ՏՆՏԵՍՎԱՐՈՂՆԵՐԻՆ ՊԱՐՏԱԴՐՈՒՄ ԵՆ ԱՎՏՈԲՈՒՍՆԵՐ ԳՆԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանն օրեր առաջ հանդիպել է մայրաքաղաքի երթուղիները սպասարկող տրանսպորտային ընկերությունների հետ, սակայն «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ուղեւորափոխադրողները այդքան էլ գոհ չեն կայացած փակ հանդիպումից:

Ըստ Երեւանի քաղաքապետարանի` քննարկվել է նոր երթուղային ցանցը: Կգործարկվի 845 ավտոբուս եւ 101 տրոլեյբուս: Այսինքն` ներկայումս գործող 111 ավտոբուսային երթուղու փոխարեն առաջարկվում է 42-ը: Տրանսպորտային նոր ցանցի ներդրման համար կպահանջվի առնվազն երկու տարի. վարկի տրամադրում, մրցույթի միջոցով նոր շարժակազմի ձեռքբերում, ինչպես նաեւ անհրաժեշտ ենթակառուցվածքների ապահովում: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ հաջորդ տարվանից շուրջ 400 միկրոավտոբուս պետք է դուրս գա երթուղային ցանցից, քանի որ դրանց շահագործման ժամկետները (15 տարի) ավարտվում են: Ի դեպ, նշենք, որ այսօր քաղաքային երթուղին սպասարկում է շուրջ 900 միկրոավտոբուս:
Բայց «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ քաղաքի երթուղիները սպասարկող ընկերությունների ներկայացուցիչները դժգոհ են եղել փակ հանդիպումից: Նրանց մտահոգել է քաղաքապետի «առաջարկը»` եղած ավտոպարկը թարմացնելու վերաբերյալ:
Օրինակ, Հայաստանի ուղեւորափոխադրողների միության նախագահ Հրանտ Եղիազարյանը, «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում անդրադառնալով քաղաքապետի եւ տնտեսվարողների հետ հանդիպմանը, անկեղծացավ, որ վիրավորված է: Իրեն չեն հրավիրել այդ հանդիպմանը. «Ես գնացի, ինձ ասացին` Ձեր կարիքը չունենք: Այսօրվա իշխանության գործելաոճն է: Դա ինձ համար մեծ ցավ է: Ես է՛լ հանդիպման չեմ գնա: Ես իմ հաճույքի համար չէի գնալու այնտեղ… ես հին տրանսպորտնիկ եմ եւ կարող եմ խորհուրդներով իրենց օգնել»:
Բայց չնայած սրան` Հրանտ Եղիազարյանը խոսել է հանդիպմանը ներկա ուղեւորափոխադրողների հետ: «Ում հրավիրել են, ասել են` գնացեք, նոր միկրոավտոբուս կամ ավտոբուս բերեք, 2 տարի աշխատեք, մինչեւ մենք կարողանանք մեր հարցերը կարգավորել: Այսինքն` եթե երկու տարվա մեջ կենդանի մնան ու կարողանան ուղեւորափոխադրում իրականացնել, միգուցե թողնեն նոր երթուղային ցանցում աշխատեն»,- տեղեկացրեց Հրանտ Եղիազարյանը: Ապա նշեց, որ տնտեսվարողները նորից գնալու են հանդիպման, որից հետո պարզ կդառնա, թե ինչ պատասխան կտան: «Եթե ուղեւորափոխադրողները խելք ունենան, պետք է հրաժարվեն: Նրանց հիմա անգամ վարկ տվող չկա: Մենք ինչո՞ւ էինք պահանջում սակագինը սարքել 150 դրամ. որովհետեւ մեր ծախսերը չեն ծածկվում 100 դրամով: Պետք է ասեն` մենք ախմախի մեկն ենք, պատրաստ ենք մենք ինչ ունենք-չունենք` տուն-տեղ, դնենք գրավ, մեքենաներ բերենք, որ ձեր երեսը պարզ անենք ժողովրդի առաջ: Ախր, պետք է իրենք իրենց հարց տան`բա հետո ինձ հետ ի՞նչ է լինելու: Վզներին դրվել է… հիմա հարց է` կկարողանան վզներից գցեն էս լուծը, թե չեն կարողանա»,- նկատեց մասնագետը:
Մասնագետի խոսքով` տրանսպորտի մեխանիզմը մաշվում է, որը 100 տոկոսով վերականգնել հնարավոր չէ: «Դա բացառվում է: Նույն եւ ավելի վատ վիճակում են գտնվում երթուղի սպասարկող ավտոբուսները, որովհետեւ դրանց ծախսերն ավելի են: Մարդիկ չեն հասցնում իրենց հավաքած գումարով այդ մեքենաները պահել նորմալ վիճակում: Այսօր Երեւանում գործող հասարակական երթուղիները սպասարկող տրանսպորտային միջոցների անվտանգության համակարգի մեխանիզմները մաշված են, իսկ փոխելու հնարավորություն չկա: Անվադողերը նույնպես մաշված են, ղեկային մեխանիզմները լավ չեն աշխատում եւ այլն: Իսկ նման անսարքությունների դեպքում ուղղակի անթույլատրելի է երթեւեկել: Վարորդն այնքան չնչին գումար է տանում գծատիրոջը մուծում, որը չի բավարարում մեքենաները նորոգելու համար: Եթե գծատերն ունի 50 մեքենա, երկուսը կանգնեցնում է, հետո դրանց պահեստամասերը տեղադրում է այն 48-ի վրա եւ այդ կերպ յոլա գնում: Անշահութաբեր է: Այսքանից հետո ի՞նչ թարմացնելու մասին է խոսքը»,- վրդովվեց Եղիազարյանը:
Զրույցի ընթացքում Հրանտ Եղիազարյանը բերեց ուղեւորափոխադրող Վիգեն Պողոսյանի օրինակը, որը ժամանակին 800 հազար դոլարի չափով վարկ է վերցրել 20 հատ մեքենա բերելու նպատակով. «Հինգ տարի շահագործում է, եւ հիմա իր պարտքը կազմում է 1 մլն 200 հազար դոլար: Բայց իրեն էլ չեն կանչել հանդիպմանը»:
Իսկ, ահա, Երեւանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանը հույս ունի, որ գոնե հանդիպմանը մասնակցած ոչ բոլոր ուղեւորափոխադրողները քաղաքապետի առաջարկը կյանքի կկոչեն:
«Քաղաքապետն առաջարկել է, ասել է` թարմացրե՛ք, որ կարողանանք երկու տարի սպասարկել մեր քաղաքացիներին: Առաջարկել է, ոչ թե պարտադրել: Իրենց ձեռնտու չէ, որ թարմացնեն: Ախր, փտած միկրոավտոբուսով է՛լ չի կարելի աշխատել, մի օր ժողովրդից մեկը կընկնի ավտոբուսից, կզարմանանք»,- նշեց տրանսպորտի վարչության պետը:
Մեր այն հարցին` հնարավոր է արդյոք քաղաքապետարանը ֆինանսապես աջակցի տնտեսվարողներին, ինչ միջոցներով մարդիկ պետք է պարկը թարմացնեն: Նավասարդյանը զարմացավ. «Բայց քաղաքապետարանն ինչո՞ւ պետք է ֆինանսապես աջակցի, ո՞նց օգնի»:
«Ժողովուրդ» օրաթերթը պաշտոնյայից հետաքրքրվեց նաեւ` եթե տնտեսվարողները քաղաքապետի առաջարկը չընդունեն եւ հրաժարվեն ավտոպարկը թարմացնելուց, ինչ է ձեռնարկելու քաղաքապետարանը: Հարցին ի պատասխան` Նավասարդյանն ասաց. «Մենք առաջարկել ենք, տեսնենք արձագանքը ինչ կլինի, հետագայում քայլեր կձեռնարկենք»: Ի դեպ, նշենք, որ տնտեսվարողները 10 օր ունեն քաղաքապետի առաջարկը քննարկելու, հաշվարկելու համար: «Մենք ասել ենք, որ 10 օրվա ընթացքում ձեզանից սպասում ենք պատասխաններ: Գրավոր կներկայացնեն իրենց պատասխանը`այո, թե ոչ: 10 օր հետո պարզ կլինի: Իրենք հիմա հաշվարկներ են անում` ծախսերի մեջ կտեղավորվեն, թե ոչ»,- տեղեկացրեց Նավասարդյանը:
Զրույցի ընթացքում հետաքրքրվեցինք, թե ինչու հանդիպմանը չեն հրավիրել ուղեւորափոխադրողների միության նախագահ Հրանտ Եղիազարյանին. «Գիտեմ, որ վիրավորվել է: Տնտեսվարողներին են միայն կանչել, իր անունը ցուցակում չկար, քանի որ տնտեսվարող չէ»:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

