահանվել է 350 տոննա խեցգետին, բայց միայն 104 տոննայի համար են կնքվել պայմանագրեր: 2018 թվականի 9 ամիսների ընթացքում Սեւանա լճից տրվել է 3 տոննա խեցգետնի որսի թույլտվություն այն դեպքում, երբ արտահանումը կազմել է 110,6 տոննա: Այսինքն՝ արտահանվել է ավելի շատ խեցգետին, քան թույլատրված էր որսալ:
Բայց որոշ մասնագետներ էլ պնդում են, որ «չինական ծալովի, մանր անցքերով ցանցերի» կիրառման հետեւանքով է, որ Սեւանա լճում խեցգետինը կտրուկ պակասել է: Բանն այն է, որ խեցգետնի որսի համար կիրառվող այդ էժանագին, չհամապատասխանող ցանցով հանվում է նաեւ մանր խեցգետինը:
Եւ այս խնդիրը կարգավորելու նպատակով, ՇՄՆ-ն պահանջում է խեցգետնի որսը իրականացնել կասպիական «թանաքաման»  ու «ծալովի» տիպի  խեցգետնորսիչներով։ Այս խեցգետնորսիչների բնութագրերն են՝ ստորին օղակի տրամագիծը` 40-60 սմ, վերին օղակինը՝ 20-30 սմ։ Օղակները կազմված պետք է լինեն հիմնականում չժանգոտվող մետաղներից, իսկ կապրոնե ցանցի խորշերի մեծությունը 16 մմ եւ ավելի: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ շրջակա միջավայրի նախարարությունն արգելում է չինական հարմոնաձեւ ծալովի խեցգետնորսիչների  կիրառումը Սեւանա լճում։ Իսկ, ահա, սիգ ձկնատեսակի որսը պետք է իրականացվի դնովի ցանցերով Մեծ Սեւանի ամբողջ տարածքով` ափից առնվազն 500 մ հեռավորության վրա։
Նշենք, որ խեցգետնի բազմացման ժամանակահատվածում Սեւանա լճում խեցգետնի որսը ժամանակավորապես դադարեցվում է։ Իշխան եւ սիգ ձկնատեսակների ձվադրման ժամանակահատվածում ձկների բնական վերարտադրությունն ապահովելու նպատակով կենդանական պաշարների օգտագործման մասին պայմանագրերի գործողության ժամկետ կսահմանվի մինչեւ հոկտեմբերի 1-ը:
Ըստ ՇՄՆ-ի` տարեկան օգտագործման ենթակա չափաքանակների սահմանման աղյուսակը կազմվել է ՀՀ 2019 թվականի պետական բյուջեով նախատեսված «Սեւանա լճում եւ նրա ջրահավաք ավազանում ձկան եւ խեցգետնի պաշարների հաշվառում» միջոցառման արդյունքների ամփոփումից հետո։ Շրջակա միջավայրի նախարարությունից «Ժողովուրդ» օրաթերթին փոխանցեցին, որ սիգի, խեցգետնի որսի չափաքանակները սահմանելիս հիմնվել են հիդրոէկոլոգիայի եւ ձկնաբուծության ինստիտուտի կողմից ներկայացրած տվյալների վրա:
Հիշեցնենք` Շրջակա միջավայրի նախարարությունը նախորդ տարիներին իր կարիքների համար Սեւանա լճում եւ նրա ջրհավաք ավազանում ձկան եւ խեցգետնի պաշարների հաշվառման աշխատանքների ձեռքբերման հրավեր է իրականացնում: Եւ մինչ այս տարի (այս տարի դրա համար ՇՄՆ-ն գումար չի հատկացրել) պաշարների հաշվառման աշխատանքները մրցույթի արդյունքում կատարել է ՀՀ ԳԱԱ հիդրոէկոլոգիայի եւ ձկնաբուծության ինստիտուտը: Այդ ծառայությունների համար նախարարությունն ամեն տարի ինստիտուտին է վճարել 7.6 մլն դրամ:
Բայց, մյուս կողմից, «Սեւան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տնօրեն Վահե Գուլանյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում փոխանցեց, որ լճում այդ քանակությամբ խեցգետին այս պահի դրությամբ չկա: «Մենք տեղյակ չենք, մեզ չեն հարցրել: Ավելին, 350 տոննա խեցգետին եթե շատ ցանկանան էլ, չեն կարող որսալ, որովհետեւ անցած տարի 2 տոննայից ավել անգամ չեն կարողացել որսալ: Մենք խեցգետին այդ քանակությամբ լճում չունենք»,- տեղեկացրեց ՊՈԱԿ-ի տնօրեն Վահե Գուլանյանը:
Ստացվում է, որ շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը բավարարվել է միայն հիդրոէկոլոգիայի եւ ձկնաբուծության ինստիտուտի կողմից տրված տվյալներով` առանց խորանալու եւ եւս մեկ անգամ համոզվելու` արդյոք կա այդքան խեցգետին, թե ոչ:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

