Ի՞ՆՉ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԼԻՆԵՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթն իր երեկվա համարում գրել էր, որ Ազգային ժողովում սկսում են «Կուսակցությունների մասին» օրենքի եւ ՀՀ Ընտրական օրենսգրքի փոփոխությունների մշակման աշխատանքները: Այդ մասին հայտարարել էր Ազգային ժողովի փոխնախագահ Լենա Նազարյանը` նաեւ հայտնելով, որ աշխատանքները համակարգելու է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Համազասպ Դանիելյանը:

Եվ, ահա, «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ այս օրերին եւ նաեւ դեռեւս Լենա Նազարյանի հայտարարությունից առաջ Համազասպ Դաբիելյանն արդեն խորհրդարանի ներսում քննարկումներ էր սկսել, առաջարկներ էր արել խորհրդարանական ընդդիմադիր խմբակցություններին նախնական կազմը որոշելու համար: Սակայն հետաքրքիր է, որ երեկվա դրությամբ անգամ «Իմ քայլը» խմբակցությունում տեղյակ չեն, թե ովքեր կընդգրկվեն փոփոխությունների մշակման համար ձեւավորվելիք աշխատանքային խմբում: Նման անտեղյակություն է նաեւ ընդդիմադիր խմբակցությունների պարագայում: Նկատենք նաեւ, որ ակնկալվում է այդ աշխատանքներին ակտիվ մասնակցություն նաեւ արտախորհրդարանական ուժերի եւ քաղաքացիական հասարակության կողմից:
Վերջիններս դեռ նախորդ տարվանից ունեն համապատասխան առաջարկներ` կապված Ընտրական օրենսգրքի եւ «Կուսակցությունների մասին» օրենքի հետ:
Հիշեցնենք, որ վեցերորդ գումարման խորհրդարանի կողմից ընտրություններից առաջ մերժվեց Ընտրական օրենսգրքի փաթեթը, որին դեմ էր Հանրապետական կուսակցությունը: Սակայն դրանից հետո եւս իշխանական խմբակցության ներկայացուցիչները ոչ մեկ անգամ հայտարարել են, որ ձեռնամուխ են լինելու Ընտրական օրենսգրքի փոփոխությանը: Դրան եւս մեկ անգամ ազդակ է հանդիսացել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից` իշխանական խմբակցության պատգամավորներին ուղղված կշտամբանքը:
«Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ կշտամբանքի պատճառ է հանդիսացել այն հանգամանքը, որ այս ամիսների ընթացքում խմբակցության կողմից որեւէ քայլ չի արվել: Դրան հետեւեց Լենա Նազարյանի կողմից համապատասխան հայտարարությունը: Եվ, ահա, սպասվելիք հնարավոր փոփոխություններից «Ժողովուրդ» օրաթերթին մանրամասներ են հայտնի դարձել: Այդպիսի փոփոխություններ, ամեն դեպքում, նախատեսում են իշխանական խմբակցության ներսում, սակայն չի բացառվում, որ խորհրդարանական ընդդիմադիր կամ արտախորհրդարանական ուժերի հետ քննարկումների ժամանակ ինչ-որ բաներ փոփոխվեն: Նախ նշենք, որ իշխանական ուժը նախատեսում է ընդհանուր առմամբ Ընտրական օրենսգրքի մշակման աշխատանքներն ավարտել 2020 թվականին եւ այն ներկայացնել խորհրդարանի քննարկմանը:
Մասնավորապես, նախատեսվում է վերացնել թեկնածուների տարածքային ցուցակներն ու անցում կատարել պարզ համամասնական ընտրակարգի: Ինչպես հայտնի է, վեցերորդ եւ յոթերորդ գումարման խորհրդարանները կազմավորվել են վարկանիշային ընտրակարգով, որի բացասական կողմերի մասին շատ կուսակցություններ են խոսել, այդ թվում` ներկայիս իշխանության ներկայացուցիչները, երբ դեռ ընդդիմադիր էին: Մյուս փոփոխությունը կարող է լինել ընտրվելու համար նվազագույն շեմի իջեցումը, եւ դա մեկնաբանվում է որպես կուսակցության բազմակարծության ապահովման փորձ: Ինչպես հայտնի է, այժմ կուսակցությունների համար ընտրվելու շեմը 5 տոկոսն է, դաշինքներինը` 7: Եվ, ահա, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` այս հարցում մի փոքր տարակարծություն կա, եւ մի մասը կողմ է այն 1 տոկոսով նվազեցնելուն, մյուս մասն էլ` 2:
Չի բացառվում, որ փոխվի նաեւ կոալիցիաների ձեւավորման կարգը: Ինչպես հայտնի է, Ընտրական օրենսգրքով, եթե որեւէ կուսակցություն քվեարկության արդյունքներով չի ստանում մանդատների 51 տոկոսը, ապա հնարավորություն է ստեղծվում կոալիցիաների ստեղծման համար այն հաշվարկով, որ այդ կոալիցիաները կունենան ձայների 51 տոկոսը կամ 53 մանդատ: Եվ կոալիցիաները կարող են ձեւավորվել առավելագույնը երեք կուսակցությունների միջեւ: Այս կարգը եւս կարող է փոխվել, սակայն վերջնական որոշում առկա չէ: Մյուս փոփոխությունը վերաբերում է ընտրագրավին: Այս մասին եւս շատ է խոսվել, եւ կուսակցությունների կողմից եւս բարձրաձայնվել է, որ այժմ գործող 8 մլն դրամ ընտրագրավը բավական մեծ գումար է կուսակցությունների համար:
Մեր տեղեկություններով` այս հարցը եւս կկարգավորվի քննարկումների միջոցով. այն կարող է տատանվել 5 մլն-ից 7.5 մլն-ի սահմաններում: 2018 թվականի դեկտեմբերի 9-ին տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններից առաջ առաջին անգամ կազմակերպվեց բանավեճ, որին մասնակցեցին բոլոր թեկնածու ուժերի ներկայացուցիչները: Նոր Ընտրական օրենսգրքում բանավեճը կսահմանվի օրենքով եւ ավելին` կսահմանվի, որ այն պետք է տեղի ունենա միայն կուսակցությունների ղեկավարների մակարդակով:
Իհարկե, սա փոփոխությունների միայն մի մասն է, եւ դրանք ավելի լայն են լինելու, իսկ աշխատանքներն էլ նախատեսվում է ավարտել 2020 թվականին:

ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

 

 

 

ՆԱԽԿԻՆ ՓՈԽՈՍՏԻԿԱՆԱՊԵՏԻ ԴԱՏԸ
Ինչպես հայտնի է, 2019 թվականի մարտի 27-ին նախկին փոխոստիկանապետ Լեւոն Երանոսյանի գործը մտել է դատարան: Նրան մեղադրանք է առաջադրվել 2018-ի ապրիլի 16-ին եւ 22-ին Երեւանում 8 հատ «Զարյա» տեսակի լուսաձայնային նռնակներ կիրառելու եւ այդպիսով իր լիազորությունների շրջանակից դուրս գործողություններ կատարելու մեջ: Նկատնեք, որ նախկին փոխոստիկանապետի մասով հարուցված քրեական գործով դատական նիստերը ընդհատումներով են կայանում: Բանն այն է, որ մարտի 27-ից նշանակված է եղել 8 դատական նիստ, որից 4-ը չի կայացել դատավոր Հարություն Մանուկյանի` դատական գործով նախագահող դատավորի՝ խորհրդակցական սենյակում գտնվելու պատճառով:

 

 

 

ՏԱՐՕՐԻՆԱԿ ՀԱՆԴԻՊՈՒՄ
Երեկ` աշխատանքային օրվա ավարտին, պարզ դարձավ, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության շենքում հանդիպում է անցկացնում «Սասնա ծռեր» կուսակցության անդամներ Գարեգին Չուքասզյանի եւ Ժիրայր Սէֆիլյանի հետ: Այս հանդիպման մասին լուրը լայնորեն քննարկվեց սոցիալական ցանցերում եւ մամուլում` հռետորական հարց հնչեցնելով` ինչ ընդհանուր օրակարգ ունի վարչապետը տեռորիստների հետ (նրանց այդպիսի որակում է տվել նաեւ ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը):
Երեկ «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանից պարզել` ինչ ընդհանուր օրակարգ է առկա: Սակայն վերջինս դժվարացավ մանրամասներ ներկայացնել` ասելով, թե հանդիպմանը չի մասնակցել եւ միայն կարող է հաստատել հանդիպման փաստը եւ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերի քննարկումը: Անդրադառնալով քննադատություններին` նա նշեց. «Հանրապետական կուսակցությունը թող իրենց գործածի համար բնորոշում գտնեն, հետո նոր ուրիշներին բնորոշում տան»: Իսկ, ահա, Ժիրայր Սէֆիլյանը հանդիպման մասին նշեց, թե վարչապետի հետ խոսել են իրենց մոտ առկա մտահոգությունների մասին` կապված երկում ստեղծված իրավիճակի հետ:

 

 

 

 

20 ԴԱՏԱԿԱՆ ՀԱՅՑ
«Ժողովուրդ» օրաթերթը պարբերաբար անդրադարձել է դատավորների թեկնածուների, ինչպես նաեւ գործող դատավորների կողմից Բարձրագույն դատական խորհրդի դեմ ներկայացրած հայցերին: Ուսումնասիրելով իրավիճակը` նկատենք, որ այսօրվա դրությամբ Բարձրագույն դատական խորհրդի դեմ հայցերի թիվը 21-ն է: Նշենք, որ 20 անձանցից միայն երկու դատավոր է ԲԴԽ-ին դատի տվել՝ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավորներ Հովհաննես Ղազարյանն ու Ադրինե Ղուկասյանը: Դատավոր Հովահաննես Ղազարյանը պահանջում է իրեն նշանակել Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր, իսկ Ադրինե Ղուկասյանը Արարատի եւ Վայոց ձորի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր: Իսկ, ահա, դատավորների թեկնածուները վիճարկում են ԲԴԽ-ի տարբեր որոշումները: Հավելենք, որ 20 հայցերը կապված են ԲԴԽ նախկին անդամների որոշումների հետ:

 

 

 

ԴՐԱԿԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց այն օրինագծերին, որոնք հնարավորություն կտան Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խորհրդի կազմի մեջ մտնել այն երկրների կառավարությունների ղեկավարներին, որոնց պետության օրենսդրությամբ դա նախատեսված է: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` սեպտեմբերի 5-ին տեղի ունեցած նիստում հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց «2002 թվականի հոկտեմբերի 7-ի` Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպության կանոնադրությունում փոփոխություններ կատարելու մասին» երկրորդ արձանագրությունը վավերացնելու եւ «1992 թվականի մայիսի 15-ի` Հավաքական անվտանգության մասին» պայմանագրում փոփոխություններ կատարելու մասին» երկրորդ արձանագրությունը վավերացնելու մասին օրենքների նախագծերին: «Մի դեպքում փոփոխություն է կատարվում պայմանագրում, մյուս անգամ` կանոնադրությունում: Նպատակը միակն է. քանի որ մեզ մոտ տեղի են ունեցել Սահմանադրական փոփոխություններ, եւ մինչ այդ ՀԱՊԿ-ում նախատեսվում էր, որ ղեկավար մարմնում են պետությունների ղեկավարները, ապա անհրաժեշտություն առաջացավ, որ կատարվի փոփոխություն, համաձայն որի` կարող է լինել նաեւ վարչապետը, եթե սահմանադրորեն դա նախատեսված է»,- ասաց արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը:

 

 

 

 

ՎԵՐՋՆԱԿԱՆ ՈՐՈՇՈՒՄ ՉԿԱ
Ամուլսարի հանքավայրի շահագործման հարցով վերջնական որոշում դեռեւս չկա: Այդ մասին լրագրողների հետ զրույցում նշեց վարչապետի մամուլի քարտուղար Վլադիմիր Կարապետյանը՝ ավելացնելով, որ հստակ չի կարող ասել, թե որոնք կլինեն հետագա գործողությունները այս ուղղությամբ: «Այդ հարցով քննարկումները շարունակվում են: Առաջիկայում պատկան մարմինները կանդրադառնան հարցին: Վարչապետի հանձնարարությամբ Շրջակա միջավայրի նախարարությունը պատրաստել է իրենց մոտեցումները նոր ՇՄԱԳ-ի վերաբերյալ»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ` ասաց Կարապետյանը: Դիտարկմանը, որ հաղորդագրությունից հայտնի չէ՝ նոր ՇՄԱԳ-ի կարիք կա, թե ոչ, Կարապետյանն ասաց. «Պատճառն այն է, որ վերջնական որոշում եւ վերջնական պատկերացում չկա: Երբ քննարկումները լինեն վերջնական, մենք այդ մասին կհայտարարենք»:

 

 

 

ԿՄԱՍՆԱԿՑԻ ՆԻՍՏԻՆ
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գլխավորած պատվիրակությունը Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի նիստին մասնակցելու նպատակով կմեկնի Մոսկվա: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այդ մասին որոշումը ստորագրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Այցը տեղի կունենա 2019 թվականի սեպտեմբերի 8-10-ը: Պատվիրակության կազմում են արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը, Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Վարոս Սիմոնյանը, ՊԵԿ նախագահի տեղակալ Միքայել Փաշայանը եւ այլք:




Լրահոս