«Ժողովուրդ» օրաթերթը շարունակում է ներկայացնել «Աստղերի անհայտ կողմը» խորագրով շարքը: Անդրադառնում ենք հայկական շոու-բիզնեսի այն ներկայացուցիչներին, որոնք առաջին մասնագիտությամբ որեւէ կապ չունեն բեմի կամ էկրանի հետ: Այս անգամ մեր զրուցակիցը երգիչ Արսեն Սաֆարյանն է: Քչերը գիտեն, որ նա դպրոցական տարիներին խաղացել է ֆուտբոլ, խոտի հոկեյ եւ հաճախել է քանդակագործության խմբակ: Արդեն 17 տարեկան հասակում ստացել է սպորտի վարպետի կոչում: 1994-98թթ սովորել է Երեւանի ֆիզիկական կուլտուրայի ինստիտուտի մարզախաղերի բաժնում:
«Ասեմ, որ ինստիտուտ ընդունվելիս արդեն իսկ լավ մարզավիճակում էի, խաղում էի Խոտի հոկեյի ազգային հավաքականում, որը բավական լավ էր հանդես գալիս միջազգային մրցույթներում: Այնպես որ, դասախոսական կազմն ինձ արդեն ճանաչում էր: Բավական բարձր բալերով եմ ընդունվել ինստիտուտ. առաջինն եմ եղել եւ անվճար համակարգում եմ սովորել: Ինչ խոսք, ինստիտուտն ինձ տվել է շատ տեսական գիտելիքներ մարդու անատոմիայի, ֆիզիոլոգիայի վերաբերյալ, շատ լավ մարզիչ եմ ունեցել: Առաջին կուրսում նույնիսկ գերազանցիկ եմ եղել: Իդեպ, դժվար տարիներ էին, հետպատերազմյան, ապրում էի հանրակացարանում, որտեղ լույսը ժամերով էին տալիս»,-պատմեց Արսենը:
Արսենը 16 տարեկան հասակում եղբոր` Արթուր Սաֆարյանի օգնությամբ սկսել է նվագել կիթառ եւ կատարել տարբեր ժանրերի երգեր: 1995թ-ից երգել է Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիային կից «Ամադեուս» երաժշտական կենտրոնում ու նույն տարi թողարկել է «Բայց դու չես գալիս» երգը:
«Քանի որ գումար էր հարկավոր, ընդունվեցի երաժշտական կենտրոն եւ սկսեցի երգել այնտեղ: Այսինքն` զուգահեռ սովորում էի եւ աշխատում: Երկրորդ կուրսի վերջում արդեն ընդունվեցի Երգի պետական թատրոն, բայց ֆիզիկական կուլտուրայի ինստիտուտում ուսումս չթողեցի: Ավարտեցի սպորտխաղերի բաժինը: Այսինքն՝ փաստաթղթերով ամրագրված մասնագիտությունս մարզիչն է: Շատ անգամ, երբ երգի բնագավառի մարդիկ հարցնում են ինձ, թե ինչու աշակերտներ չունեմ, փոքր-ինչ բարդույթավորվում եմ, քանի որ Կոնսերվատորիան կամ երաժշտական այլ հաստատություն չեմ ավարտել…»,-եզրափակեց Արսենը:
Աննա Բաբաջանյան