Կուզեի երեխա ունենալ, բայց նյութական խնդիրներ կան. Ելենա Բորիսենկո

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը շարունակում է ներկայացնել շարք, որի շրջանակում ընթերցողին դատին է հանձնում հայտնի կանանց հետ զրույցներ: Նրանք կիսվում են իրենց փորձով, տղամարդկանց մասին տեսակետներով, կին-տղամարդ հարաբերությունների վերաբերյալ ընկալումներով: Այս անգամ մեր զրուցակիցը դերասանուհի Ելենա Բորիսենկոն է: Նա անդրադարձել է իր բնավորության առավելություններին եւ թերություններին, խոսել է ներկայիս կարգավիճակի մասին: Ելենան տեսակետ է հայտնել, որ անկախ կարգավիճակից՝ կնոջ կողքին պետք է լինի տղամարդ: Նա խոստովանել է, որ կցանկանար երեխա ունենալ, պարզապես առկա են նյութական խնդիրներ:

-Ելենա՛, Ձեր բնավորության ո՞ր գիծն է օգնել Ձեզ կին-տղամարդ հարաբերություններում, ո՞րն եք համարում Ձեր առավելությունը:

-Ես կարողանում եմ տղամարդու կողքին թույլ կին լինել:

– Իսկ Ձեր բնավորության ո՞ր գիծն է խանգարել այդ հարաբերություններում, կա՞ մի բան, որ կցանկանայիք շտկել:

-Առաջին սիրո ժամանակ, երբ չգիտեի՝ ինչ անել այդ սիրո հետ, ճնշում էի, իշխում էի ընկերոջս: Հետո արդեն երբ մեծացա, հասկացա, որ այդպես չէր կարելի:

-Դուք ամուսնալուծված եք: Ո՞ր կարգավիճակում եք Ձեզ երջանիկ զգում:

-Դա սուբյեկտիվ ընկալում է: Կա կին, որին անհրաժեշտ է տղամարդ, կա կին, որն առանց տղամարդու էլ երջանիկ է: Ամեն դեպքում, կնոջ կողքին պետք է լինի տղամարդ, եթե նույնիսկ նրանք ամուսնացած չեն:

-Այնպես է ստացվել, որ Դուք երեխաներ չունեք: Նշել եք, որ Ձեր դեպքում որոշիչ են եղել օբյեկտիվ պատճառները, մասնավորապես՝ առողջության հետ կապված: Ինչպիսի՞ն է կյանքն առանց երեխաների:

-Դա էլ սուբյեկտիվ հարց է: Կան կանայք, որոնց անհրաժեշտ են երեխաներ, կան կանայք, որոնք չեն էլ ուզում ունենալ: Ես հարգում եմ բոլոր մարդկանց տեսակետները: Բայց կարծում եմ, որ լավ է, երբ կինը երեխա ունի:

-Կանացի հատկությունները փոխանցվում են գենետիկորե՞ն, թե՞ ձեռք են բերվում: Ձեր պարագայում ինչպե՞ս է եղել:

-Շատ բան գենետիկորեն է փոխանցվում, բայց շատերը որոշ հատկություններ ձեռք են բերում: Ամեն դեպքում, «կանացի հիմքը» կա՛մ կա, կա՛մ ոչ: Շատ քիչ կանայք են կանացի:

-Ինքներդ Ձեզ սեքսուալ համարու՞մ եք: Ո՞ր դեպքում է կինը սեքսուալ: Սեքսուալության մասին կանանց եւ տղամարդկանց պատկերացումներն, ըստ Ձեզ, շա՞տ են տարբերվում:

-Դժվար է ասել, դա պետք է տղամարդկանց հարցնել: Կա վուլգարություն, որն, ի դեպ, որոշ տղամարդիկ ընկալում են որպես սեքսուալություն: Բայց սեքսուալ լինելը վուլգար լինելը չէ, այլ կանացի լինելը: Այն տղամարդկանց համար, որոնք կանացիությունն են գնահատում, ոչ թե վուլգարությունը, ես հետաքրքիր եմ եւ սեքսուալ: Եթե հարցնեիք՝ ինձ գեղեցիկ համարում եմ, թե ոչ, կպատասխանեի՝ ես գեղեցիկ չեմ, բայց հետաքրքիր եմ: Ես այդպես եմ համարում: Հետաքրքիրն ու գեղեցիկը տարբեր բաներ են: Անկեղծ եմ ասում, առանց ձեւեր թափելու:

-40-ն անց կին եք, բայց բավական երիտասարդ եք երեւում, տարիները կարծես անցել են Ձեր կողքով: Ո՞րն է գաղտնիքը:

-Գենետիկայի հարց է, անբացատրելի: Մայրս 40-ում 20 տարեկանի տեսք ուներ: Բացի այդ՝ կինը ներքուստ պետք է երիտասարդ զգա իրեն:

-Կնոջ իդեալ ունե՞ք, կա՞ մեկը, ով օրինակ է Ձեզ համար՝ կլինի տան անդամ, թե հոլիվուդյան դեմք…

-Ոչ, ես այլեւս իդեալներ չունեմ: Փոքր ժամանակ մայրս էր իմ իդեալը: Ամեն մեդալ ունի իր հակառակ կողմը, ոչինչ միանշանակ չէ:

-Եվ վերջին հարցը՝ ո՞րն է Ձեր կանացի երազանքը, մի ցանկություն, որ փայփայում եք հոգու խորքում:

-Ես կուզեի երեխա ունենալ, բայց նյութական խնդիրներ կան. հարկավոր է փոխնակ մորը վճարել, ֆինանսական մի շարք խնդիրներ լուծել…

Աննա Բաբաջանյան




Լրահոս