Արդեն աշուն է, եւ վաղուց ժամանակն է պահարանները համալրել աշնանային նորաձեւ հագուստով, մասնագետների օգնությամբ ստանալ գեղեցիկ լուքեր թե՛ առօրյայի, թե՛ հատուկ երեկույթների ու սպեցիֆիկ միջոցառումների համար: Այսպիսով, «Ժողովուրդ» օրաթերթը թեմայի շուրջ զրուցել է ոճաբան Արփինե Կոշտոյանի հետ: Նա նշել է, թե ինչ կոստյումներ, վերնաշապիկներ, վերարկուներ, կոշիկ կրել այս աշնանը ոճային տեսք ունենալու համար:
-Արփինե՛, առհասարակ, աշնանն ի՞նչ կրեատիվ մոտեցումներ կարելի է կիրառել մեր արտաքին տեսքն ապահովելիս: Այս աշունն ի՞նչ նոր տենդենցներ է թելադրում:
-Ինչ խոսք, հաճելի է այն, որ մեր օրերում նորաձեւ լինելու համար շատ ջանք թափել հարկավոր չէ. պարզապես պետք է հետեւել սեզոնի թրենդներին: Սակայն այս ճանապարհին խորհուրդ կտամ վերցնել այն միտումները, որոնք կհամապատասխանեն ձեր ոճին, որոնք կհամարեք ձերը: Հարկավոր է ընտրել այնպիսի հագուստ, որը այսօր նորաձեւ լինելով՝ վաղը հակաթրենդ չի դառնա: Օրինակ՝ հիմա բավական ակտուալ են դասական կոստյումները, որոնք միշտ էլ կմնան նորաձեւ: Հավաքածուներում աչքի է զարնում դասականի եւ սպորտայինի միքսը: Կոստյումներն ամենեւին պարտադիր չէ կրել վերնաշապիկով. կարող եք համադրել դրանք պարզ շապիկի ու բոթասի հետ: Շարունակելով թեման՝ կարող եմ ասել, որ վերնաշապիկները, որոնք ունեն լայն ձեւվածքներ, ընդունված է համադրել թե՛ տաբատների հետ, թե՛ հագնել որպես զգեստ: Ցանկացած կոշիկի ու պայուսակի փոփոխությամբ կփոխվի նաեւ ամբողջական լուքը: Դասական տաբատը միշտ է մոդայիկ եղել, պարզապես հիմա ավելի ակտուալ է մինչեւ կոճերը հասնող ուղիղ մոդելները, ոչ թե ոտքը գրկող: Այս աշնանը նորաձեւ են վագրային պրինտով վերարկուները, զգեստները, աքսեսուարները: Հավաքածուներում շատ են միատոն կոստյումները (երբ տաբատն ու պիջակը նույնատոն են): Մեծ տարածում ունեն oversize վերարկուները, գործած կարդիգանները, որոնք նույնիսկ ամենապարզ շապիկի ու տաբատի հետ համադրելով՝ կթողնեք բավական նորաձեւ մարդու տպավորություն:
-Այս աշնանը առանձնահատուկ տեղ են գրավում նաեւ կիսաթափանցիկ կտորները: Մի փոքր կմանրամասնե՞ք՝ ինչպես կարելի է դրանք կիրառել:
-Այո, այդ կտորից հավաքածուներում ներկայացված են անգամ ժակետներ եւ վերարկուներ: Ճիշտ է, դրանք չեն կատարում իրենց հիմնական ֆունկցիան, բայց այդ մոդելների շնորհիվ հնարավոր է հետաքրքիր կերպարներ ստեղծել, օրինակ՝ կարելի է օգտագործել կաշվե եւ կիսաթափանցիկ հագուստ՝ մեկ լուքում. երկու մատերիալն էլ այս աշնանը շատ կիրառելի են լինելու:
-Իսկ երեկոյան հագուստների մասով ի՞նչ կասեք:
