ՊՆ-ՈՒՄ ԴՈՒՐՍ ԵՆ ԵԿԵԼ ՆԱԽԱՐԱՐԻ ԴԵՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթն իր նախորդ համարներից մեկում գրել էր, որ Պաշտպանության նախարարությունում խոսակցություններ կան այն մասին, որ իշխանության ներսում ցանկություն ունեն ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալ Օնիկ Գասպարյանին նշանակել ԶՈւ շտաբի պետ Արտակ Դավթյանի պաշտոնին, իսկ Արտակ Դավթյանին տանել Մովսես Հակոբյանի տեղը` զինվորական վերահսկողության ծառայության ղեկավարի պաշտոնին: Կամ գուցե փոփոխությունները գնան այլ սցենարով. Օնիկ Գասպարյանին տեղափոխեն Մովսես Հակոբյանի պաշտոնին: Այս կարծիքին ՊՆ-ում բացասական են արձագանքել` հայտնելով, որ չեն կարող թույլ տալ` Օնիկ Գասպարյանի պես զինվորականը լքի Զինված ուժերը, քանի որ նա շատ լավ տիրապետում է իրավիճակին:

Մեզ հասած լուրերի համաձայն` իշխանության եւ ՊՆ-ի ներսում քննարկման ժամանակ կարծիք են հայտնել, որ 2018 թվականի մայիսի 24-ի` ՀՀ վարչապետի որոշմամբ` Արտակ Դավթյանը նշանակվել է ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ: 2020 թվականի մայիսի 24-ին լրանալու է նրա պաշտոնավարման երկու տարին. միգուցե սպասեն, որ երկու տարին լրանա, հետո պաշտոնից ազատեն:
Ինչեւէ, Պաշտպանության նախարարությունում ներքին խոսակցությունները այսքանով չեն դադարում: Բանն այն է, որ հեղափոխությունից հետո ՊՆ-ում Դավիթ Տոնոյանը սկսել է մեծ բարեփոխումների շարք, սակայն վերջինիս այդ քայլերը ՊՆ հնաբնակ պաշտոնյաներին այդքան էլ դուր չի գալիս:
Այսպիսով, Դավիթ Տոնոյանը, 1994 թվականից լինելով Պաշտպանության նախարարության աշխատակից, շատ լավ տիրապետում է, թե նախարարության ներսում ինչ է կատարվում, եւ հեղափոխությունից հետո ձեռնամուխ է եղել այդ երեւույթներն արմատախիլ անելու գործընթացին: Մասնավորապես, ՊՆ-ում տարածված խոսակցությունների համաձայն` նախարարը շատ լավ տիրապետում է, թե բանակին մատակարարվող ապրանքների գործընթացում ինչեր են կատարվում:
ՊՆ շատ գեներալներ, պաշտոնատար այլ անձինք, տարիներ շարունակ լավ իմանալով, թե բանակին ինչ է պետք, ուսումնասիրել են ոլորտը եւ իրենց մտերիմների անուններով ստեղծել են տարբեր ընկերություններ: Ու այնպես են արել, որ այդ ընկերությունները հաղթեն ՊՆ-ի կողմից անհրաժեշտ ապրանքների մատակարարման համար հայտարարված մրցույթներում:
Եվ, ահա, հեղափոխությունից հետո, երբ նախարար է նշանակվել Դավիթ Տոնոյանը, փորձում է այս սխեմային վերջ տալ, սակայն շարունակ դիմադրության է հանդիպում: Նախարարությունում տարածված խոսակցությունների համաձայն` ՊՆ գեներալները` հնաբնակ պաշտոնյաները, նախարար Տոնոյանին ամեն առիթով հիշեցնում են, որ իրենց հետ կռվի չի մասնակցել, իրենց թիմից չի եղել եւ չգիտի` կռիվն ինչ է. այդ պայմաններում ինչպե՞ս է ընդհանրապես որոշումներ կայացնում կամ նեղացնում գեներալիտետին:
Նկատենք, որ այսքանով ամեն ինչ չի ավարտվում: «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն` Պն-ում օրերս մի ուշագրավ միջադեպ է եղել: Մասնավորապես, բանակին անհրաժեշտ ապրանք մատակարարելու ու պայմանագիր կնքելու գործընթացը մի փոքր ուշացել է: Արդյունքում, ՊՆ որոշ պաշտոնատար անձինք նախարարություն են կանչել մի շարք խոշոր մատակարարների եւ ասել, որ գումար տան բանակի համար անհրաժեշտ ապրանքը գնելու համար, հետո նոր գնումների մրցույթը կհայտարարեն, ու նրանք կհաղթեն: Այսինքն՝ ՊՆ որոշ պաշտոնատար անձինք կոնկրետ մատակարարներին գործարք են առաջարկել, ու երբ այդ գործընթացի մասին իմացել է նախարար Տոնոյանը, կանգնեցրել է գործընթացը:
Ավելին, մեզ հասած լուրերի համաձայն` այս ամենի հետեւանքով ՊՆ-ում մի պաշտոնատար անձի հեռացրել են պաշտոնից:
Հարցը հասավ
հանձնաժողովին
Ինչպես հայտնի է, ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը մարտի 1-ին` կառավարություն-ԱԺ հարցուպատասխանի ժամանակ, հայտնել էր, որ անորակ վառելիքի պատճառով անցյալ տարի` Ապրիլյան պատերազմի ժամանակ, հայկական կողմի զինտեխնիկան չէր աշխատում: Պաշտպանության նախարարությունում, հիշելով այս դեպքը, մի շարք պաշտոնատար անձինք կոնկրետ հարցեր են բարձրացրել: Մասնավորապես, հայտնել են, որ Ազգային ժողովում ստեղծվել է 2016 թվականի ապրիլին ծավալված ռազմական գործողությունների հանգամանքները ուսումնասիրող քննիչ հանձնաժողով, եւ իրենք հետեւում են հանձնաժողովի գործունեությանը: Այսինքն՝ ՊՆ պաշտոնյաները հետաքրքրված են՝ արդյոք հանձնաժողովը ուսումնասիրել է, թե պատերազմի ժամանակ մեքենաները ինչ խնդիրներ են ունեցել, որ չեն աշխատել, եւ ինչ կապ ունեն անսարք մեքենաների հետ ՊՆ որոշ պաշտոնատար անձինք:
Նախարարությունում քննարկել են, որ ԱԺ հանձնաժողովը լավ կանի` ուսումնասիրի այն հանգամանքը, որ մեքենաներից շատերը չեն աշխատել մարտկոցների անորակ լինելու պատճառով: Նախարարությունում բոլորը գիտեն, որ մարտկոցները բանակին մատակարարում է ՊՆ կոնկրետ պաշտոնյային պատկանող ընկերությունը: Իսկ այդ պաշտոնյան մինչ օրս աշխատում է:
«Ժողովուրդ» օրաթերթը ստեղծված իրավիճակի շուրջ պարզաբանում ստանալու համար դիմեց պաշտպանության նախարարի մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանին: Վերջինս, անդրադառնալով այս տեղեկություններին, հայտնեց. «Ձեր նյութում կան կոնկրետ կանխատեսումներ, մեղադրանքներ. ես կարծում եմ, որ սա իմ մեկնաբանելիքը չէ: Եթե կան փաստեր եւ առարկայական դեպքեր, դրանով պետք է զբաղվի իրավապահ համակարգը, եւ բացի իրավապահ համակարգից, Դուք նաեւ նշել եք, որ կա 2016 թվականի ապրիլին ծավալված ռազմական գործողությունների հանգամանքները ուսումնասիրող քննիչ հանձնաժողովը: Եթե հարցեր կան, որ իրենց տիրույթում են, ապա, կարծում եմ, իրենք կզբաղվեն դրանցով: Այլ բան չեմ կարող մեկնաբանել»:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

