ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Ռաֆիկ Պետրոսյանը համաձայն չէ, որ հանրային քննարկման ներկայացրած «Դատական օրենսգրքում» փոփոխություններ կատարելու մասին նախագիծը խախտում է իշխանությունների տարանջատման սկզբունքը, եւ համաձայն չէ դատավորների դժգոհությունների հետ:
«Ժողովուրդ» օրաթերթն իր երեկվա համարում գրել էր, որ դատավորների շրջանում դժգոհություն է հասունացել, եւ պատճառը «Դատական օրենսգրքում» փոփոխություններ կատարելու մասին նախագծին է վերաբերում, քանի որ, ըստ դրա, նրանք պարտավոր են լինելու ներկայացնել գույքի, եկամուտների հայտարարագիր Կոռուպցիայի դեմ պայքարի հանձնաժողովին, որին իրավունք է վերապահվելու դատավորների բարեվարքության վերաբերյալ եզրակացություններ ներկայացնել, կարող են ստանալ նաեւ բանկային գաղտնիք համարվող տեղեկություններ: Ըստ դատավորների` այդ նոր հանձնաժողովի գործունեությամբ խախտվում է իշխանությունների տարանջատման սկզբունքը, եւ դատական իշխանությունը դառնում է ԱԺ մեծամասնության կցորդ, քանի որ ե՛ւ այդ հանձնաժողովում, ե՛ւ ԲԴԽ-ում (որը պետք է զբաղվի դատավորներին կարգապահական վարույթի ենթարկելու հարցերով) առկա են ԱԺ-ի կողմից առաջադրված անձինք: Դատավորների խոսքով` ձեւավորվում է սուպերլիազորություններով մի մարմին, որին հասու են լինելու անգամ բանկային գաղտնիք պարունակող տեղեկություններ, եւ որը պատրաստվում է իրականացնել դատավորների վեթթինգը: Եվ, ահա, պարզվում է՝ Արդարադատության նախարարությունում ոչ միայն տեղյակ չեն դատավորների դժգոհությունների մասին, այլ նաեւ չեն կիսում նրանց մտահոգությունները:
Մասնավորապես, խոսելով իշխանությունների տարանջատման սկզբունքի մասին` Ռաֆիկ Գրիգորյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նկատեց. «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովն ուսումնասիրում է եւ եթե հայտնաբերում է խախտում, հնարավորություն ունի դիմել Բարձրագույն դատական խորհուրդ: Ես չեմ համարում, որ իշխանությունների տարանջատման սկզբունք է խախտվում, քանի որ վերջնական որոշման կայացումը Բարձրագույն դատական խորհրդինն է. եթե դա համարենք իշխանությունների տարանջատման սկզբունքի խախտում, ապա նկատենք, որ արդարադատության նախարարը եւս իրավունք ունի դիմել ԲԴԽ կարգապահական հարցերով վարույթ իրականացնելու համար: Եվ այդ դեպքում էլ գործադի՞րն է միջամտում»: Իսկ անդրադառնալով հայտարարագրերի ներկայացմանը` նա նշեց, որ մարմինը պետք է քննի գույքի հայտարարագրումը: «Գույքի հայտարարագրում ունենալու համար այդ մարմինը պետք է ունենա անհրաժեշտ գործիքակազմ, եւ դրանից մեկը բանկային հաշիվներ ստուգելն է: Բանկային գաղտնիք ասվածն էլ օրենքով սահմանված որոշակի դեպքերում հնարավոր է բացել», – նշեց նա` հավելելով, որ նախագիծը մոտ օրերս կուղարկեն կառավարություն, այնուհետեւ Ազգային ժողով:
Նշենք, որ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Ռաֆիկ Գրիգորյանը երեկ մասնակցում էր ԱԺ պետաիրավական հարցերով մշտական հանձնաժողովի նիստին, որի օրակարգում երեք տասնյակից ավելի հարցեր էին ընդգրկված, եւ մի քանի օր շարունակ քննարկումներ կլինեն: Եվ քանի որ հարցերի մեծ մասը կապված է հենց այս ոլորտի հետ, երեկ հանձնաժողովի նիստին ներկա էին նախարարի երեք տեղակալները: Նկատենք, որ բուռն քննարկում տեղի ունեցավ հատկապես այն բանից հետո, երբ ԱԺ կանոնակարգ օրենքում փոփոխություններ կատարելու հարցի քննարկման ժամանակ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը հայտարարեց, թե փոխնախարարին չի ճանաչում՝ խնդրելով ներկայանալ, ինչը դուր չեկավ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներից մի քանիսին եւ հատկապես Սուրեն Գրիգորյանին, որը սխալ համարեց պատգամավորի պահվածքը, եւ երկար ժամանակ պատգամավորները քննարկում էին Մարուքյանի կողմից փոխնախարարին ճանաչել-չճանաչելու հարցը: Եվ սա հիշեցրեց Ազգային ժողովի այն նիստը, երբ նույն Սուրեն Գրիգորյանը, արդեն առանց Էդմոն Մարուքյանի ներկայության, վերջինիս ԱԺ ամբիոնից մեղադրեց Քաղավիացիայի պետին «սիրուն աղջիկ» անվանելու մեջ, եւ կրկին երկար ժամանակ այդ հարցը քննարկեցին: Երեկ եւս, բուն նախագիծը թողած, այլ հարցեր էին քննարկում: Իսկ նախագիծը եւս ներկայացրել էր «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը, եւ առաջարկում են, որպեսզի ԱԺ մշտական հանձնաժողովները նախապես ունենան միջոցառումների ծրագիր` հաստատված պլան, որոշակի գործողություններ, որոնք պետք է արվեն հաջորդ տարի: Եվ ընդդիմադիր խմբակցության պատգամավորների բնորոշմամբ` սա արվում է նաեւ մշտական հանձնաժողովների աշխատանքը կանոնակարգելու համար, քանի որ այժմ կան հանձնաժողովներ, որոնք այնքան էլ ակտիվ չեն, քանի որ համապատասխան նախագծեր չկան: Եվ այս պարագայում նրանք կանեն նախապես հաստատված ծրագրով արված քայլերը: Այսօր Պետաիրավական հանձնաժողովի անդամները ծրագրում են շարունակել քննարկումները:
ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
ՎԵՐՋՆԱԿԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ՝ ԱՅՍՕՐ
Շրջակա միջավայրի նախարարությունն այսօր պետք է վերջնական եզրակացություն տա՝ Ամուլսարի հանքի շահագործման համար նոր ՇՄԱԳ պետք է, թե ոչ: Կառավարությունում օրեր առաջ անցկացված տեսակոնֆերանսի ժամանակ մի շարք նոր հանգամանքներ ի հայտ եկան նաեւ Քննչական կոմիտեի գործունեության հետ կապված, սակայն վերջնական անելիքները հայտնի կդառնան միայն այսօր՝ նախարարության կողմից տրված վերջնական եզրակացությունից հետո: Հավելենք, որ այս օրերին ակադեմիական գիտական հաստատությունները Շրջակա միջավայրի նախարարություն են ուղարկում իրենց տեսակետները` Ամուլսարի հանքի շահագործման շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման (ՇՄԱԳ) ու «Էլարդ»-ի փորձագիտական թիմի եզրակացության վերաբերյալ։ Եվ հիմնականում պրոֆեսորներն այն կարծիքն են արտահայտել, որ ջրերի աղտոտումն անխուսափելի է: Հավելենք, որ Գիտությունների ազգային ակադեմիան կառավարության խորհրդատուն է օրենքով, սակայն հանքի շահագործման գնահատական նրանցից ոչ ոք նախկինում չի պահանջել:
ՆՈՐ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՀՀ ֆինանսների նախարարությունը մշակել է Պետական ֆինանսների կառավարման համակարգի 2019-2023 թվականների ռազմավարությունը եւ գործողությունների ծրագիրը, որն արդեն դրվել է հանրային քննարկման: «Ժողովուրդ» օրաթերթը, ուսումնասիրելով ռազմավարությամբ նախատեսված գործողությունների շրջանակը, տեղեկացավ, որ նախատեսվում է նաեւ իրականացնել պետական կառավարման համակարգի օպտիմալացում։ Ըստ այդմ, նախատեսվում է բացահայտել կրկնվող գործառույթները, հստակեցնել պետական մարմինների եւ դրանց ենթակա կազմակերպությունների գործառույթները, որի արդյունքում կբարձրանա պետական մարմինների ծախսարդյունավետությունը եւ աշխատանքի արդյունավետությունը։ Նախատեսվում է նաեւ ներդնել էլեկտրոնային գնումների նոր համակարգ, որը թույլ կտա նաեւ ընդլայնել համակարգը շահագործող պատվիրատուների շրջանակը: Էլեկտրոնային եղանակով կմշտադիտարկվի նաեւ ապրանքների եւ ծառայությունների՝ սահմանված ժամկետներում, նախանշված որակով եւ կարգով մատակարարումը: Բացի այդ, «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ հաջորդ տարիներին ՀՀ ֆինանսների նախարարությունը նախատեսում է փոփոխություն կատարել Հարկային օրենսգրքում, որի շրջանակներում պետք է ուսումնասիրվեն շրջանառության հարկի գծով հարկային բեռի բարձրացման հետ կապված հարցեր, դրանց վերաբերյալ ներկայացվեն առաջարկություններ, որոնք կքննարկվեն նաեւ Ազգային ժողովում, որից հետո նախատեսվում է վերանայել շրջանառության հարկի բեռը: Բացի այդ, նախատեսվում է իրականացնել նաեւ գյուղատնտեսական արտադրանքի իրացման գործարքների փաստաթղթավորում:
ԱԶԱՏՎԵԼ, ՆՇԱՆԱԿՎԵԼ Է
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ` Սուրեն Ղամբարյանն ազատվել է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության ծառայության պետի պաշտոնից: Վարչապետի մեկ այլ որոշմամբ այդ պաշտոնում նշանակվել է Անի Ամիրշադյանը:
ՈՒՂԱՐԿՎԵԼ Է ԱԱԾ
Հատուկ քննչական ծառայությունում քննվող ՀՀ ֆինանսների նախկին նախարար, ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի գործն ուղարկվել է ՀՀ ազգային անվտանգության ծառայություն: Հիշեցնենք, որ Հատուկ քննչական ծառայությունում քննվող գործի շրջանակում մեղադրանք է առաջադրվել ՀՀ ֆինանսների նախկին նախարար, ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանին` ՀՀ քրեական օրենսգրքի 38-179 3-րդ մասի 1-ին կետով: Քրեական գործով պետությանը պատճառված 800 միլիոն դրամի վնասը վերականգնվել է: Խաչատրյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդությունը ներկայացրել էր Ազգային անվտանգության ծառայությունը: Նշենք, որ նախկին պաշտոնյան մեղադրվում է պաշտոնեական դիրքի չարաշահման եւ առանձնապես խոշոր չափով վատնում կատարելու համար:
ԱՌԱՋԻՆ ԱՆԳԱՄ
«Մենք մարդ չենք վերահսկում, մենք ինստիտուտներ ենք վերահսկում, Արդարադատության նախարարությանն ենք վերահսկում, ոչ թե տեղակալի, որը նոր է նշանակվել, ու որին, այո, ես առաջին անգամ եմ տեսնում»,- այդ մասին Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստին ասել է «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ պատասխանելով «Իմ քայլ»-ի պատգամավոր Սուրեն Գրիգորյանին: Նշենք, որ մինչ այդ Սուրեն Գրիգորյանն իր խոսքում նշել է, որ Էդմոն Մարուքյանը նույնիսկ չի ճանաչում արդարադատության փոխնախարարին, ինչը զարմանալի է. «Պետաիրավական հանձնաժողովի անդամ, ընդդիմադիր ֆրակցիայի ղեկավարը արդարադատության նախարարի տեղակալին ասում է` Դուք ո՞վ եք, լուրջ, հա՞»:
ԱՅՍՕՐ ԿՀՐԱՊԱՐԱԿՎԻ
ՀՀ սահմանադրական դատարանը Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու հիմքերի սահմանադրականության գործով որոշումը կհրապարակի այսօր՝ սեպտեմբերի 4-ին: Հիշեցնենք, որ Սահմանադրական դատարանը մի քանի ժամ դռնփակ նիստում գրավոր ընթացակարգով քննում էր «Մարտի 1»-ի գործով առանցքային մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանի դիմումը` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի եւ 135-րդ հոդվածի 2-րդ մասի` ՀՀ Սահմանադրությանը համապատասխանելու հարցը: