ԽԱԽՏՎՈՒՄ Է ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԲԱԺԱՆՄԱՆ ՍԿԶԲՈՒՆՔԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը օգոստոսի 30-ի համարում գրել էր, որ դատավորների շրջանում դժգոհություն է հասունացել: Խոսքը հանրային քննարկման ներկայացրած «Դատական օրենսգրքում» փոփոխություններ կատարելու մասին նախագծին է վերաբերում: Դատավորները, ըստ այդ նախագծի, պարտավոր են լինելու ներկայացնել գույքի, եկամուտների հայտարարագիր Կոռուպցիայի դեմ պայքարի հանձնաժողովին, որին իրավունք է վերապահվելու դատավորների բարեվարքության վերաբերյալ եզրակացություններ ներկայացնել, կարող են ստանալ նաեւ բանկային գաղտնիք համարվող տեղեկություններ: Ըստ դատավորների` այդ նոր հանձնաժողովի գործունեությամբ խախտվում է իշխանությունների տարանջատման սկզբունքը, եւ դատական իշխանությունը դառնում է ԱԺ մեծամասնության կցորդ, քանի որ ե՛ւ այդ հանձնաժողովում, ե՛ւ ԲԴԽ-ում (որը պետք է զբաղվի դատավորներին կարգապահական վարույթի ենթարկելու հարցերով) առկա են ԱԺ-ի կողմից առաջադրված անձինք:

Այսպիսով, «Ժողովուրդ» օրաթերթին դատավորների ներքին քննարկումների, մտավախության եւ հնչած կարծիքների մասին որոշ մանրամասներ են հայտնի դարձել: Մասնավորապես, դատավորները ներքին քննարկման ժամանակ կարծիքներ են հնչեցրել. Դատական օրենսգրքում առաջարկվող փոփոխությունները նպատակ ունեն հնարավորինս նվազեցնել ԲԴԽ-ի դերը եւ հաստատել օրենսդիր իշխանության վերահսկողությունը դատական իշխանության նկատմամբ: Նշված հանգամանքի մասին են վկայում այն օրենսդրական փոփոխությունները, որոնք առաջարկում են Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին օրենքում, ինչպես նաեւ Դատական օրենսգրքում:
Ըստ նախագծերի` դատավորները պարտավոր են լինելու ներկայացնել գույքի, եկումուտների հայտարարագիր, ինչպես նաեւ գույքի փոփոխությունը հիմնավորող պատշաճ նյութեր կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին:
Վերջինիս իրավունք է վերապահվում ՀՀ դատական օրենսգրքով սահմանված դեպքերում ու կարգով դատավորների եւ դատավորների թեկնածուների բարեվարքության վերաբերյալ խորհրդատվական բնույթի եզրակացություններ ներկայացնել, որոնք ենթակա չեն հրապարակման:
Ընդ որում` հայտարարագրերի վերլուծության գործընթացքում կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին իրավունք է վերապահվելու Հանձնաժողովին՝ պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններից, այլ անձանցից պահանջելու եւ ստանալու հայտարարատու անձանց առնչվող տեղեկություններ, փաստաթղթեր, այդ թվում` բանկային, առեւտրային, ապահովագրական գաղտնիք պարունակող:
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի առաջին կազմը բաղկացած է լինելու հինգ անդամից, որից երեքը առաջադրված են լինելու ԱԺ խմբակցությունների կողմից, ինչից հետեւում է, որ ընդունվող որոշումների առումով ԱԺ-ն ունենալու է առավելություն, քանի որ հանձնաժողովի եզրակացություններն ու որոշումները ընդունվում են անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ:
Փաստորեն, ձեւավորվում է սուպերլիազորություններով մի մարմին, որին հասու են լինելու անգամ բանկային գաղտնիք պարունակող տեղեկություններ, եւ որը պատրաստվում է իրականացնել դատավորների վեթթինգը:
Ըստ դատավորների ներքին խոսակցությունների` նշված հանձնաժողովին նման սուպերլիազորություններ տալով` կոպտորեն խախտվում է իշխանությունների բաժանման սկզբունքը, երբ դատական իշխանությունը դառնում է օրենսդրի կցորդը. «Դատավորի բարեվարքությունը ստուգելու է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը, որն ընտրված է լինելու օրենսդիրի կողմից, եւ որի անդամը ԱԺ խմբակցություններից են առաջադրված լինելու: Այնուհետեւ բարեվարքության կանոնների ենթադրյալ խախտումներ հայտնաբերելու դեպքում, դարձյալ բացառիկ իրավունք ունենալով, հանձնաժողովը դիմելու է բարձրագույն դատական խորհրդին դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդությամբ: Իսկ ԲԴԽ-ում դարձյալ ԱԺ կողմից առաջադրված եւ ընտրված հինգ անդամները որոշելու են դատավորի ճակատագիրը:
Նման քողարկված պրոցես կազմակերպելու փոխարեն ավելի կարճ եւ հստակ կլիներ դատավորների բարեվարքության որոշումը վերապահել Ազգային ժողովին եւ մոռանալ իշխանությունների բաժանման, հավասարակշռության եւ անկախ դատական համակարգի մասին»:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

