ՆԱԽԿԻՆ ՀՀԿ-ԱԿԱՆԸ ՈՐՈՇԵԼ Է ՊԱՇՏՊԱՆԵԼ ՎԱՐՉԱՊԵՏԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վերջին շրջանցում սոցիալական ցանցերում բավականին ակտիվացել է Ազգային ժողովի նախկին պատգամավոր, գլխավոր դատախազի նախկին տեղակալ Արմեն Դանիելյանը: Նա 2008 թվականի մարտի 1-ի դեպքերի ժամանակ Ազգային ժողովի պատգամավոր էր` ընտրված համամասնական կարգով, Հանրապետական կուսակցությունից, իսկ այդ դեպքերից հետո` մայիսի 7-ին, Սերժ Սարգսյանի հրամանագրով նշանակվել է գլխավոր դատախազի տեղակալ: Ընդ որում, Դանիելյանը երկու գումարման պատգամավոր է եղել եւ 2007-ին ընտրվելուց առաջ էլ 2003 թվականին կրկին պատգամավոր է դարձել ՀՀԿ քվոտայով:

Եվ այսօր, մոռանալով իր անցյալը, ակտիվ որակումներ է տալիս նախկին իշխանություններին, բացասական բնորոշումներ հնչեցնում, քննադատում։ Նախկինում ՀՀԿ-ի բոլոր քայլերն արդարացնող այս կերպարը հիմա փորձում է սրբի կերպար հագնել եւ նույն ջանասիրությամբ քծնում է գործող իշխանություններին։
Բայց եթե Դանիելյանն ինքը մոռացել է իր անցյալը, դավաճանել նախկին թիմին, հիշեցնենք մի դրվագ։
2008 թվականի մարտի 18-ին հանրապետական պատգամավորը ԱԺ հայտարարությունների ժամին խոսեց 2008 թվականի մարտի 1-ի իրադարձությունների մասին՝ կասկածի տակ դնելով հանրահավաքների խաղաղ ընթացքը։
«Ես չեմ պատկերացնում, ի՞նչ է նշանակում հանդուրժողականություն, ինչպիսի՞ որակում պետք է տալ այն, իբր թե, խաղաղ ցուցարարին, որը նռնակը նետում է 18 տարեկան զինվորի վրա, նրան հայհոյում, թուրք անվանում, ամենավերջին վիրավորանքը հասցնում։
Բայց նրանք չեն կարող ո՛չ հակադարձել, ո՛չ… եւ ո՛չ էլ բարձրաձայնել։ Մի՞թե խաղաղ ցուցարարը պատրաստ է ջարդելու հայ ոստիկանի, հայ զինվորի գլուխը, ոտքը եւ ձեռքը։ Մի՞թե նրանք պատրաստ էին ավերելու քաղաքը, թալանելու խանութները եւ հրկիզելու մեքենաները, թե՞, իրոք, կային սադրիչներ, որոնք ներգործել էին 20-25 տարեկան այն տղաների վրա, որոնք գիշերներն անցկացնում էին Օպերայի հրապարակում, ուր ուտելիքը եւ ոգելից խմիչքը նրանց մատակարարվում էր անսահման։ Համոզված եմ, որ բացի խմիչքից, ցուցարարներին առավել ագրեսիվ դարձնելու այլ եղանակներ եւս կիրառվել են։ Ինչպիսի՞ որակումներ կարելի է տալ այն մարդկանց, որոնց թեթեւ ձեռքով, վառ երեւակայությամբ մեր քաղաքացիներին, հիմնականում` երիտասարդներին, ներքաշեցին իրենց կեղտոտ խաղի մեջ. խաղ, որտեղ նրանք տեղ չունեին։ Ակնառու է, որ սա ոչ այլ ինչ է, քան որոշ տխրահռչակ քաղաքական գործիչների մտքի անգրագետ եւ մեծամիտ երեւակայության կամ գուցե մազոխիզմի դրսեւորում», -իր ելույթում նշեց նախկին պատգամավորը:
Եվ, ահա, հիմա նա դարձել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի պաշտպանը եւ սոցիալական ցանցի իր էջում հայտարարում է, որ նրան պետք է աջակցել: «Նիկոլ Փաշինյանին պետք է աջակցել եւ ոչ թե նրա մեջքի հետեւում թաքնվել ու չաշխատել։
Նախկիններից ոչ ոք որեւէ պահանջ, ակնկալիք չի ունեցել։ Վերցրել է տասը հազար դրամը եւ հինգ տարի տառապել։ Նախկինները ձախողվելու խնդիր չեն ունեցել։ Ամեն ինչ ի սկզբանե ձախողված էր. բարձր պաշտոնների նշանակվածները բացառապես կոռուպցիայով զբաղվելու մեծ փորձառություն ունեցող բորենիներ էին, եւ որքան «հարուստ էր» նրանց կաշառքով զբաղվելու պրակտիկան, այնքան ավելի բարձր եւ եկամտաբեր պաշտոնների էին նրանք նշանակվում։
Փաշինյանի իշխանությունից ակնկալիքն անասանելի մեծ է։ Հասարակությունը նրա մեջ տեսնում է արդարության եւ իրենց պայքարի երաշխավորին։ Տեսնում է պարզ ու հասարակ անկեղծ մարդու», – ահա այսպիսի բնորոշումներ է տվել վարչապետին Արմեն Դանիելյանն արդեն այս տարվա օգոստոսի 30-ին:
Մեկ օր հետո էլ նա որոշել էր խոսել Գագիկ Խաչատրյանի մասին` նրան անվանելով տնտեսությունը կործանած թիվ մեկ բորենի: Զավեշտալի է, որ նախկին իշխանությունների մաս կազմող, մի քանի տարի ՀՀԿ խմբակցության անդամ հանդիսացող պատգամավորը հիմա որոշել է պաշտպանել Նիկոլ Փաշինյանին եւ, սա` այն դեպքում, երբ 2008 թվականին Օպերայում հավաքված մարդկանց «իբր թե խաղաղ ցուցարար» էր անվանել եւ հենց կազմակերպիչներին մեղադրել նրանց գործողությունների համար: Տարիներ առաջ նա չէր հիշում, որ Նիկոլ Փաշինյանը պարզ ու հասարակ մարդ է, որ նախկին իշխանությունները կոռումպացված են, ընտրություններին փող են բաժանում եւ այլն: Իսկ, ահա, հիմա որոշել է նախկիններին հիշեցնել իրենց անցյալը` մոռանալով սեփականի մասին: Ի վերջո, ոչ ոք չպետք է մոռանա իր անցյալը:
Միեւնույնն է, Արմեն Դանիելյանը նոր Հայաստանում չի կարող պաշտոն ստանալ։

ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

 

 

 

ԲՈՒՌՆ ՆԻՍՏ
Ազգային ժողովի յոթերորդ գումարման երրորդ նստաշրջանի օրակարգում ընդգրկվել է 69 հարց, իսկ, ահա, սեպտեմբերի 9-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծում` 57 հարց: Այս օրակարգը հաստատվել է ԱԺ խորհրդի նիստից: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ԱԺ խորհրդի նիստը բավական հետաքրքիր է անցել, եւ բացի առաջիկա նիստի կամ նստաշրջանի օրակարգը հաստատելուց, քննարկել են նաեւ ԱԺ յոթերորդ գումարման երկրորդ նստաշրջանի ընթացքում արտաքին հարաբերությունների ոլորտում խորհրդարանական գործունեության վերաբերյալ տեղեկանքը: Այն քննարկվել է արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանի գլխավորությամբ: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ այդ տեղեկանքի քննարկումն այնքան էլ հարթ չի ընթացել. հանձնաժողովում ընդգրկված ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչները քննադատել են քաղաքականությանը վերաբերող մի քանի հարցեր, նույնիսկ այն ձախողելու համար մեղադրել: Հիմնականում քննադատությունների հարցում ակտիվ է եղել ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը, որը չնայած այդ հանձնաժողովի անդամ չէ, սակայն արտաքին հարաբերությունների հարցում բավական ակտիվ է: Երեկվա ԱԺ նիստում ակտիվ է եղել նաեւ ԲՀԿ քարտուղար Արման Աբովյանը, որն այդ հանձնաժողովի անդամ է: Մենք տեղեկացանք, որ տեղեկանքը բաղկացած է 31 էջից, եւ հիմնականում նկարագրված են խորհրդարանականների այցերը տարբեր երկրներ, այնտեղ ձեռք բերված պայմանավորվածությունները ու գերակա ուղղությունները: Բացի այս հարցերից փոփոխություն է կատարվել նաեւ Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբում, եւ պատգամավոր Արման Բոշյանի փոխարեն այնտեղ կընդգրկվի Տաթեւիկ Հայրապետյանը:

 

 

 

ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ` ԸՆԴԴԵՄ ԿՈՆՍԵՐՎԱՏՈՐԻԱՅԻ
«Պանտեռա սիքյուրիթի» պահնորդային ծառայությունը, որը տարբեր կազմակերպություններում ապահովում է անվտանգություն, դատական հայց է ներկայացրել Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի դեմ եւ պահանջում է, որ կոնսերվատորիան վճարի իրեն մոտ 2 միլիոն դրամ: Դատելով իրավիճակից` ընկերությունը Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում իրականացրել է անվտանգության ապահովում, սակայն վերջինիս չեն վճարել կատարած ծառայության դիմաց:

