Հայկական ֆուտբոլում կրքերը չեն հանդարտվում: Հանրության մեծ մասը թերեւս տեղյակ է, որ ՀՖՖ երկու փոխնախագահները ժամանակին եղել են ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանի ենթակաները եւ նույնիսկ ԶԼՄ-ներով գովեստի խոսքեր հնչեցրել վերջինիս հասցեին: Նրանցից մեկին՝ Արմեն Նիկողոսյանին, ըստ տարածված լուրերի, Հայրապետյանը լուրջ օգնություն է ցուցաբերել, (նշվում է՝ որդու բանակի ծառայության հետ կապված), իսկ Մելիքբեկյանին, ի թիվս այլ հարցերի, օգնել է ունենալ հեռուստաեթեր, ֆան ակումբներից մեկին կամ մի քանիսին օգնել է ստանալ պետական դրամաշնորհներ եւ այլն:
Ֆուտբոլային ոլորտի մեր աղբյուրները պնդում են, որ Հայրապետյանը հատկապես Արմեններին համարում է իր արածները չգնահատողներ, ու թերեւս սա էր պատճառը, որ անցած շաբաթ հեռուստաեթերով Մելիքբեկյանին մեղադրեց գողության մեջ, իսկ Արմեն Նիկողոսյանին վիրավորեց ու անվանեց մատնաչափիկ:
Ուժային կառույցների մեր աղբյուրները պնդում են, որ ՀՖՖ-ի հետ կապված սպասվում է մեկ այլ քրեական գործ եւս, որն առնչվում է անցած տարի իրականացված շինաշխատանքներին: Այս ծրագիրը վերահսկել է ՀՖՖ տեղակալներից մեկը (մեր աղբյուրը չհիշեց ազգանունը, եւ բավականին հետաքրքիր վիճակ է փոխանցումների ու կատարված աշխատանքների մասով: Ի դեպ, Ռուբեն Հայրապետյանի հարցազրույցից հետո սոցիալական ցանցերում հիշեցին ներկա գլխավոր քարտուղարի դրամաշնորհային գործունեության մասին՝ շեշտելով, որ Արմեն Մելիքբեկյանի հիմնած ռեսուրսը ակտիվորեն քարոզել է հայ-ադրբեջանական, այսպես կոչված, եղբայրություն, ու տարակուսանք էին հայտնում, թե ինչպես կարելի է նման մտածողության մարդուն թույլ տալ լինել ֆեդերացիայի նախագահ:
Ֆուտբոլային հանրույթի ավելի սառը դատող հատվածն էլ կարծում է, որ կրքերը չհանդարտվելու դեպքում ՈՒԵՖԱ-ն կարող է որակազրկել հայկական ֆուտբոլը երկու կամ ավելի տարով, եթե հաստատվի, որ քաղաքական իշխանություններն աշխատում են որեւէ թեկնածուի օգտին, եւ կա միջամտություն: Մեզ փոխանցեցին, որ Հայաստանում եւ Հայաստանից դուրս ակտիվ մոնիթորինգ է արվում եւ զեկուցվում անձամբ ՈՒԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինին:
Այս մասով իշխանական շրջանակների մեր աղբյուրները հայտնում են, որ իրականում միջամտություն չկա, բայց կա իմիտացիա, որը, կարծես թե, ՀՖՖ ներկա ղեկավարներից է գալիս, իբր թե վարչապետն իրեն «դաբրոն» տվել է:
Ամեն դեպքում, հետաքրքիր զարգացումներ են: