Երկիրն առաջ է գնում, լափամանները հավաքված են, չկան. Արմեն Մովսիսյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Նախարարություններ կան, որ նույնիսկ ճիպոտով տեղից հնարավոր չի շարժել: Մենք ունենք մեծ նախարարություններ՝ լի պարապ մարդկանցով, որոնց միակ ակնկալիքն այն է, թե երբ է լրանում ժամը, որ գնան տուն:

Եվ պետք չէ Հռոմի պապից կաթոլիկ լինել»,- օրերս նման հայտարարությամբ հանդես եկավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում ՀՀ պետական եկամուտների կոմիտեի 2020-2024 թվականների զարգացման եւ վարչարարության բարելավման ռազմավարական ծրագրի հարցը քննարկելիս: Փաշինյանի խոսքով՝ այսօր պետական համակարգում աշխատանքի հրավերին կարձագանքեն քիչ թվով մարդիկ, իսկ նրանց մի մասը չի ունենա համապատասխան հմտություններ: Թեմայի շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է երգահան, երգիչ Արմեն Մովսիսյանի հետ:

-Պարո՛ն Մովսիսյան, Փաշինյանը հայտարարել է, որ ամբողջ պետական համակարգը հեղափոխությանը դիմադրում է, եւ որ ինքը ջարդելու է այդ դիմադրությունը: Արդյոք ներկայիս կադրային քաղաքականության պարագայում դա հնարավո՞ր կլինի իրականացնել:

-Կադրային հարցը մնում է ներկայիս իշխանության Աքիլեսյան գարշապարը, ընդ որում՝ խոսքը վերաբերում է թե՛ օրենսդիր, թե՛ գործադիր իշխանությանը, բայց որպեսզի ամեն բան իր տեղն ընկնի, ժամանակ է հարկավոր, ժամանակ՝ սխալներն ուղղելու, սրբագրելու եւ առավել նպատակային գործունեություն ծավալելու համար: Բայց պետք է նաեւ նկատել, որ թիմի լավ կամ վատ աշխատելը կախված է վարչապետից, այսինքն՝ հենց վարչապետի նախանշած նպատակներին հասնելու կամքն է այս պարագայում դեր խաղում: Լավ է դա, թե վատ, այլ հարց է: Պետք է սպասել, մինչեւ կձեւավորվեն երկրի կառավարման բազմաֆունկցիոնալ լծակներ:

-Ի՞նչ եք կարծում, ինչո՞ւ է պետական համակարգը դիմադրում հեղափոխությանը: Իսկ իրական ընդդիմադիրներին հակահեղափոխականների շարքին դասելու վտանգ տեսնու՞մ եք:

-Ամեն անցումային շրջան ունի այդ վտանգը: Այնուամենայնիվ, «հեղափոխական» եւ «հակահեղափոխական» որակումները չափազանցված են: Ես կտայի հետեւյալ որակումները՝ թավշյա ռեֆորմիստներ՝ իրենց կողմ ու դեմ մարդկանցով, եւ «աբիժնիկներ», որոնց դնչների տակից «լափամանները» հավաքել են, դնչկալները արձակված են, բայց զրկված են սնունդից:

-Պարո՛ն Մովսիսյան, եթե, ինչպես վարչապետն է ասում, կան նախարարություններ, որոնց նույնիսկ ճիպոտով հնարավոր չէ տեղից շարժել, արդյոք դա նաեւ նախարարի պաշտոնում անհաջող կադր նշանակելու արդյունք չէ՞:

-Կադրային հարցը այս իշխանության համար, իսկապես, խնդիր է. դա դեռ նախորդ տարի էր զգացվում, բայց եզրակացություններ անելու համար ամեն բան հարկավոր է համեմատության մեջ դիտարկել: Եթե հիշենք մեր մկներին, գանձագողերին, որոնք կառավարության մեջ էին եւ բյուժեից օգտվում էին այնպես, ինչպես սեփական բոստանից, ամեն բան իր տեղը կընկնի:

-Եվ վերջին հարցը՝ ըստ Ձեզ՝ թավշյա հեղափոխությունը հիմա ի՞նչ փուլ է թեւակոխել:

-Եկեք դեպքերն անվանենք այնպես, ինչպես ես եմ պատկերացնում. տեղի ունեցավ ոչ արյունալի իշխանափոխություն՝ նոր, թավշյա ռեֆորմիստների գալուստով: Նրանք այս պահին արդարացիորեն վայելում են ժողովրդի վստահությունը: Իսկ դրան շատ բարդ է հասնել, երբ շուրջբոլորը սպասում են իշխանության` անհաջողության մատնվելուն: Եվ մինչ նրանք, ովքեր 1,5 տարի նման ակնկալիքներ ունեին, ջուր ծեծելով էին զբաղված, ռեֆորմիստները հաջողում են, եւ գրանցվում է իրավական դաշտի առաջընթաց: Արդյոք հնարավո՞ր էր անել ավելին. սա այլ հարց է, բայց այն, որ ժողովրդի ճնշող մեծամասնությունը համակրում է եւ նեցուկ է Նիկոլ Փաշինյանի իշխանությանը, դա փաստ է: Եթե այսօր էլ ընտրություններ լինեին, Փաշինյանի կողմնակիցները կհավաքեին առավելագույն ձայները: Երկիրն առաջ է գնում, իսկ «լափամանները» հավաքված են, չկան…

Աննա Բաբաջանյան




Լրահոս