ԱՐՑԱԽՈՒՄ ՄՐՑԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԿԱ, ԼԱՐՎԱԾՈՒԹՅՈՒՆ` ՈՉ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի մամուլի քարտուղար, Արցախի Պահպանողական կուսակցության առաջնորդ Դավիթ Բաբայանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հայտարարեց, որ սեպտեմբերի 8-ին կայանալիք Ստեփանակերտի քաղաքապետի ընտրությունների հետ կապված լարվածություն չի տեսնում, բայց կա մրցակցություն: Ըստ Դավիթ Բաբայանի` այս ընտրություններին, որեւէ կուսակցության չմասնակցելը կապված է այն հանգամանքի հետ, որ պետք չէ քաղաքապետի կամ մյուս ՏԻՄ ընտրությունները քաղաքականացնել:

-Պարո՛ն Բաբայան, այս կիրակի ԼՂՀ-ում տեղի են ունենալու ՏԻՄ ընտրություններ, իսկ Ստեփանակերտում արցախցիները քաղաքապետ են ընտրելու: Ի՞նչ իրավիճակ է Արցախում. նշվում է, որ լարված մթնոլորտ կա:
-Մեր կուսակցությունը Ստեփանակերտի քաղաքապետի ընտրություններում ունի ավագանու թեկնածու, մենք հետեւում ենք քարոզարշավին ու բավականին ակտիվ, աշխույժ ու նորմալ է ընթանում քարոզարշավը: Հարգանքի մթնոլորտում է ընթանում քարոզարշավը:
-Մեր տեղեկությունների համաձայն` Արցախի կուսակցությունները ոչ բացահայտ ձեւով են պաշտպանում առաջադրված թեկնածուներին. Ձեր ղեկավարած կուսակցությունն ունի՞ նախընտրելի թեկնածու:
-Քաղաքապետի թեկնածու չունենք, քանի որ չենք ուզում քաղաքականացնել այդ ընտրությունները, գիտեք, որ Ստեփանակերտի քաղաքապետը պետք է պրոֆեսիոնալ լինի. դա` իմ խորին համոզմամբ: Եւ քաղաքական խմորումները, մենք չենք ուզում, որպեսզի տարածվի մեր այս ընտրությունների վրա: Դրա համար ուզում ենք, որ այդ ընտրությունները չքաղաքականացվի, բայց քանի որ ավագանին շատ կարեւոր ինստիտուտ է, մենք այստեղ շատ ու շատ անելիքներ ունենք: Խնդիրները շատ մեծ են, անելիքները շատ են, ու մենք պետք է ամեն ինչ անենք դրանք կարգավորելու համար: Լարվածություն ընտրությունների հետ կապված այս պահին չկա, ամեն ինչ նորմալ ընթանում է, կա մրցակցություն:
-Ըստ մեր տեղեկությունների` մրցակցությունն ընթանում է երկու անձի միջեւ` Գրիշա Սահակյանի, որը մեծ դերակատարում է ունեցել Ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ, եւ Դավիթ Սարգսյանի. Դուք կիսո՞ւմ եք այդ տեսակետը:
-Գիտեք, չեմ կարծում որ կա ընդգծված ֆավորիտ թեկնածու, նման բան չկա: Այս ընտրությունները նրանով են առանձնանում, որ ընդհանրապես որեւէ ֆավորիտ չի երեւում, ու կան մի երեք, չորս հոգի, որոնք նույնական շանսեր ունեն: Հիմա չեմ կարող որեւէ մեկի անունը նշել, բայց մեր հետազոտությունների արդյունքում պարզել ենք, որ 3-4 հոգի ունեն գրեթե նույն շանսերը քաղաքապետ ընտրվելու համար:
-Արցախի քաղաքական ուժերի կարծիքով` այս ընտրությունները լակմուսի թղթի նման են լինելու, որի միջոցով կպարզվի, թե հաջորդ տարի ինչպիսին են լինելու ԼՂՀ խորհրդարանական եւ նախագահական ընտրությունները:
-Ես այդ կարծիքին չեմ, քանի որ այս ընտրությունները քաղաքական չեն, ու քաղաքական կուսակցությունները զերծ են մնում մասնակցելու այդ ամենից: Սա զուտ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են, այսպես ասած, ոչ քաղաքական ընտրություններ: Այս ընտրություններին մասնակցում են մարդիկ, ովքեր ունեն հարգանք, ընկերական շրջապատ, իրենք են մասնակցում: Ընտրությունները քաղաքականցված չէ, իսկ սրանով կապել, թե ինչպիսինն է լինելու նախագահական կամ խորհրդարանական ընտրությունները, ճիշտ չէ առհասարակ: Ես կարծում եմ, որ այս ընտրությունները ընդհանրապես չեն արտացոլելու իրավիճակը. այլ ընտրությունների մասին ենք խոսում:
-Իսկ այս ընթացքում արցախցիների հետ հանդիպումներից ի՞նչ դիրքորոշման եկաք, ի՞նչ է սպասվում խորհրդարանական ու նախագահական ընտրությունների ժամանակ: Արցախցին ի՞նչ է ակնկալում քաղաքական կուսակցություններից:
-Ոչ մի լարվածություն չկա, դա ամենակարեւորն է, բայց մարդիկ ուզում են բանիմաց, խելացի եւ մաքուր մարդկանց տեսնել, պետք է լինի արդար, թափանցիկ ընտրություններ: Դա մեր բոլորի ակնկալիքն է առաջիկա ընտրություններում:
-Պարո՛ն Բաբայան, Ձեր ղեկավարած կուսակցությունն ի՞նչ դիրքորոշում ունի Սամվել Բաբայանի թիմակիցների կողմից իրականացված ստորագրահավաքի հետ կապված: Դուք կիսո՞ւմ եք այն տեսակետը, որ Ս. Բաբայանը պետք է մասնակցի ընտրություններին:
-Տեսեք, մենք ոչ մեկի հետ ո՛չ թշնամի ենք, ո՛չ էլ որեւէ մեկի կցորդ ենք կամ որեւէ մեկի մարյանետկան ենք, ոչ: Մենք ուզում ենք բոլորի հետ նորմալ բարիդրացիական, գործնական հարաբերություններ ունենալ: Բոլորս գուցե մեկս մյուսի հետ մրցակիցներ ենք, բայց ես չեմ կարծում, որ պետք է թշնամանք առաջացնի որեւէ մեկի նկատմամբ: Ցանկացած ուժ, եթե գործում է օրենքի շրջանակում, Սահմանադրության շրջանակում եւ բարոյականության շրջանակում, ապա այդ գործունեությունը ոչ մի ձեւ չի կարող դիտարկվել սխալ կամ վտանգավոր:

