ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության Զվարթնոցի բաժնի գլխավոր տեսուչ Գոռ Մկրտչյանը հայտնվել է Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի տեսադաշտում։ Ի դեպ, նշենք, որ Գոռ Մկրտչյանը ՊԵԿ նախագահի առաջին տեղակալ Ռաֆիկ Մաշադյանի փեսան է։
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը Գոռ Մկրտչյանի նկատմամբ վարչական տույժ է կիրառել։ Այսպես, մեզ հայտնի դարձավ, որ Գոռ Մկրտչյանի գույքի, եկամուտների եւ փոխկապակցված անձանց 2018թ. տարեկան հայտարարագիրը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքով սահմանված չներկայացնելու համար նրա նկատմամբ կիրառվել է «նախազգուշացում» վարչական տույժը։ Մինչդեռ Գոռ Մկրտչյանը պարտավոր էր պաշտոնավարման ընթացքում տարեկան հայտարարագիրը հանձնաժողով ներկայացնել մինչեւ այս տարվա մայիսի 31-ը։ Սա դեռ ամենը չէ։
Պարզվում է, որ նշանակված վարչական իրավախախտման վերաբերյալ գործի քննությանը Մկրտչյանը հարկ չի համարել ներկա գտնվել։
Ի դեպ, տեղեկացնենք, որ վարչական տույժի կիրառումից հետո` 30 օրվա ընթացքում հայտարարագիրը չներկայացնելը առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով։ «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ Գոռ Մկրտչյանին է պատկանում նաեւ «Լիգոտուր»ընկերությունը, որը զբաղվում է ներգնա եւ արտագնա տուրիզմով։