ԿԱՐԳՈՆԵՐԸ ԿՐԿԻՆ ԱԿՏԻՎԱՑԱՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանում սկսել են ակտիվանալ «կարգոները». նրանք նախկինի պես կարողանում են, մաքսայինի հետ պայմանավորվելով, մաքսազերծել փոքր ներմուծողների ներկրած ապրանքները` դրա դիմաց վերցնելով որոշակի գումար: Փաստորեն, մաքսայինում գրեթե ոչինչ չի փոխվել: Կհիշեք` «կարգոներն» այն ընկերություններն են, որոնց միջոցով գործարարները ներկրում եւ մաքսազերծում են իրենց ապրանքները: Դրանք անհատ ձեռներեցների եւ մաքսային կառույցների միջեւ միջնորդ կազմակերպություններ են: «Ժողովուրդ» օրաթերթը փոքրիկ հետաքննության արդյունքում պարզեց, որ այսօր էլ անարգել եւ բացահայտ գործում են մարդիկ, որոնք կարգո են անում, այսինքն` զբաղվում են ապրանքների ներմուծմամբ եւ մաքսազերծմամբ միաժամանակ: Ի դեպ, նրանց համար ապրանքի հարկման մեխանիզմը այլ կերպ է գործում, իսկ հասարակ քաղաքացիների համար` այլ: Կոնկրետ «Ժողովուրդ» օրաթերթին դիմած քաղաքացիների պատմելով` ՌԴ-ից ներկրված հագուստեղենի ինվոյսը պարտադրում են գրել` կիլոգրամը` 16 դոլար: Եւ սա այն դեպքում, երբ, ըստ ՊԵԿ-ի, անդամ պետությունների Մաքսային միության շրջանակներում իրականացվում է ապրանքների ազատ տեղափոխում անդամ պետությունների տարածքներով` առանց մաքսային հայտարարագրման եւ պետական հսկողության կիրառման: Սակայն կոնկրետ մարդիկ կան, որ 4.5 դոլարով են մաքսազերծումն ավարտում։ Ծավալուն հետաքննությունը` 5-րդ էջում։

 

 

 

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի նախօրեի հայտարարությունը՝ սահմանադրական բարեփոխումների նպատակով 2020 թվականի փետրվարին հատուկ խումբ ձեւավորելու մասին, անակնկալ է եղել գրեթե բոլոր քաղաքական ուժերի համար, քանի որ ոչ ոք տեղյակ չի եղել, որ իշխանությունը նման մտադրություն ունի: Ոչ ոք տեղյակ չէ նաեւ, թե ինչ ձեւաչափ է ունենալու այդ խումբը, արդյոք ընդդիմությունը ներգրավվելու է այդ աշխատանքներին, թե սա արվելու է իշխանությունների կողմից առանձին աշխատանքային խմբով: Հետաքրքիր է, որ այդ մտադրության մասին անգամ տեղյակ չէ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, պետաիրավական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը: «Անկեղծ ասած, վատառողջ եմ այս պահին, տեղեկություն չունեմ` նախարարի հայտարարության հետ կապված: Ես բավականին երկար ժամանակ է` արձակուրդում եմ: Ես հայտարարությունը չեմ տեսել, անկեղծ ասած, չեմ հետեւել, չեմ կարող մեկնաբանել»,- «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նշեց նա:

 

 

 

 

Հեղափոխությունից հետո իրավապահ համակարգը շարունակում է գերծանրաբեռնված աշխատել: Այսպիսով, «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, թե 2019 թվականի առաջին 6 ամիսների ընթացքում որքան անձի բնակարան է խուզարկվել, քանի անձի հեռախոսային խոսակցության վերծանման համար են հետաքննական եւ նախաքննական մարմինները միջնորդություն ներկայացրել դատարան: Այսպիսով, 2019 թվականի առաջին 6 ամիսների ընթացքում նախաքննական եւ հետաքննական մարմինների կողմից տարբեր անձանց բնակարաններ խուզարկություն կատարելու համար Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան է ներկայացվել 2502 միջնորդություն, որից առաջին ատյանի դատարանը մերժել է 172-ը եւ բավարարել է 2293-ը: Իսկ հեռախոսային կամ կապի այլ միջոցներով տարվող խոսակցությունների լսման եւ ձայնագրման մասին Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան է ներկայացվել 92 միջնորդություն, որից 5-ը մերժվել է, իսկ ահա 86-ը` բավարարվել:

 

 

 

 