 

ՁԵՐԲԱԿԱԼՎԵԼ Է ՕՇԱԿԱՆՑԻ ԳԵՎՈՐԻԿԻ ԵՂԲՈՐՈՐԴԻՆ
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` ՀՀ քննչական կոմիտեն երեկ ձերբակալել է քրեական աշխարհում հայտնի Գեւորգ Մելիքյանի (Օշականցի Գեւորիկ) եղբորորդուն` Գեւորգ Մելիքյանին: Երեկ ՀՀ քննչական կոմիտեն հայտնել էր, որ 2019թ. օգոստոսի 24-ին ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչությունում քաղաքացին հաղորդում է տվել այն մասին, որ Երեւան քաղաքի բնակիչը բռնություն գործադրելու սպառնալիքով պահանջում է վճարել իր ծանոթի` հացատանն ունեցած պարտքը, իսկ 2019թ. օգոստոսի 23-ի երեկոյան Արագածոտնի մարզի բնակիչն ընկերների հետ ծեծի է ենթարկել իրեն եւ իր երկու ընկերներին` կրկին պահանջելով վճարել հիշյալ պարտքը եւ այն գումարը, որը կասի Երեւան քաղաքի վերոհիշյալ բնակիչը: Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել են դեպքի մի շարք հանգամանքներ, ենթադրյալ հանցագործություն կատարած անձանցից մեկի ինքնությունը, ով հանդիսանում է Արագածոտնի մարզի բնակիչ` ծնված 1989թ.: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածի 1-ին մասով, որն ուղարկվել է Արագածոտնի մարզային քննչական վարչություն եւ ընդունվել վարույթ: Մեկ անձ ճանաչվել է տուժող:
Նախնական տվյալներով` 2019թ. օգոստոսի 23-ին` ժամը 23:00-ի սահմաններում, Արագածոտնի մարզի 30-ամյա բնակիչն Աշտարակ քաղաքից դեպի էջմիածին տանող ավտոճանապարհին գտնվող գազալցակայանում մի խումբ անձանց հետ ծեծի է ենթարկել Երեւան քաղաքի երեք բնակիչներին, որից հետո բռնություն գործադրելու սպառնալիքով նրանցից մեկից պահանջել է հինգ օրվա ընթացքում իրեն փոխանցել 500.000 ՀՀ դրամի ծխախոտ: Նախաքննության ընթացքում կատարվել են խուզարկություններ: Տուժողին հասցված մարմնական վնասվածքի բնույթը, ծանրության աստիճանը, առաջացման մեխանիզմը եւ մի շարք այլ հանգամանքներ պարզելու նպատակով նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
30-ամյա տղամարդը ձերբակալվել է` շորթում կատարելու կասկածանքով: Դատարանը բավարարել է նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորում կիրառելու վերաբերյալ քննիչի միջնորդությունը, սակայն միեւնույն ժամանակ թույլատրելի համարել այլընտրանքային խափանման միջոց գրավի կիրառումը:
Նկատենք, որ նախաքննական մարմինը չէր հայտնել, թե ով է ձերբակալված անձը, ով է բռնություն գործադրելու սպառնալիքով պահանջել վճարել իր ծանոթի` հացատանն ունեցած պարտքը: Այսպիսով, «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն` ձերբակալված անձը քրեական աշխարհում հայտնի Գեւորգ Մելիքյանի (Օշականցի Գեւորիկ) եղբորորդին է՝ Գեւորգ Մելիքյանը: Մեզ հասած տեղեկությունների համաձայն` վերջինս չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը: Ավելին, «գողական է գնում» եւ իրավապահներին ցուցմունք չի տալիս դեպքի մասին: Ի դեպ, սա առաջին դեպքը չէ, որ նա հայտնվել է իրավապահների ուշադրության կենտրոնում: 2014 թվականին Գեւորգ Մելիքյանը ընկերոջ` Մրոյի հետ ծեծի է ենթարկել մոսկվայաբնակ հայազգի գործարար ոմն Արման Կարապետյանի:

Ք. ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

 

ՁԵՐԲԱԿԱԼՎԵԼ Է
ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում քննություն է տարվում` պարզելու 2018թ. ծնված երեխայի սպանության դեպքի հանգամանքները: Վերջինիս մայրը ձերբակալվել է: Նշենք, որ 2019թ. օգոստոսի 31-ին` ժամը 14:20-ի սահմաններում, Գյումրի քաղաքի աղբանոցում հայտնաբերվել է երեխայի դին` կպչուն ժապավենով կապված եւ կիսաշրջազգեստը պարանոցին փաթաթված վիճակում: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ: Նախաքննությամբ պարզվել է, որ 2019թ. օգոստոսի 30-ին 20-ամյա կինը մանկահասակ դստերը` 2018թ. ծնված երեխային կյանքից զրկելու դիտավորությամբ իր բնակարանում կպչուն ժապավենով կապել է նրա ձեռքերն ու ոտքերը, բերանին փաթաթել կիսաշրջազգեստ, որից հետո երեխային բնակարանից տեղափոխել եւ դրել է մոտակայքում գտնվող աղբարկղերից մեկի մեջ եւ աղբով փակել նրան, ինչի հետեւանքով վերջինս մահացել է: 20-ամյա կինը ձերբակալվել է երեխային սպանելու կասկածանքով:

 

 

 

ՎՆԱՍՎԱԾՔՆԵՐ Է ՍՏԱՑԵԼ
Նախօրեին արտակարգ դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում. Գյումրի քաղաքում գործող կարուսելից 14-ամյա երեխան վայր է ընկել ու վնասվաքներ ստացել: Նրան այգու աշխատակիցներն աննկատ տեղափոխել են, որպեսզի կատարվածի մասին ոչ ոք չիմանա: Երեխային տարել են տուն եւ փորձել են տնային պայմաններում բուժել, սակայն տեսնելով, որ վիճակը բարդանում է, երեխային հաջորդ օրը տեղափոխել են Գյումրու Ավստրիական մանկական հիվանդանոց, ապա հաջորդ օրը տեղափոխել «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն: Այս առնչությամբ ArmLur.am-ը զրուցել է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի մամուլի խոսնակ Գեւորգ Դերձյանի հետ` պարզելու, թե ինչ վիճակում է գտնվում 14-ամյա երեխան: «Երեխայի վիճակը գնահատվում է կայուն բավարար: Վերջինս գտնվում է Նյարդաբուժության բաժանմունքում. ունի 1 թեւի կոտրվածք, ստացել է գլխուղեղի ցնցում»,-ասել է մամուլի խոսնակը: Մամուլում շրջանառվող լուրերի համաձայն` Գյումրիում գործող Գորկու այգին պատկանում է Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի եղբորը:

 

 

 

ՏԵՂՅԱԿ ՉԷ
Մամուլում տարածված լուրերի համաձայն` Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքի բնակիչներն ահազանգում են թիվ 1 դպրոցի վատ պայմանների մասին` շեշտելով, որ դպրոցը չունի տարրական սանիտարահիգիենիկ պայմաններ: Դեպքի առնչությամբ ArmLur.am-ը զրուցել է Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանի հետ: Վերջինս մեզ հետ զրույցում ասել է, որ վերջին անգամ Էջմիածնի բնակիչներն իրեն դիմել են թիվ 4 հանրակրթական դպրոցում ընդունելության խնդրով: «Ես տվյալ խնդրին տեղյակ չեմ: Բոլոր հանրակրթական դպրոցները գտնվում են մարզպետարանի հսկողության տակ եւ դուրս են իմ իրավասության սահմաններից: Դպրոցները համայնքապատկան կառույցներ չեն: Ես` որպես քաղաքապետ, կարող եմ ասել, որ դպրոցների հարցը գտնվում է մարզպետի, կրթության գիտության նախարարի ուշադրության կենտրոնում»:




Լրահոս