-Այս աշնանը եւս փայլուն զգեստները դեռ չեն զիջում իրենց դիրքերը: Ամենաակտուալ գույներից է մետալը` աշուն հիշեցնող, ինչպես նաեւ պաստելային բոլոր երանգները եւս մոդայիկ են:
-Կոշիկներից տարածում ունեն կոպիտ տակացուներով մոդելները, այո՞, էլ ո՞ր տեսակի կոշիկներ խորհուրդ կտաք գնել:
-Այո, ինչպես նաեւ հաստ կրունկով կիսաճտքավոր մոդելները, կոպիտ, փռված, լայն տակացուներով բոթասները, որոնք գեղեցիկ են նայվում հատկապես ջինսերի հետ:
-Պայուսակների եւ աքսեսուարների մասով ի՞նչ կասեք:
-Նորաձեւ են շատ փոքրիկ պայուսակները, իսկ այլ աքսեսուարների պարագայում սխալ կլինի որեւէ բան առանձնացնելը, քանի որ տարբեր ոճի սիրահարների համար կա հարուստ ընտրանի: Միայն կարող եմ ասել, որ ակտուալ են երփներանգ եւ նախշազարդ գլխակապերը, աբադոկները՝ բանտի նման կապվող: Պարզապես ամեն մանրուք հարկավոր է ճիշտ ընտրել եւ չդառնալ նորաձեւության գերի՝ նախապատվությունը տալով կազմվածքին հարմար հագուստին եւ աքսեսուարին:
Զրուցեց ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԸ
«ՄՈՌԱՑԵԼ ԷԻ, ՈՐ … ՄԵՔԵՆԱ ՈՒՆԵՄ»
«Ժողովուրդ» օրաթերթը շարունակում է ընթերցողների դատին ներկայացնել շարք՝ «Չեք հավատա, բայց…» խորագրով: Շարքի շրջանակում պատմում ենք շոուբիզնեսցիների կյանքից քչերին հայտնի, բայց ուշագրավ դրվագներ, հայտնիները հիշում են պահեր, որոնք իրենց պարգեւել են ժպիտ, զարմանք, վախ եւ այլ զգացումներ: Այս անգամ մեր զրուցակիցը դերասան Անդրանիկ Հարությունյանն է: Նա հիշեց մեկ դեպք ստեղծագործական, եւ մեկ դեպք՝ անձնական կյանքից:
Առաջին դրվագը կապված է «Կարգին հաղորդման» հետ. «Նկարահանվում էինք հերթական սքեչերից մեկում, բնակարան էինք վարձել, տանտերերը խնդրել էին որքան հնարավոր է արագ իրականացնենք նկարահանումները, քանի որ հյուրեր պետք է ընդունեին այդ տանը: Հիշում եմ, որ բավական շոգ օր էր: Մենք հաց կերանք, թան խմեցինք եւ այդ շոգին, ոչ ավել ոչ պակաս, ստեղծագործական ողջ թիմով քնեցինք: Դա իսկապես անհավատալի բան էր, քանի որ մեր կազմը հայտնի էր իր պունկտուալությամբ… Այդ օրը տանտերը եկավ, աչքերին չէր հավատում»,- ծիծաղելով հիշեց դերասանը:Նա մտաբերեց մեկ այլ պատմություն եւս, որը կատարվել է շուրջ 9 տարի առաջ. «Երկար տարիներ շարունակ երթեւեկում էի տաքսիներով, դա, կարծես, իմ կենսակերպի մի մասն էր դարձել: Եվ, ահա, 2010-ին վերջապես գնեցի իմ մեքենան: Ուրախ-ուրախ եկա տուն, քնեցի այն մտքով, որ առավոտյան աշխատանքի արդեն սեփական մեքենայով եմ գնալու: Եվ երբ եկավ առավոտը, չեք հավատա, բայց մոռացա, որ մեքենա էի գնել, սովորության համաձայն զանգահարեցի, տաքսի պատվիրեցի: Տաքսին եկավ տուն, պատկերացրեք, որ արդեն տեւական ժամանակ էր անցել, պատշգամբից դուրս նայեցի եւ նոր հիշեցի, որ, ախր, ես մեքենա ունեմ…»,- պատմեց դերասանը՝ հավելելով, որ երբ ընկերներին պատմում էր եղելությունը, նրանք չէին հավատում՝ ինչպես կարելի էր նման բանը մոռանալ:
Ա. ԲԱԲԱՋԱՆՅԱՆ
ՀԱՆԴԻՊՄԱՆ ՕՐԸ ՎԵՐԱՆՇԱՆԱԿՎԵԼ Է
Հայաստանի Առաջին խմբի 4-րդ տուրի ԲԿՄԱ – «Դիլիջան» խաղը, որը հետաձգվել էր, կկայանա սեպտեմբերի 20-ին եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 16:00-ին: Այս մասին տեղեկացնում է ԲԿՄԱ-ի մամուլի ծառայությունը: Հիշեցնենք, որ ԲԿՄԱ-ն այժմ վաստակած 6 միավորով 10-րդն է, իսկ «Դիլիջանը» այժմ իր ակտիվում գրանցած միավոր չունի եւ եզրափակում է մրցաշարային աղյուսակը:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳԱՎԱԹԻ ՆՈՐ ԱՆՎԱՆՈՒՄԸ
Սեպտեմբերի 6-ին 3 խաղով կմեկնարկի Հայաստանի գավաթի խաղարկությունը: Մրցաշարն այսուհետեւ կկոչվի Vbet Հայաստանի Գավաթ: Այս մասին տեղեկացնում է ՀՖՖ պաշտոնական կայքը:
Նախնական փուլ
«Տորպեդո» – «Մասիս». Աբովյանի քաղաքային մարզադաշտ
«Վեստ Արմենիա» – «Անի». Ձորաղբյուրի մարզահամալիր
«Արագած» – «Վան». Չարենցավանի քաղաքային մարզադաշտ
Խաղերի սկիզբը` ժամը 17:00-ին:
ՏԱՐՎԱ ԼԱՎԱԳՈՒՅՆԸ
Պորտուգալիայի ազգային հավաքականի եւ Թուրինի «Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն ճանաչվել է Պորտուգալիայի տարվա լավագույն ֆուտբոլիստ: Պորտուգալացին իրենից հետ է թողել «Մանչեստեր Սիթիի» ֆուտբոլիստ Բերնարդու Սիլվային եւ «Ատլետիկո Մադրիդի» հարձակվող Ժոաու Ֆելիշից: Ռոնալդուն այս մրցանակին արժանանում է 10-րդ անգամ: Հիշեցնենք, որ Պորտուգալիայի ազգային հավաքականի ավագը նախորդ մրցաշրջանում նվաճել էր Իտալիայի առսջնության գավաթը, Իտալիայի Սուպերգավաթը եւ Ազգերի Լիգայի գավաթը:
ԽԱՇՄԱՆՅԱՆԸ ՀԵՌԱՑԱՎ
«Ալաշկերտի» ղեկավարությունը երկկողմանի համաձայնությամբ խզել է պայմանագիրը գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանի եւ նրա օգնականներ Արա Նիգոյանի ու Աշոտ Գրիգորյանի հետ: Այս մասին տեղեկացնում է ակումբի մամուլի ծառայությունը: Նշենք, որ «Ալաշկերտ»-ի գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատար նշանակվել է Արմեն Ադամյանը, ում շտաբում ընգրկված են ֆիզպատրաստության մարզիչ Արմեն Տոնոյանը եւ դարպասապահների մարզիչ Արմեն Կիրակոսյանը:
Պայմանագիրը խզելուց հետո «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է Աբրահամ Խաշմանյանի հետ: Վերջինս ասաց, որ խոսել է «Ալաշկերտ»-ի սեփականատիրոջ հետ, որն իրեն առաջարկել է աշխատել 50 տոկոս պակաս աշխատավարձով, եւ այդ պատճառով էլ ինքը խզել է պայմանագիրը:
ԷԴՄՈՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