 

 

 

 

ԻՄՔԱՅԼԱԿԱՆԻ ԴԻՄՈՒՄՆ ԱՐԴԵՆ ԱԺ-ՈՒՄ Է

Օգոստոսի 29-ին ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Էդգար Առաքելյանը ֆեյսբուքյան հայտարարությամբ հանդես եկավ` տեղեկացնելով, թե որոշել է հրաժարվել իր պատգամավորական մանդատից: Երեկ ողջ օրվա ընթացքում «Ժողովուրդ» օրաթերթը փորձում էր Ազգային Ժողովից պարզել, թե արդյոք Էդգար Առաքելյանն արդեն դիմում է ներկայացրել ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին: Օրվա վերջում մեծ դժվարությամբ պարզեցինք, որ այո:

Հիշեցնենք, որ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Էդգար Առաքելյանն իր հայտարարությունում նշել էր. «Որոշումը բացառապես իմն է, պարտադրված կամ հրահրված չէ որեւէ մեկի կողմից: Պատճառները մաքուր անձնական տիրույթում են: Քաղաքականությամբ զբաղվող անձը պիտի օժտված լինի քաղաքականությամբ զբաղվելու համար անհրաժեշտ որակներով: Խորապես հավատացած եմ, որ ինձ մոտ այդ որակներից մի քանի կարեւորագույնները բացակայում են, ինչն ինձ անհամատեղելի է դարձնում այդ գործունեության հետ»:
Բանն այն է, որ խմբակցության մի քանի պատգամավորներ այս օրերին ֆեյսբուքյան իրենց էջերում կոչ են անում Էդգար Առաքելյանին հետ վերցնել իր դիմումը եւ չհրաժարվել պատգամավորական մանդատից: «Ժողովուրդ» օրաթերթը երեկ փորձեց նախ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի օգնական Վահան Կոստանյանից պարզել` արդյոք պատգամավորից ստացել են դիմում, սակայն վերջինս մեր հեռախոսազանգերին չէր պատասխանում: Դիմեցինք Աժ աշխատակազմի ղեկավար Տիգրան Գալստյանին, ով հայտարարեց, թե դիմում չեն ստացել, երեւի խմբակցությանն է հանձնել:
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավարությունը չարձագանքեց մեր հեռախոսազանգերին ու նամակներին: «Ժողովուրդ» օրաթերթը միայն ԱԺ լրատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության ղեկավար Հրայր Զորյանից մի քանի ժամ ճշտումներից հետո պարզեց, որ Էդգար Առաքելյանի դիմումն արդեն կա. թե երբ է տրվել, չկարողացավ ճշտել: Միայն հայտնի է, որ այն ուղղված է ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին. 5 օրվա ընթացքում եթե Առաքելյանը հետ չվերցնի իր դիմումը, այն կընդունվի ի գիտություն: Իսկ թե Արարատ Միրզոյանը երբ կհայտարարի այդ ամենի մասին, դեռեւս հայտնի չէ:

Նյութերը` ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

 

 

 

ԱՅՍՕՐ ԿՍԿՍՎԻ
Այսօր Սահմանադրական դատարանում կսկսվի Ռոբերտ Քոչարյանի գործով դիմումների քննությունը: Նշենք, որ այդ հարցի քննությունը պետք է սկսվեր դեռ օգոստոսի 29-ին, սակայն Սահմանադրական դատարանն աշխատակարգային որոշմամբ հետաձգել էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դիմումների քննության գործով նիստը։ «Ելնելով լրացուցիչ ուսումնասիրություն կատարելու անհրաժեշտությունից` Ռոբերտ Քոչարյանի դիմումների քննության գործով նիստը տեղի կունենա սեպտեմբերի 3-ին` ժամը 11։00-ին»,-նշված է ՍԴ կայքում։
Հիշեցնենք, որ մայիսի 20-ին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գեւորգյանի, Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի եւ ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի վերաբերյալ գործի վարույթը դատարանի որոշմամբ կասեցվեց եւ ուղարկվեց ՍԴ:
ՍԴ-ն վարույթ էր ընդունել 300.1 հոդվածը (Սահմանադրական կարգը տապալելը) Սահմանադրությանը համապատասխանելու հարցի քննության դիմումը։ Քոչարյանի գործով ՍԴ-ն հուլիսի 18-ին որոշել էր խորհրդատվական կարծիք ստանալու համար դիմել ՄԻԵԴ եւ Վենետիկի հանձնաժողով` Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի եւ Քոչարյանի դիմումների հիման վրա՝ ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի` սահմանադրական կարգը տապալելու, Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ։ Հավելենք, որ Վենետիկից եւ ՄԻԵԴ-ից դեռ պատասխան չի ստացվել:

 

 

 

 

ԴԱՀԿ ՆԱԽԿԻՆ ՊԵՏԻ ԳՈՐԾՈՎ
Օգոստոսի 17-ին հայտնի դարձավ, որ Ռուսաստանը մերժել է Միհրան Պողոսյանին հանձնելու` ՀՀ դատախազության միջնորդությունը: Ինչպես հայտնի է, ապրիլի 13-ին ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցված քրեական գործով որպես մեղադրյալ էր ներգրավվել ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանը: Մինչ Պողոսյանի դեմ քրեական գործ էր նախապատրաստվում, նա հասցրեց լքել ՀՀ-ն, եւ նրա նկատմամբ, ըստ էության, ուշացած հետախուզում հայտարարվեց: Պողոսյանը հայտնաբերվեց ՌԴ-ում, որտեղ եւ ձերբակալվեց, սակայն նա քաղաքական ապաստան ստանալու խնդրանքով դիմել էր ՌԴ իշխանություններին:
Հիմա հետաքրքիր է, թե ինչ է քննում ՀՔԾ-ն, եթե քրեական գործի հիմնական դերակատարը երկրում չէ, ՌԴ-ն մերժել է նրան արտահանձնելու` դատախազության միջնորդությունը: «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն` ՀՔԾ-ում գործը կասեցված չէ, սակայն կոնկրետ Միհրան Պողոսյանի մասով դոփում է տեղում, իսկ թե այլ ինչ քննչական գործողություններ են արվում, դժվար է ասել:




Լրահոս