 

 

 

ԴՐԱՄԱԿԱՆ ՓՈԽՀԱՏՈՒՑՈՒՄ՝ ԿԱՑԱՐԱՆՈՒՄ ԲՆԱԿՎՈՂ ՄԻԱՅՆԱԿ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՌՈՒՆԵՐԻՆ

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը պատրաստվում է փոխհատուցել կացարաններում բնակվող միայնակ կենսաթոշակառուների սպառած կոմունալ վարձերը՝ գազի, էլէներգիայի եւ ջրամատակարարման ծախսերը։

Նշենք, որ նախարարության ենթակայությամբ գտնվող սոցիալական բնակարանային ֆոնդի կացարաններում բնակվում է ավելի քան 200 անձ, որոնցից 59-ը միայնակ կենսաթոշակառու են, այդ թվում` 28 միայնակ կենսաթոշակառու բնակվում է Երեւանում եւ Մարալիկում գտնվող սոցիալական տներում, իսկ 31-ը` հատուկ խմբերին դասված որոշակի կատեգորիայի անձինք են, որոնք բնակվում են «Վետերան» օթեւանում։ Ինչպես հայտնի է, սոցիալական տունն անձին տրամադրում է միայն կացարան, իսկ կոմունալ ծառայությունների դիմաց վճարում է բնակիչը, որը հոգում է նաեւ իր ծախսերը` սննդի, հագուստի, կենցաղի հետ կապված: Սակայն պարզվում է, որ սոցիալական բնակարանային ֆոնդի կացարաններում բնակվող միայնակ կենսաթոշակառուների կենսաթոշակը չի բավարարում միաժամանակ ե՛ւ ապրելու, ե՛ւ կոմունալ ծառայությունների դիմաց վճարելու համար։ Նրանք չեն կարողանում վճարել իրենց սպառած բնական գազի, էլեկտրաէներգիայի եւ ջրամատակարարման վարձերը, ինչի հետեւանքով կացարանների տնօրենները խնդիրներ են ունենում. նրանք հաճախ բնակիչների պարտքերը մարելու կամ զիջելու խնդրանքով դիմում են ծառայություններ մատուցող կազմակերպություններին, որոնք էլ կա՛մ օգնում են, կա՛մ էլ մերժում: Եվ այս խնդիրը լուծելու նպատակով Սոցապ նախարարությունը որոշել է փոխհատուցում տալ։
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ սոցիալական բնակարանային ֆոնդի կացարաններում բնակվող միայնակ կենսաթոշակառուների թիվը այս տարվա մայիսի 30-ի դրությամբ կազմում է 59 (ենթակա է փոփոխման): Ըստ նախնական հաշվարկների՝ յուրաքանչյուր միայնակ կենսաթոշակառու ամսական վճարում է միջին հաշվով 12 հազար դրամ (երեք ծառայության համար միասին), այսինքն` տարեկան 144 հազար դրամ: Եվ Սոցապ նախարարությունը հաշվարկվել է փոխհատուցման համար յուրաքանչյուր կենսաթոշակառուին (մեկ սենյակի համար) ամիսը 12 750 դրամ, որը կազմում է նվազագույն կեսաթոշակի 50%-ը: Այս դեպքում կենսաթոշակառու բնակիչների այսօրվա թվաքանակով կպահանջվի տարեկան 9 մլն 27 հազար դրամ: Արդյունքում, սոցիալական տան բնակիչներից յուրաքանչյուրը տարեկան կտնտեսի 153 հազար դրամ, որը կկարողանա ծախսել իր կենսական կարիքները հոգալու համար:

Ս. ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

 

 

 

 

ՄԻԿՐՈԱՎՏՈԲՈՒՍՆԵՐՆ ՈՒՇԱՑԵԼ ԵՆ
Տարիներ շարունակ Բերդ քաղաքից դեպի սահմանամերձ այդ տարածաշրջանի գյուղեր ավտոբուսային եւ միկրոավտոբուսային երթուղիներ չէին գործում։ Բերդի տարածաշրջանի բոլոր 16 համայնքները միավորող Բերդ համայնքի ղեկավար Հարություն Մանուչարյանը հայտնեց, որ այս տարվա օգոստոսի 1-ից «Գազել» մակնիշի միկրոավտոբուսներով իրականացվում են Չինարի-Բերդ եւ Պառավաքար-Բերդ եւ հակառակ ուղղություններով միկրոավտուբուսային երթուղիներ։ Դրանց ուղեվարձը 200 դրամ է։ Բերդի համայնքապետարանը միկրոավտոբուսները ձեռք է բերել սուբվենցիոն ծրագրով, Բերդ համայնքի եւ պետական բյուջեի համաֆինանսավորմամբ։ Այդ ծրագրով ձեռք է բերվել նաեւ 3-րդ «Գազել» մակնիշի միկրոավտոբուսը։ Դրա շնորհիվ օգոստոսի 12-ից կգործարկվի Այգեպար-Ներքին Կարմիրաղբյուր-Բերդ երթուղին եւ հակառակ ուղղությամբ։ Համայնքների խոշորացումից հետո Բերդ համայնքը պետք է ստանար 3 միկրոավտոբուս, սակայն այդ տրանսպորտային միջոցների տրամադրումն ուշացել է։ Բերդ համայնքի ղեկավար Հ. Մանուչարյանը հայտնեց, որ դրանք կստացվեն մեկ ամսից։

 

 

 

30 ՏԱՐՎԱ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՄՈԹԸ
Օգոստոսի 4-ին Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանի Նավուր գյուղում մեծ շուքով նշվեց Նավուրի հիմնադրման 200-ամյակը։ Հանդիսավոր միջոցառման մեծ մասը տոնվեց Նավուրի միջնակարգ դպրոցի մերձակա հրապարակում։ Նավուր համայնքի երկարամյա ղեկավար, Նավուրի վարչական ղեկավար Արամ Նիգոյանը, նշելով վերջին 20 տարում գյուղում կատարված գործերի, զանազան ենթակառուցվածքների բարելավման ծրագրերի մասին, հայտնեց, որ 160 աշակերտ ունեցող Նավուրի միջնակարգ դպրոցի շենքը հիմնանորոգոման խիստ կարիք ունի։ Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը, որը ծագումով Բերդի տարածաշրջանի Տավուշ գյուղից է, հայտարարեց, որ վերջին 30 տարվա իշխանություների ամոթն է դպրոցի շենքի վիճակը, եւ ինքն այդ իշխանությունների կողմից ներողություն է խնդրում դպրոցի շենքի անմխիթար դրության համար։ Մարզպետը խոստացավ, որ առաջիկայում կլուծվի Նավուրի հանրակրթական դպրոցի շենքի հիմնանորոգման հարցը` հույս հայտնելով, որ Նավուր գյուղի հաջորդ տարեդարձի տոնակատարության ժամանակ գյուղի կրթօջախի շենքն արդեն նորոգված կլինի։

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ




Լրահոս