Ժուռնալիստների միության նախագահ, Երեւանի ավագանու ՀՀԿ խմբակցության նախկին անդամ Աստղիկ Գեւորգյանին մեղադրանք է առաջադրվել: ՀՀ քննչական կոմիտեից հայտնեցին, որ վերջինիս մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 325 հոդվածի առաջին մասի՝ իրավունք վերապահող կամ պատասխանատվությունից ազատող վկայական կամ պաշտոնական այլ փաստաթուղթ կեղծելը կամ նույն նպատակներով կեղծ կնիքներ, դրոշմներ, ձեւաթղթեր, տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշներ պատրաստելը: Տեղեկացանք, որ Աստղիկ Գեւորգյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությամբ երկրից չհեռանալը: «Ժողովուրդ» օրաթերթը հետաքրքրվեց Աստղիկ Գեւորգյանից, թե արդյոք նա ընդունում է իրեն առաջադրված մեղադրանքը. «Իհարկե ոչ, եւ այդտեղ մի քանի գործոններ կան. որեւէ բան չի կեղծվել, ընդամենը պայմանագիր է կնքվել, եւ ոչ մի թյուրիմացություն այդտեղ չկա, եւ երրորդը` վաղեմության ժամկետն է կիրառվելու»: Ասել է թե` Ժոռնալիստների միության նախկին նախագահը պատասխանատվությունից կխուսափի վաղեմության ժամկետի կիրառման արդյունքում:

 

 

 

 

ՈՒՇԱՑԱԾ ՆԱԽԱԳԻԾ
ՀՀ Հանրային խորհուրդը երեկ բավականին կարեւոր եւ վաղուց լուծման կարոտ նախագիծ է պատրաստում: Խոսքն այն մասին է, որ տասը տարուց ավելի շինարարական թույլտվություն ունեցող ընկերությունները, որոնք իրենց շինարարությունները ոչ միայն չեն ավարտել, այլ նույնիսկ չեն էլ սկսել, պետք է պատժվեն: Ծրագիր կա, որ նրանց պետք է զրկել շինթույլտվության իրավունքից, քանի որ տարիների ընթացքում այդ ընկերությունները կամ սեփականատերերը դրսեւորել են անբարեխիղճ վարքագիծ եւ իրենց ստանձնած պարտավորությունները չեն կատարել:
Համաձայնեք, որ այս նախագիծը իրապես սպասված է, քանի որ հավերժ շինհրապարակ հիշեցնող մեր մայրաքաղաքում տարիներ շարունակ կան փորված փոսեր կամ կիսակառույցներ, որոնք կեղտ ու փոշի են արտանետում, ու տարիներ շարունակ այդ պատկերը չի փոխվում: Իհարկե, այդ ընթացքում փոխվել են բազմաթիվ քաղաքապետեր մայրաքաղաք Երեւանում, սակայն եղել են ու այսօր էլ կան արտոնյալ շինարարներ, որոնք նախկին եւ նոր Հայաստաններում շարունակում են նույն աշխատաոճով գործել: Նրանք պարզապես վերցրել են մայրաքաղաքի ամենալավ հատվածները, շինթույլտվություն են ստացել տարիներ առաջ, ինչ-որ աշխատանքներ սկսել ու կանգնել: Գուցե ֆինանսական խնդիրներ կան, բնական է, որեւէ մեկն ապահովագրված չէ ձախողումներից, բայց դա չի նշանակում, որ որեւէ մեկի անձնական դժբախտության կամ ձախողումների համար պետք է մայրաքաղաքի բնակիչները դժվարություններ կրեն: Օրինակ` Երեւանի խորհրդանիշներից մեկը` նախկին երիտասարդական պալատը` կուկուռուզնիկը, քանդվեց, ու տասը տարուց ավելի այդ տարածքում պարզապես հանք է գործում, մինչդեռ պետք է ավելի գեղեցիկ շենք կառուցվեր:
Եւ այս նախագիծը Երեւանի նոր քաղաքապետ Հայկ Մարությանը պետք է վաղուց ինքն աներ կամ գոնե արագացնի հանրային խորհրդի նախագծի իրագործումը, որպեսզի հնարավոր լինի իրապես ունենալ կառուցվող Երեւան: Բայց փոխարենը, հակառակ այս իրավիճակին, Երեւանի քաղաքապետարանի աշխատակիցները ակնհայտ դժվարություններ են սարքում առավել փոքրամասշտաբ շինարարների համար: Մարդիկ, որոնք տուն կամ խանութ են սարքում, ստիպված են լինում փաստաթղթային քաշքշուկների պատճառով դադարեցնել շինարարությունները, մինչեւ քաղաքապետարանի աշխատակիցները տեղից շարժվեն, ու կոլեգաներն էլ չտուգանեն մարդկանց: Մինչդեռ Երեւանում որեւէ բան կառուցող մարդը պետք է ոչ թե խնդիրների առաջ կանգնի, այլ հարցերը լուծի օպերատիվ կերպով, արագ ավարտի շինարարությունը եւ օր առաջ ավարտվի փոշու մի օջախի փակումը:
Հուսանք` առաջիկայում տարբերությունների ականատես կլինենք:




Լրահոս