Քաղաքացին փայտով եւ մուրճով հարվածներ է հասցրել 64-ամյա տղամարդուն. սպանություն Բերդ քաղաքում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2019թ․ մարտի 5-ին Բերդ քաղաքում 33-ամյա Նվեր Գինովյանը եւ 64-ամյա Սեւան Նավասարդյանը միասին կենցաղային աշխատանք են կատարել, որից հետո կերել-խմել են: Նրանց միջեւ վեճի պատճառը կենցաղային է եղել:

Սպանված տղամարդու տանը հայտնաբերվել է մուրճ, որը հանցագործության գործիքն է: 33-ամյա Նվեր Գինովյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նա Սեւան Նավասարդյանին կյանքից զրկելու դիտավորությամբ փայտով եւ մուրճով հարվածներ է հասցրել վերջինիս մարմնի տարբեր մասերին,այնուհետեւ բարձը դրել բերանին եւ ձեռքով պարանոցին սեղմել, որի հետեւանքով վերջինս շնչահեղձությունից մահացել է: Նշենք, որ Նվեր Գինովյանը նախկինում դարձյալ սպանության մեղադրանքով դատապարտված է եղել:

Նվեր Գինովյանը կալանքի տակ է 2019թ. մարտի 6-ից: Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի Բերդի նստավայրում կայացած դատաքննության ընթացքում քրեական գործով մեղադրող Գագիկ Այվազյանը հայտնել է, որ պահպանվում են ամբաստանյալին կալանքի տակ գտնվելու հիմքերը, նա մեղադրվում է առանձնապես ծանր հանցագործություն կատարելու մեջ, կարող է թաքնվել արդարադատությունից, ուստի նրա խափանման միջոցը հիմնավորված է, եւ այն պետք է թողնել անփոփոխ: Նվեր Գինովյանի պաշտպան Արմեն Ադամյանը առարկել է դատախազի այդ դիրքորոշման դեմ` հայտնելով, որ ամբաստնյալին կալանքի տակ պահելը պարունակում է պատժի տարրեր, որ նրա հանդեպ պետք է կիրառել չհեռանալու մասին ստորագրելու խափանման միջոց:

2019թ․ դեկտեմբերի 12-ին Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի դատավոր Զոյա Զաքինյանը, նկատի ունենալով, որ Նվեր Գինովյանը մեղադրվում է առանձնապես ծանր, դիտավորյալ հանցագործության մեջ, նախկինում եւս դատապարտված է եղել նույն հոդվածով, դատվածությունը դեռեւս մարված չէ, առկա է հիմնավոր կասկած նրա կողմից իրավախախտում կատարելու վերաբերյալ, որոշել է նրա նկատմամբ խափանման միջոցկալանավորումը թողնել անփոփոխ մինչեւ դատավարության ավարտը:

Ոսկան Սարգսյան
Տավուշ




Լրահոս