Beeline Ստարտափ Ինկուբատորի 5-րդ շրջափուլն արդեն ավարտվել է։ Չորս ռեզիդենտ ստարտափներ դեկտեմբերի 13-ին ներկայացրին իրենց նորարարական գաղափարները և բիզնես նախագծերը հրավիրված ներդրողներին, ստարտափ էկոհամակարգի ներկայացուցիչներին և այլ հյուրերին։
Այս Դեմո օրը յուրահատուկ էր, քանի որ 2 այցելու ստարտափներ, ցուցաբերելով շատ բարձր արդյունքներ 14 շաբաթների ընթացքում, նույնպես հնարավորություն ունեցան մասնակցել Դեմո օրվան և ներկայացնել իրենց կատարած աշխատանքը։
Միջոցառման սկզբում ներկաներին ողջունեց Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը. «Ամեն անգամ մեծ ոգևորությամբ եմ գալիս մասնակցելու Դեմո օրվան, հասկանալով, որ ևս մի քանի երիտասարդ թիմ ստացավ մեր փորձագետների և մենթորների օգնությունն ու աջակցությունը։ Այժմ նրանք ունեն ավելի մեծ հնարավորություններ հաջողակ բիզնես դառնալու և Հայաստանի ու նաև միջազգային շուկայում տեղ գտնելու»։
Նախքան ստարտափների ելույթները Beeline ստարտափ ինկուբատորի ղեկավար, Հայաստանի Բիզնես Հրեշտակների Ցանցի (BANA) տնօրեն Գրիգոր Հովհաննիսյանը ներկայացրեց 14 շաբաթվա ընթացքում թիմերի հետ կատարված աշխատանքը, նշեց ստարտափների ունեցած հաջողությունները և նրանց ներուժը միջազգային շուկայում։
«5-րդ շրջափուլի ընթացքում մեր թիմն անհատական աշխատանքներ է տարել և բազմաբնույթ դասընթացներ կազմակերպել 4 ռեզիդենտ և 2 այցելու ստարտափների հետ։ Ցիկլի ընթացքում մեր ռեզիդենտ ստարտափներից երեքը հաջողությամբ մասնակցեցին WCIT 2019 Yerevan-ի շրջանականերում անցկացվող Lightning Rounds ստարտափ մրցույթին, և նրանցից երկուսը շահեցին մրցանակներ։ Ուրախ ենք նաև նշել, որ շրջափուլի սկսվելուց կարճ ժամանակ անց BANA-ի ներդրողներն արդեն իսկ կատարեցին ներդրում մեր ակտիվ ստարտափի՝ ForgeFiction-ի մեջ», – հայտնեց Գրիգոր Հովհաննիսյանը։
5-րդ շրջափուլն ավարտած 4 ռեզիդենտ թիմերն են` ForgeFiction, Eventor, SendSMS և Garoon Tech: Այցելու ստարտափներն են՝ GuideMe և 2do.
Beeline ստարտափ ինկուբատորն աջակցում է հայկական ստարտափներին տեղական և միջազգային շուկայում իրենց ճիշտ դիրքը գրավելու հարցում, տրամադրում անվճար աշխատանքային տարածք, իրականացնում անհատական հանդիպումներ հավանական ներդրողների հետ, և կազմակերպում տարաբնույթ դասընթացներ և վարպետության դասեր՝ մենեջմենթի, ֆինանսավորման, PR-ի, թվային մարքեթինգի, մարդկային ռեսուրսների կառավարման և այլ թեմաներով։