«Հայաստանի Հանրապետությունում 2019-2024 թվականների տավարաբուծության զարգացման» ծրագրի շրջանակներում դեկտեմբերի 16-ին Հայաստան է բերվել կենդանիների հերթական խմբաքանակը` 30 գլուխ սիմենթալ և հոլշտին ցեղերի տոհմային երինջ: Կենդանիները ներկրվել են Չեխիայի Հանրապետությունից՝ «Գրանդ Միլք» ընկերության կողմից, որը ծրագրի շրջանակում առաջին անգամ է կազմակերպում կենդանիների ներմուծում հանրապետություն:
Ընդհանուր առմամբ, ծրագրով հանրապետություն է ներկրվել և հաշվառվել արդեն իսկ 136 գլուխ տոհմային երինջ, որոնց գերակշիռ մասը ձեռք են բերել Վայոց ձորի մարզի տնտեսվարողները, ինչպես նաև Տավուշի և Շիրակի մարզերի ֆերմերները:
«Նշված ծրագրի շրջանակներում արդեն ստացվել է շուրջ 300 գլուխ տոհմային խոշոր եղջերավոր կենդանիներ ներկրելու հայտ, ընդ որում, նշված խմբաքանակի մասով ֆինանսական կառույցները տվել են նաև ֆինանսավորման դրական եզրակացություն», – նշել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության գյուղատնտեսության առաջնային արտադրանքի վարչության պետ Լևոն Տեր-Իսահակյանը:
Վարչության պետը նաև տեղեկացրել է, որ առաջիկայում նախատեսվում է ներկրել ևս 163 տոհմային կենդանի, որոնց գերակշիռ մասը` 123 գլուխ, նույնպես ձեռք են բերվելու Վայոց ձորի տնտեսվարողների կողմից:
«Գրանդ Միլք» ներկրող կազմակերպության տնօրենի օգնական Աննա Քեշիշյանն անդրադարձել է ծրագրի իրականացմանը խոչընդոտող հանգամանքներին, որոնց հիմնական մասը վերաբերում է գրավադրմանը և երաշխավորի առկայությանը: «Մենք չենք վախենում դժվարություններից, հաղթահարելու ենք բոլոր խոչընդոտները և, հենվելով մեզ դիմող անձանց վստահության վրա` պատրաստվում ենք կրկին ներմուծել», – նշել է նա:
«Հայաստանի Հանրապետությունում 2019-2024 թվականների տավարաբուծության զարգացման» ծրագրի նպատակը տնտեսավարողներին մատչելի պայմաններով, մասնավորապես՝ վարկերի տոկոսադրույքի մասնակի սուբսիդավորման միջոցով տոհմային ԽԵԿ-ի (խոշոր եղջերավոր կենդանիներ) մատակարարումն է, ինչը հնարավորություն կընձեռի անհայտ ծագումնաբանությամբ, վերարտադրության համար ոչ պիտանի, ցածր մթերատու կենդանիների փոխարեն նախիրները համալրել արտադրատնտեսական արժեքավոր հատկանիշներով օժտված տոհմային ԽԵԿ-ով, զարգացնել տոհմային գործը, միջցեղային տրամախաչումների միջոցով բարելավել տեղական կենդանիների
մթերատվությունը, ավելացնել կաթի և մսի արտադրության ծավալները, նվազեցնել արտադրվող կաթի և մսի ինքնարժեքը՝ ներկրվող համանման արտադրանքի նկատմամբ այն դարձնելով առավել մրցունակ։ Ծրագրի շրջանակներում շահառուները կարող են ընդամենը 2% տարեկան տոկոսադրույքով սուբսիդավորվող վարկով ձեռք բերել բարձր մթերատու տոհմային խոշոր եղջերավոր կենդանիներ։
Սոցիալական աջակցություն ստացող սահմանամերձ համայնքների տնտեսվարողներին և գյուղատնտեսության ոլորտում գործունեություն իրականացնող կոոպերատիվներին վարկը կհատկացվի 0% տոկոսադրույքով։ Մարման ժամկետը 5 տարի է։ Մեկ շահառուի վարկի առավելագույն չափ է սահմանվել 300 մլն դրամը։