ՀՐԱՇԱԼԻ ԽԱՂ, ՑԱՎԱԼԻ ՊԱՐՏՈՒԹՅՈՒՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում կայացավ Եվրոպայի 2020 թվականի առաջնության որակավորման փուլի 5-րդ տուրի Հայաստան – Իտալիա հանդիպումը:

Առաջին խաղակեսը մեր տղաները փայլուն սկսեցին եւ «ատամ» ցույց տվեցին «Ակաուդրա Աձուրային»: Լավ մեկնարկը տվեց իր պտուղները շատ արագ. Տիգրան Բարսեղյանը, խլելով գնդակը մրցակցից, արագ հակագրող կազմակերպեց եւ գնդակը փոխանցեց Ալեքսանդր Կարապետյանին: Վերջինս նպաստավոր դիրքից չվրիպեց եւ բացեց հաշիվը 11-րդ րոպեին: Գոլից հետո մեր տղաները շարունակեցին խաղալ նույն ֆուտբոլը, Ալեքսանդր Կարապետյանն էլ իր հերթին շարունակեց ակտիվ մնալ, բայց նաեւ սկսեց խաղալ կոպիտ: Հանդիպման 28-րդ րոպեին մեր տղաները թույլ տվեցին դիրքային սխալ, որի հետեւանքով Անդրեա Բելոտին կարողացավ հավասարեցնել խաղի հաշիվը: Այս րոպեից սկսած` խաղն ամբողջովին փոխվեց. իտալացիները սկսեցին ավելի վստահ եւ լավ գործել եւ առաջին խաղակեսում գոլեր խփելու լավ հնարավորություններ բաց թողեցին: Առաջին խաղակեսի ավարտին Ալեքսանդր Կարապետյանը ստացավ 2-րդ դեղին քարտն ու հեռացվեց դաշտից:
Թվում էր, թե այս հեռացումն անելանելի կդարձնի մեր հավաքականի վիճակը, սակայն այն ավելի լավ արդյունքներ ունեցավ: Հայաստանի հավաքականը երկրորդ կեսում սկսեց ուղղակի ֆանտաստիկ ֆուտբոլ խաղալ եւ ճնշել ահեղ մրցակցին: Հենրիխ Մխիթարյանն իր դրիբլինգով, իսկ Կամո Հովհաննիսյանն իր հրթիռային անցումներով շոկի ենթարկեցին Իտալիային: Երկրորդ խաղակեսի միջնամասում մեր ընտրանին ամեն ինչով գերազանցում էր մրցակցին, սակայն այդ ամենը արդյունքի վերածել այդպես էլ չկարողացավ: Արդեն խաղի վերջնամասում զգացնել տվեց ե՛ւ ֆիզիկական պատրաստվածությունը, ե՛ւ այն փաստը , որ մեր թիմը խաղում է 10 հոգով: Ցավոք, մեր ընտրանին, չնայած փայլուն խաղին, չկարողացավ պահել տեմպն ու վերջնամասում բաց թողեց երկու գոլ: Նախ 77-րդ րոպեին գոլի հեղինակ դարձավ Լորենսո Պելեգրինին, ապա 80-ին խաղի վերջնական հաշիվը ձեւակերպեց Անդրեա Բելոտին` դառնալով դուբլի հեղինակ: 3-րդ գոլի մեջ իր մեղավորության չափաբաժինն ուներ Արամ Հայրապետյանը, սակայն դա ավելի շատ «Ուրարտուի» գլխավոր մարզիչ Իլշատ Ֆայզուլինն է, ով մեր ֆուտբոլիստին զրկել էր խաղային պրակտիկայից: Ամեն դեպքում, ունենք այն, ինչ ունենք. պարտվեցինք, սակայն իրականում կարող էինք եւ պարտավոր էինք գոնե չպարտվել:
Հայաստանի ազգային հավաքականը պատվով խաղ խաղաց, չհանձնվեց գեթ մեկ վայրկյան, սակայն ֆուտբոլն այսպիսին է. ոչ միշտ է հաղթում ավելի լավ ֆուտբոլ խաղացող թիմը:
Չնայած պարտությանը` պետք է փաստել, որ Հայաստանի հավաքականը բարձրացել է նոր մակարդակի, խաղ առ խաղ երեւում են փոփոխությունները: Այս խաղը մի մեծ ապացույց է այն բանի, որ այս հավաքականն ի զորու է դուրս գալ Եվրոպայի առաջնություն, իսկ Արմեն Գյուլբուդաղյանցը այն մարզիչն է, որը կարող է իրականություն դարձնել այդ երազանքը: Իտալիան գերհզոր մրցակից էր, ում պարտվեցինք կարգի եւ, ինչու ոչ, նաեւ հանդիպման գլխավոր մրցավարի կասկածելի որոշումների պատճառով: Առջեւում Բոսնիա եի Հերցեգովինայի դեմ հանդիպումն է, ում դեմ այսպիսի խաղը կարող է նաեւ տալ արդյունք:
Հայաստանի ազգային հավաքականը այս պարտությունից հետո 6 միավորով շարունակում է մնալ 3-րդը, իսկ Իտալիան միանձնյա առաջատարն է վաստակած 15 միավորով:
Հայաստան – Բոսնիա եւ Հերցեգովինա հանդիպումը նույնպես կկայանա Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում սեպտեմբերի 8-ին:

ԷԴՄՈՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ




Լրահոս