 

 

 

ԱՂԲԱՀԱՆՈՒԹՅԱՆ ԽՆԴՐԻ ՇՈՒՐՋ ՍՏԵՂԾՎԱԾ ԹՆՋՈՒԿԸ
Երեւանի քաղաքապետարանի եւ «Սանիտեք» ընկերության առցանց նամակագրական կապը տեւական ժամանակ է` շարունակվում է: Եթե նշված կառույցներից մեկը մյուսին որեւէ բան է ցանկանում հասկացնել կամ ակնարկել, օնլայն բաց նամակ է հրապարակում: Երեկ նման մի նամակ հրապարակեց «Սանիտեք» ընկերությունը: Ինչպես հայտնի է, արդեն մի քանի օր է` «Սանիտեք»-ը աղբահանություն չի իրականացնում եւ պատճառների մասին քաղաքապետարանին չի ծանուցել, գրավոր չի նախազգուշացրել: Համենայնդեպս, այդպես նշում են քաղաքապետարանից: Սակայն պարզվում է, որ «Սանիտեք»-ը լուրջ պատճառներ ունի: Ըստ այդ ընկերության` ներկա պահի դրությամբ Երեւանի քաղաքապետարանը երկու պայմանագրերի շրջանակներում պակաս է վճարել ավելի քան 330 մլն դրամ, եւ ընկերությունը քաղաքապետարանից պահանջում է կատարել պայմանագրով սահմանված վճարման պարտավորությունները ամբողջությամբ: Ավելին` «Սանիտեք»-ը հայտարարել է, որ ստեղծված իրավիճակի պատճառը միայն Երեւանի քաղաքապետարանն է, եւ այս վիճակը կշարունակվի այնքան ժամանակ, քանի դեռ Երեւանի քաղաքապետարանը չի կատարել իր վճարման պարտավորությունները:
Բայց քաղաքապետարանը շարունակում է անգործության մեջ բացահայտ մեղադրել «Սանիտեք»-ին` առանց հանրությանը մանրամասնելու ընկերության հետ չստացված համագործակցության իրական պատճառների մասին: Չէ՞ որ հարց է` ինչու «Սանիտեք»-ին հաջողվեց աշխատել քաղաքային նախկին իշխանությունների հետ, իսկ ներկայիս իշխանությունների հետ` ոչ:
Այնուամենայնիվ, այս հարցը «Ժողովուրդ» օրաթերթը ուղղեց քաղաքապետարանի կոմունալ տնտեսության վարչության պետ Արարատ Խաչիկյանին: Վերջինս խորհուրդ տվեց հարցի պատասխանը ստանալ «Սանիտեք»-ից: Հարցին` հանդիպե՞լ եք «Սանիտեք»-ի ներկայացուցիչների հետ, քննարկե՞լ եք խնդիրը, մեր զրուցակիցն արձագանքեց. «Մարդ չկա, որ հարցնեմ` ինչո՞ւ եք հրաժարվել աշխատել: Ես անձամբ գնացել եմ այնտեղ, աշխատողներ կային, որոնց հարցեր եմ տվել, ինձ էլ պատասխանեցին` հարցրե՛ք Նիկոլասին: Իսկ Նիկոլասն էլ այստեղ չէ, տեւական ժամանակ է` երկրում չէ Նիկոլասը»: Ապա պարզաբանեց, որ այժմ «Երեւանի աղբահանություն եւ սանիտարական մաքրում համայնքային հիմնարկի» կողմից քաղաքը աղբից մաքրվում է: Խնդրի առնչությամբ «Ժողովուրդ» օրաթերթը դիմեց նաեւ «Սանիտեք»: Բնականաբար, մեր հեռախոսազանգերն անպատասխան մնացին, բայց մենք ընկերության մաքրուհիներից տեղեկացանք, որ մի քանի օր է` հիմնարկը փակ է: Պարզվում է, որ մաքրուհիները որոշել են այս ընթացքում աշխատանքից դուրս գալ, սակայն չեն կարողանում ստանալ ազատման վերաբերյալ իրենց դիմումները:
Ի դեպ, նրանց մեծ մասն այժմ աշխատում է քաղաքապետարանի ստեղծած հիմնարկում:

Ս. ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

 

 

 

ԴԱՍԵՐ՝ ՀԱՆԴԻՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍՐԱՀՈՒՄ
Իջեւանի տարածաշրջանի սահմանամերձ Կիրանց գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտները նոր ուսումնական տարվա ընթացքում սովորում են դպրոցի վթարային շենքում: Դեռ այս տարվա գարնանը Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը, տեսնելով Կիրանցի դպրոցի շենքի վթարային վիճակը, հայտարարեց, որ աշակերտները չպետք է դասեր անցկացնեն վթարային շենքում, պետք է այդ շենքից դուրս գան: 47 աշակերտ ունեցող դպրոցում մեկնարկած ուսումնական տարում 4 առաջին դասարանցի ունեցող Կիրանցի միջնակարգ դպրոցի տնօրեն Վոլոդյա Բաբինյանը «Ժողովուրդ» օրաթերթին ասաց, որ դպրոցի 3 դասասենյակներ, որոնք ավելի վթարային են, տեղափոխվել են: Ներկայումս այդ դասարանների փոխարեն դասերը տեղի են ունենում Կիրանցի համայնքապետարանին պատկանող հանդիսությունների սրահի տարածքում, ուր նորոգում է կատարվել, դասասենյակներ են ձեւավորվել: Տավուշի մարզպետարանի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Մանե Ղազումյանն էլ «Ժողովուրդ» օրաթերթին հայտնեց, որ այս տարի կկազմվեն Կիրանցի դպրոցի նոր շենքի նախագծանախահաշվային փաստաթղթերը, իսկ շենքի կառուցումը նախատեսված է 2020թ.: Վ. Բաբինյանը հայտնեց, որ դպրոցի նոր շենքը կկառուցվի այլ տարածքում, Կիրանց գյուղի հարավային մուտքի մոտ:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ




Լրահոս