Հայաստանի Շիրակի մարզը և Չինաստանի Հայնան նահանգը հուշագիր են կնքել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ պատվիրակության Չինաստան կատարած այցի շրջանակներում Շիրակի մարզի և Չինաստանի Հայնան նահանգի միջև ստորագրվել է միջտարածաշրջանային հուշագիր: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Հայաստանի Հանրապետությունից պատվիրակությունը ներկայացնում են ՉԺՀ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Մանասարյանը, Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը, «Չին-հայկական հարաբերությունների տարածաշրջանային զարգացման հիմնադրամի» նախագահ Սերգեյ Ավանեսովը: Պատվիրակությունը դեկտեմբերի 12-16-ը մասնակցում է «Արևադարձային գյուղատնտեսական մշակաբույսերի միջազգային ձմեռային տոնավաճառ Չինաստան-2019» միջազգային ցուցահանդեսին:

Ինչպես տեղեկացրին Շիրակի մարզպետարանի տեղեկատվության բաժնից, միջոցառման շրջանակներում Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանի և Հայնան նահանգի ղեկավար Շեն Սյաոմինի միջև ստորագրվել է համագործակցության, փոխըմբռնման հուշագիր։

Համաձայնագիրը գործնական քայլ է երկու երկրների շրջանների միջև սերտ հարաբերությունների հաստատման և ամրապնդման գործում՝ առևտրատնտեսական հարաբերությունների, գյուղատնտեսության և սննդի արդյունաբերության, զբոսաշրջության, բժշկության, հանքարդյունաբերության, քաղաքաշինության, էներգետիկայի, կրթության, գիտության, մշակույթի, ինչպես նաև խոշոր ներդրումային նախագծերի իրականացման առումով։ Ըստ այդմ, կողմերը պարտավորվում են խթանել առևտրատնտեսական համագործակցությունը՝ ստեղծելով համապատասխան պայմաններ համատեղ բիզնեսի և ներդրումների համար, իրենց լիազորությունների շրջանակներում նպաստելու են գործարար շրջանակների միջև ուղղակի շփումների հաստատմանը։




Լրահոս