Այս գիշեր դեռևս չպարզված հանգամանքներում անհայտ անձինք ներխուժել են «Ժողովուրդ» թերթի և armlur.am կայքի խմբագրություն: Թերթի գրասենյակից որևէ արժեքավոր իր չի անհետացել, ինչը, գոնե առաջին տպավորությամբ, հիմք է տալիս եզրակացնելու, որ տեղի ունեցածը ոչ թե շարքային կողոպուտ է, այլ լրատվամիջոցի գործունեության հետ կապված ինչ-որ ակցիա, թերթի և կայքի աշխատակիցներին լռեցնելու կամ ահաբեկելու ուղերձ:
Խստորեն դատապարտելով տեղի ունեցածը՝ մեր իրավապահ մարմիններից պահանջում ենք ժամ առաջ բացահայտել կատարվածը և խստագույնս պատասխանատվության ենթարկել այս հանցագործությունն իրականացնողներին և պատվիրատուներին, եթե կան այդպիսիք: Նոր Հայաստանում խոսքի ազատությունը անբեկանելի, անօտարելի իրավունք և արժեք է, և անթույլատրելի է դրա դեմ ուղղված որևէ ոտնձգություն: «Ժողովուրդ» թերթի և armlur.am-ի խմբագրության դեմ կատարված այս հանցագործությունն իրականում ուղղված է բոլորիս՝ Հայաստանում ժողովրդավարության ու մարդու իրավունքների պաշտպանությամբ մտահոգված բոլոր քաղաքացիներիս ու քաղաքական գործիչներիս:
Մեր անվերապահ աջակցությունն ենք հայտնում «Ժողովուրդ» թերթի և armlur.am-ի գործընկերներին՝ խոստանալով որպես ԱԺ պատգամավորներ հետամուտ լինել հանցագործության լիարժեք և ամբողջական բացահայտմանը:
Արման Բաբաջանյան ԱԺ անկախ պատգամավոր
Նաիրա Զոհրաբյան ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր
Արթուր Հովհաննիսյան ԱԺ Իմ քայլը խմբակցության պատգամավոր
Սարգիս Խանդանյան ԱԺ Իմ քայլը խմբակցության պատգամավոր
Շաքե Իսայան ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր
Արման Աբովյան ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար
Իվետա Տոնոյան ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր
Անի Սամսոնյան ԱԺ ԼՀԿ խմբակցության պատգամավոր