 

 

 

 

ԸՆԴԴԵՄ ԱԺ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
Նոր դատական հայց` ԱԺ աշխատակազմի դեմ: ԱԺ նախկին աշխատակիցները դիմել են դատարան: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ սեպտեմբերի 5-ին դատարան է դիմել Նելսոն Ստեփանյանը եւ հայց է ներկայացրել` ընդդեմ ԱԺ աշխատակազմի` պահանջելով, որ դատարանը ստիպի ԱԺ աշխատակազմին օրենքով սահմանված կարգով եւ չափով լրիվ վերջնահաշվարկ կատարել: Ըստ էության, աշխատակիցները դուրս են եկել, եւ նրանց վերջնահաշվարկ չի տրվել, եւ հիմա դատարանի միջոցով են փորձում վերականգնել իրենց իրավունքները:

 

 

 

 

ՄԱՆԴԱՏ ԵՆ ՈՒԶՈՒՄ
Սեպտեմբերի 6-ին Արման Բաբաջանյանը հայտնել է խմբակցությունը լքելու մտադրության մասին, սակայն մանդատը վայր դնելու որոշում դեռ չի կայացրել: ՀՀ Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը պատգամավոր Արման Բաբաջանյանից պատգամավորական մանդատի վերադարձ է ակնկալում: «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը հարգում է պարոն Արման Բաբաջանյանի սկզբունքային դիրքորոշումը եւ ակնկալում է նրանից նույն սկզբունքայնությամբ վերադարձնել «Լուսավոր Հայաստան» կուսակցության համամասնական ցուցակով ստացած մանդատը: «Շնորհակալություն ենք հայտնում պարոն Բաբաջանյանին «Լուսավոր Հայաստան» խմբակցությունում կատարած աշխատանքի համար եւ մաղթում հաջողություններ իր հետագա գործունեությունում»,- ասված է կուսակցության հայտարարության մեջ:

 

 

 

 

ՆՈՐ ՆՇԱՆԱԿՈՒՄ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ` Հակոբ Ավագյանը նշանակվել է Առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար: Այս մասին հայտնում է ՀՀ կառավարության պաշտոնական էջը: «Ղեկավարվելով «Տեսչական մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասով եւ «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ մասով՝ Հակոբ Ավագյանին նշանակել Առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար»,- նշված է որոշման մեջ:

 

 

 

ԵՐԿԿՈՂՄ ԱՅՑԵՐ
Հայաստանի եւ Լեհաստանի ղեկավարությունը երկկողմ այցեր են նախատեսել, որոնց ժամկետները, օրակարգերով պայմանավորված, հետաձգվել են: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին սեպտեմբերի 6-ին հրավիրված մամուլի ասուլիսում հայտնեց ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը՝ անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Լեհաստան այցի վերաբերյալ լուրերին: «Մեզ համար սա շատ կարեւոր ուղղություն է, եւ մենք շատ բարձր ենք գնահատում գործնական եւ համագործակցային հարաբերությունները Լեհաստանի հետ թե՛ երկկողմ օրակարգով, թե՛ Հայաստան-ԵՄ համատեքստում: Շատ բարձր ենք գնահատում Լեհաստանի դերը Արեւելյան գործընկերության համատեքստում: Մենք նախատեսում էինք, որ պետք է փորձենք իրականացնել երկկողմ այց, եւ օրակարգերն այնպես էին երկու կողմից, որ ավելի նպատակահարմար էր վերանայել երկկողմ այցի ժամկետները։ Եվ հիմա սա զուտ գործնական հարց է, որը մենք կվերանայենք եւ անպայման կիրականացնենք այդ երկկողմ այցը՝ Լեհաստանի հետ մեր հարաբերություններն առաջ տանելու առումով»,- ասաց Մնացականյանը:

 

 

 

ԸՆԴՈՒՆԵԼ Է
Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Տիգրան Ավինյանը սեպտեմբերի 6-ին ընդունել է Հայաստանում Մոլդովայի արտակարգ եւ լիազոր դեսպան Ռուսլան Բոլբոչանին (նստավայրը՝ Կիեւ): Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակից, դեսպան Բոլբոչանն ասել է, որ երկու ժողովուրդները խորը պատմական կապեր ունեն, եւ Մոլդովան ցանկանում է համակողմանիորեն զարգացնել բարեկամական հարաբերությունները Հայաստանի հետ: Այս համատեքստում նշվել է երկու երկրների բարձրաստիճան պաշտոնյաների շարունակական երկխոսության եւ պաշտոնական փոխայցելությունների դերը:




Լրահոս