ՃԱԿԱՏԱԳՐԱԿԱՆ ԵՎ ՈՐՈՇԻՉ ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐԻՆ ԸՆԴԱՌԱՋ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սեպտեմբերի 5-ին եւ 8-ին Հայաստանի ազգային հավաքականը ԵՎՐՈ-2020-ի նախընտրական փուլի շրջանակներում 2 հանդիպում կանցկացնի` մրցելով համապատասխանաբար Իտալիայի ու Բոսնիա եւ Հերցեգովինայի հավաքականների դեմ:

Պատասխանատու եւ ճակատագրական խաղերին մասնակցելու համար Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցը հավաքական է հրավիրել 25 ֆուտբոլիստների. իհարկե, կային ֆուտբոլիստներ, որոնք իրենց խաղով ապացուցել են, որ արժանի են հավաքականի մարզաշապիկը կրելուն, սակայն մարզիչը ընտրել է այն ֆուտբոլիստներին, որոնք պատրաստ են այս պահին խաղալ նման հավաքականների հետ եւ նման ճնշման տակ: Հայաստանի հավաքականը կայացած 4 հանդիպումներում վաստակել է 6 միավոր` կրելով 2 պարտություն եւ տանելով 2 հաղթանակ: Վերջին 2 խաղերում հաղթելուց հետո մեր ընտրանին լուրջ հայտ ներկայացրեց Եվրոպայի առաջնությանը որակավորվելու համար: Առաջին լուրջ փորձությունը մեր ընտրանու համար լինելու է Եվրոպայի հզոր հավաքականներից մեկը` Իտալիան: Այս խաղում բացահայտ ֆավորիտը միանշանակ համարվում են իտալացիները, սակայն Հայաստանի հավաքականն էլ «ձեռքերը ծալած չի նստելու», եւ այն փաստը, որ հանդիպումը կայանալու է Հայաստանում, կարող է նշանակալից դեր խաղալ: Այս պահին մեր հավաքականում գլխավոր խնդիրներից մեկը դարպասապահի դիրքն է, քանի որ մեր հիմնական դարպասապահ Արամ Հայրապետյանը Իլշատ Ֆայզուլինի թեթեւ ձեռքով չունի խաղային պրակտիկա: «Ուրարտուի» գլխավոր մարզիչ Իլշատ Ֆայզուլինը Հայրապետյանի շուրջ ստեղծված իրավիճակի մասին ասել է, որ յուրաքանչյուր ֆուտբոլիստի հարկավոր է դադար, եւ միայն դա է նրան մեկնարկային կազմում չընդգրկելու պատճառը: Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնությունից արդեն անցել է 5 տուր, եւ չնայած նարան, որ «Գանձասար – Կապանը» լավ չի մեկնարկել առաջնությունում, թիմի դարպասապահ Գեւորգ Կասպարովը շատ լավ տպավորություն է թողել, եւ տրամաբանական էր նրան տեսնել հավաքականի հայտացուցակում եւ, ինչու ոչ, նաեւ մեկնարկային կազմում: Այո, Կասպարովը 39-ը տարեկան է, բայց նրա մարզավիճակը բավարար էր հավաքականի հայտացուցակում լինելու համար: Ամեն դեպքում, ամենայն հավանականությամբ հենց Արամը կպաշտպանի դարպասը Իտալիայի հավաքականի դեմ խաղին: Հայաստանի հավաքականից բացակայում է նաեւ Գոռ Մալաքյանը, որը «Արարատ-Արմենիայի» կազմում փայլուն խաղեր է անցկացնում. կարելի է եւ պետք է նշել նաեւ Արտյոմ Սիմոնյանի անունը, որը այս պահի դրությամբ առանց չափազանցնելու «Փյունիկի» կազմում հրաշալի ֆուտբոլ է խաղում: Այս ֆուտբոլիստների բացակայությունը մի փոքր զարմանալի է, սակայն որոշողը մարզիչն է, եւ հուսանք, որ Արմեն Գյուլբուդաղյանցի կողմից հավաքական հրավիրված ֆուտբոլիստները կկարողանան հասնել ցանկալի արդյունքի: Իտալիայի ու Բոսնիայի եւ Հերցեգովինայի հավաքականների դեմ խաղալը ընդամենը մի քանի օրվա տարբերությամբ շատ բարդ է, բայց ոչ անհնարին: ԵՎՐՈ-2020-ի նախընտրական փուլի առաջին տուրում մենք դրսում 1:2 հաշվով զիջեցինք բոսնիացիներին, սակայն այդ խաղի արդյունքը այդքան էլ համապատասխան չէր խաղին: Մեր տղաները այդ խաղում շատ լավ տպավորություն թողեցին եւ իրականում արժանի չէին պարտության: Պարզից էլ պարզ է, որ Բոսնիա եւ Հերցեգովինայի դեմ առաջին խաղից եղել են հետեւություններ, որոնք պատասխան խաղում կարող են դառնալ մեր գլխավոր զենքը: Մեր ընտրանին բաղձալի 2-րդ հորիզոնականից հետ է մնում ընդամենը 3 միավոր, եւ այս հանդիպումները լավ ավարտին հասցնելու դեպքում կարող է 2-րդ հորիզոնականը դառնալ մերը: Արմեն Գյուլբուդաղյանցը արդեն ապացուցել է, որ հավաքականի «հերթականներից» չէ, այլ այն մեկը, ով կարող է Հայաստանի հավաքականը դարձնել լավագույններից մեկը: Այո, մրցակիցները ահարկու են թվում, սակայն մեծ հաղթանակներն էլ կերտվում են հենց այդպիսի մրցակիցների դեմ խաղերում: Հայաստանի հավաքականը արդեն սկսել է մարզական հավաքը ՀՖՖ Տեխնիկական կենտրոն Ավանի ակադեմիայում: Ցավոք, մեր թիմի հայտացուցակից վնասվածքի պատառով բացակայում է Մարկոս Պիզզելին, իսկ, ահա, նոր կազմ վերադարձած Սարգիս Ադամյանը պատրաստ է եւ կփորձի օգնել իր ազգային հավաքականին:
Հիշեցնենք, որ երկու հանդիպումներն էլ կկայանան Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում:

ԷԴՄՈՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

 

 

 

ՎԵՐԱՄԲԱՐՁ ԿՌՈՒՆԿ Է ԱՅՐՎԵԼ
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն ահազանգ է ստացվել, որ Երեւանի Արարատյան փողոցի թիվ 95 հասցեում այրվում է վերամբարձ կռունկ: Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատից չորս մարտական հաշվարկ: Այրվել է վերամբարձ կռունկի խցիկը (մասամբ). տուժածներ չկան:

 

 

 

ՋԵՐՄԱՍՏԻՃԱՆԸ ՉԻ ՓՈԽՎԻ
Հայաստանի առանձին շրջաններում սեպտեմբերի 3-ին սպասվում են անձրեւներ եւ ամպրոպ, որոնց ժամանակ հնարավոր է հյուսիսարեւմտյան քամու ուժգնացում վայրկյանը 20 մետր արագությամբ: Օդերեւութաբանների նախնական կանխատեսումներով` մինչեւ շաբաթվա վերջ օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի: Նշենք, որ մայրաքաղաքում սպասվում է առանց տեղումների եղանակ: Առաջիկա գիշեր մայրաքաղաքում կլինի +15+17, վաղը ցերեկը` +27+29:




Լրահոս