ՄԱՐՈՒՔՅԱՆԸ ԿՈՒՍՈՒՄՆԱՍԻՐԻ ՀՈՒՅԺ ԳԱՂՏՆԻ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օգոստոսի 4-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարել էր, թե 2014թ.-ին պատրաստվել է մի գաղտնի զեկույց, որն ապացուցում է՝ հեղափոխությունից առաջ եւ որոշ իմաստով նաեւ հեղափոխությունից հետո մեր երկիրը գտնվում է ինստիտուցիոնալ կաթվածահար վիճակում: Նիկոլ Փաշինյանի հայտարարությունից հետո ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը դիմել էր վարչապետին` խնդրելով իրեն տրամադրել այդ փաստաթղթերը:

Եւ, այսպես, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը անակնկալ հայտարարել էր. «Նախորդ իշխանության օրոք պատրաստված այս փաստաթուղթը մեզ տալիս է ամբողջական պատկերացում, թե ինչ վիճակում է եղել կամ այսօր էլ կա մեր երկիրը, որովհետեւ այն պրոբլեմները, որոնք այստեղ գրված են, մեկ տարում հնարավոր չէր շտկել: Երբ կարդում ես այս փաստաթուղթը, հետեւությունը սա է՝ հեղափոխությունից առաջ եւ որոշ իմաստով նաեւ հեղափոխությունից հետո մեր երկիրը գտնվում է ինստիտուցիոնալ կաթվածահար վիճակում: Սա փաստաթուղթ է այն մասին, որ պետական ինստիտուտները կաթվածահար են եւ ինստիտուցիոնալ առումով մեր պետությունը ձախողված է»: Այս հայտարարությունը մեծ աժիոտաժ էր առաջացրել քաղաքական դաշտում, քանի որ բոլորը փորձում էին հասկանալ, թե ինչի մասին կարող է լինել այդ փաստաթուղթը: Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր նաեւ, որ եղել են ինստիտուտներ, որոնց վերաբերյալ ինքը կարծել է` կայացած են, սակայն, վերջում պարզվել է՝ ինստիտուցիոնալ կաթված է կամ կիսակաթված. «Մեզ ամուր նյարդեր են պետք: Չպետք է խուճապահար վազենք բոլոր հնարավոր հարցերի հետեւից, այլ հերթով լուծենք խնդիրները՝ առանց տուրք տալու էմոցիաներին»: Վարչապետի հայտարարությունից հետո` օգոստոսի 5-ին, ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը գրություն էր ուղարկել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին. «Խնդրել եմ տրամադրել գաղտնի զեկույցի օրինակը, որը պատրաստվել է մոտավորապես 2014 թվականին՝ նախորդ իշխանության օրոք։ Վարչապետի խոսքով՝ այն տալիս է ամբողջական պատկերացում, թե ինչ վիճակում է եղել մեր երկիրը, փաստաթղթով հիմնավորվում է, որ մեր պետությունն ինստիտուցիոնալ առումով կաթվածահար է եւ ամբողջությամբ ձախողված, այն նաեւ հնարավորություն է տալիս հասկանալու, թե իրականում ինչ իրավիճակ է Հանրապետությունում, եւ ինչ խնդիրներ է անհրաժեշտ լուծել»:
Վերջին ժամանակահատվածում, ըստ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների, կառավարությունում քննարկվել է, թե ինչ պատասխանեն Մարուքյանին: Եւ երկար քննարկումներից հետո որոշել են Էդմոն Մարուքյանին հրավիրել հայրենի կառավարություն: Երեկ «Ժողովուրդ» օրաթերթը այս հարցերի շուրջ զրուցել է ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի հետ:
-Պարո՛ն Մարուքյան, Դուք դիմել էիք ՀՀ վարչապետին` խնդրելով տրամադրել գաղտնի զեկույցի օրինակը, որը պատրաստվել է մոտավորապես 2014 թվականին՝ նախորդ իշխանության օրոք: Ըստ այդ փաստաթղթի հիմնավորումների` մեր պետությունն ինստիտուցիոնալ առումով կաթվածահար վիճակում է գտնվում: Ձեզ արդեն պատասխանե՞լ են, ի՞նչ է որոշվել, ի՞նչ եք անելու:
-Կառավարությունից ինձ պատասխանել են, որ կարող եմ գնալ այնտեղ փաստաթղթերը ուսումնասիրելու համար: Հիմա պետք է ժամանակ գտնեմ, գնամ, նստեմ, ծանոթանամ փաստաթղթերին, խորհրդարանի շենքում չի, որ կարողանամ նստեմ, ուսումնասիրեմ, պետք է գնամ կառավարություն: Ինձ տեղեկացրել են, որ կարող եմ գնալ կառավարության առաջին բաժին, որպեսզի ուսումնասիրեմ փաստաթղթերը:
-Նախորդ իշխանությունները վստահեցնում են, որ նման փաստաթուղթ չի կարող գոյություն ունենալ, որտեղ կերեւար, թե երկիրը կաթվածահար վիճակում է գտնվել: Ի՞նչ եք ակնկալում տեսնել այնտեղ:
-Պետք է գնամ, որպեսզի տեղում հասկանամ` ինչ փաստաթղթի մասին է խոսքը, որեւէ բան այդ առումով չեմ կարող ասել, քանի որ չեմ տեսել այդ ամենը: Ես երբ գնամ, այդ ժամանակ էլ հրապարակային կասեմ` կա թե չկա իրականում նման փաստաթուղթ: Բովանդակությունը չեմ կարող ասել, թե ինչ է գրված այնտեղ, բայց կասեմ` իրականում կա նման բան, թե չէ: Փաստաթուղթը հույժ գաղտնի է. եթե լինի նման փաստաթուղթ, կասեմ դրա մասին: Ես կարծում եմ, որ եթե կանչել են, նշանակում է` նման փաստաթուղթ կա:
-Հնարավո՞ր է ինչ-որ հատվածներ հրապարակեք, որոնք կմտահոգեն նաեւ Ձեզ:
-Հույժ գաղտնի փաստաթուղթ է, չեմ կարող հրապարակել, բայց կհրապարակեմ, որ իսկապես նման փաստաթուղթ գոյություն ունի: Բովանդակություն չեմ հրապարակելու:
-Եթե ծանոթացաք, դրանից հետո ի՞նչ է լինելու: Եթե ասում եք` կանչել են, ուրեմն նման փաստաթուղթ գոյություն ունի: Այդ ուսումնասիրությունը հետեւանքներ ունենալո՞ւ է. իշխանություներն էլ են ծանոթացել, բայց դրան որեւէ բան չի հետեւել:
-Այդ հարցում պետք է ՀՀ վարչապետին դիմեք: Որպես խորհրդարանական ուժի ղեկավար` պետք է հասկանամ, թե ինչ է եղել, ինչ ձախողված ինստիտուտների մասին է խոսքը գնում, մենք ինչ անելիքներ ունենք եւ այլն ու այլն: Առանց ծանոթանալու դեռեւս չեմ կարող որեւէ բան ասել:

 

 

 

 

ՓԱՇԻՆՅԱՆԻ ԱՉՔԻՆ ԲԱՐՁՐԱՆԱԼՈՒ ՀԵՏԵՎԱՆՔԸ

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն` հայրենի կառավարության եւ խորհրդարանի անդամների միջեւ փոխհարաբերությունները վերջին ժամանակահատվածում ավելի են լարվել` հասնելով իր գագաթնակետին: Բանն այն է, որ կառավարության անդամները խանդով են վերաբերվում այն հանգամանքին, որ խորհրդարանականներն ավելի շուտ են մշակում նախագծեր, քան իրենք: Ըստ մեր տեղեկությունների` կառավարության անդամներն ամեն ինչ անում են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ապացուցելու համար, որ իրենք լավ են աշխատում, անգամ այն գնով, որ հորդորում են նույնաբովանդակ նախագծերը օրակարգից հանել, քանի որ իրենք նման նախագիծ են խորհրդարան բերում:

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` նման մի իրավիճակ է ստեղծվել, երբ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, թե պետք է մի նախագիծ մշակել, որ կքրեականացնի բռնության կոչերը: ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը նախագիծ է մշակել, ներկայացրել կառավարություն, որից ինչ-որ ժամանակ հետո հանկարծ Արդարադատության նախարարությունից տեղեկացնում են, որ իրենք են նման նախագիծ բերում խորհրդարան: Ու, ըստ մեր տեղեկությունների, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանի կողմից Քրեական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին նախագիծը չեզոքացնում են ու առաջնահերթ համարում նախարարության կողմից ներկայացվելիք նախագիծը:
Դրա վկայությունն է այն, որ երեկ ԱԺ պետական-իրավական հանձնաժողովի նիստին արդեն ներկայացված նախագիծը որոշվել էր օրակարգից հանել: Ու, ըստ հանձնաժողովին ներկայացված նախագծի, պատգամավորն առաջարկում էր Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգիրքը լրացնել նոր՝ 226.1-ին հոդվածով, ինչի արդյունքում կքրեականացվեն բռնություն գործադրելու հրապարակային կոչերը: Մեր տեղեկությունների համաձայն` գրեթե ամեն օր լարվում է իշխանությունների ներսում փոխհարաբերությունները, քանի որ հանդուրժողականությունը ներսում հավասարվել է զրոյի: Ամեն մեկը փորձում է իր դերակատարումը բարձրացնել Նիկոլ Փաշինյանի մոտ, ինչի պատճառով էլ գործ անելու փոխարեն իշխանության ներկայացուցիչները լծվել են իրենց ցուցադրելու գործին:
Իմքայլականները մեզ հետ մասնավոր զրույցներում չեն բացառում, որ առաջիկայում այդ լարվածությունը հասնի իր գագաթնակետին, ու որոշ պատգամավորներ արդեն պարզ ու բացահայտ խոսեն առկա խնդիրների մասին: Երեկ «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանի հետ խոսել նախագիծը օրակարգից հանելու հարցի վերաբերյալ, սակայն վերջինս մեր հեռախոսազանգերին չէր պատասխանում:

Նյութերը` ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

 

 

 

ՊԵՏՔ Է ԶԳՈՒՇԱՑՆԵՆ
Երեկ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությունը կրկին նիստ է անցկացրել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կենտրոնական գրասենյակում, որից հետո էլ տեղի է ունեցել կուսակցության վարչության նիստը: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` երեկվա նիստում կրկին ընդհանուր առմամբ քննարկվել է մեկնարկելիք նստաշրջանում պատգամավորների աշխատելաոճի հետ կապված հարցեր, քանի որ վերջին շրջանում հաճախ են այդ պատճառով դժգոհություններ լինում նաեւ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ: Եվ, ահա, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` երեկ պատգամավորներին մեկ անգամ եւս զգուշացվել է, որ պետք է խմբակցության հետ համակարգված, համաձայնեցված աշխատել, որպեսզի չլինեն այնպիսի քայլեր եւ արարքներ, որոնց մասին խմբակցության ղեկավարը տեղյակ չլինի: Խոսքը վերաբերում է նաեւ նոր նախաձեռնություններով հանդես գալուն, օրենսդրական նախաձեռնություններ ներկայացնելուն: Այլ կերպ ասած, պատգամավորներին ասվել է, որ այսուհետ նոր նախագծերը մինչեւ շրջանառության մեջ դնելը, դրանք քննարկելը պետք է այն ներկայացնել խմբակցության ղեկավարին, մյուս պատգամավորներին, որպեսզի վերջիններս եւս տեղյակ լինեն դրանց մասին: Այսինքն` խմբակցությունում ցանկանում են իմանալ եւ վերահսկել պատգամավորների յուրաքանչյուր քայլը՝ տհաճ անակնկալներից խուսափելու համար:

 

 

 

ՈՐՔԱՆ ԿՀԱՏԿԱՑՆԵՆ
ՀՀ կառավարությանն առընթեր միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեն միայն 2018 թվականին իրականացրել է 48 տեսչական ստուգում, իսկ, ահա, 2019 եւ 2020 թվականներին նախատեսում է իրականացնել 46 տեսչական ստուգում: Բացի այդ, կոմիտեի կողմից 2018 թվականի ընթացքում ոլորտում գործունեություն իրականացնող իրավաբանական անձանց տրամադրվել է 695 լիցենզիա, իսկ 2019 թվականին նախատեսվում է տրամադրել 762 լիցենզիա, իսկ, ահա, 2020 թվականին էլ՝ 715 լիցենզիա: ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունը 2020 թվականին պետական բյուջետային հայտով նախատեսել է իրականացնել շուրջ 13 ծրագիր, 58 միջոցառում, եւ դրանց իրականացման համար նախատեսված է 29 մլրդ 649 մլն դրամ:

 

 

 

ՎԱՐՉԱՊԵՏԸ ԿՄԱՍՆԱԿՑԻ
Այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կմասնակցի Արտակարգ իրավիճակների աշխատողի օրվան նվիրված միջոցառմանը, որը տեղի կունենա Արտակարգ իրավիճակների նախարարությունում: Միջոցառման ընթացքում վարչապետը կհետեւի ստորաբաժանումների քայլերթին, ցուցադրական վարժանքներին, ինչպես նաեւ շրջայց կկատարի: Մենք տեղեկացանք, որ բացի վարչապետից միջոցառմանը կմասնակցեն այլ պաշտոնյաներ եւս:




Լրահոս