 

 

ՆԱԽԱՐԱՐԻ ՑՈՒՑՄՈՒՆՔԻ ՀԵՏԵՎԱՆՔԸ
Օգոստոսի 25-ին հայտնի դարձավ, որ Ազգային անվտանգության ծառայությունը ավարտել է պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանի գործով նախաքննությունը:
ԱԱԾ-ն բավարար ապացույցներ էր ձեռք բերել, որ «Սանասարյանը, հանդիսանալով ՊՎԾ ղեկավար, ունենալով ծառայության անմիջական ղեկավարումն իրականացնելու, ծառայության աշխատակիցներին նշանակելու եւ ազատելու, վերահսկվող օբյեկտներում ուսումնասիրություններ իրականացնելու հանձնարարագրեր տալու, վերահսկվող օբյեկտներից ծառայության գործառույթներին առնչվող տեղեկություններ եւ փաստաթղթեր պահանջելու լիազորությունները, օգտագործել է ծառայության շահերին հակառակ, ինչպես նաեւ չի կատարել իր ծառայողական պարտականությունները»:
Սանասարյանի նկատմամբ որպես խափանման միջոց էր կիրառվել չհեռանալու մասին ստորագրությունը, քրեական գործի հարուցումից հետո նրա լիազորությունները դադարեցվել էին: Սակայն Սանասարյանը հերքում է մեղադրանքը` պնդելով, որ ԱԱԾ-ն, վատնելով պետական ռեսուրսը, այդպես էլ օբյեկտիվ քննություն չանցկացրեց: Ավելին, վերջինս սեպտեմբերի 5-ին հայտնել էր, որ քրեական գործի նյութերն ուսումնասիրելուց հետո պաշտպանների հետ որոշել է իր նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու միջնորդություն ներկայացնել` հղում անելով արդեն քրեական գործում առկա ողջ նյութերին:
ՈՒ այսքանից հետո հարց է առաջանում, թե, ի վերջո, ում ցուցմունքների հիման վրա է Դավիթ Սանասարյանը հայտնվել մեղադրյալի աթոռին, եւ ինչ է սպասվում դատարանում: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ քրեական գործով բազմաթիվ մարդիկ են հարցաքննվել` ինչպես ՊՎԾ աշխատակիցները, այնպես էլ մի շարք այլ բարձրաստիճան պաշտոնյաներ: Եւ Դավիթ Սանասարյանի դեմ ցուցմունք է տվել միայն ՀՀ պետական վերահսկողական ծառայության գնումների գործընթացների վերահսկողության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Սամվել Ադյանը, որը մեղադրյալի կարգավիճակ ունի սույն քրեական գործով, ու չի բացառվում, որ ճնշումների ազդեցության տակ գրած լինի որոշ բաներ: Սակայն գլխավոր ցուցմունք տվողն ու մեղադրանքներ ներկայացնողը Դավիթ Սանասարյանի դեմ ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն է:
Ի դեպ, «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ նախաքննության փուլում Սանասարյանն ու նախարար Թորոսյանը առերեսվել են, եւ շատ հարցեր մնացել են անպատասխան:
Ու հիմա՝ գործի դատաքննության փուլում, նախարարը պետք է գնա դատարան եւ պնդի իր ցուցմունքը: Սա այն դեպքում, երբ Սանասարյանը այսօր հրապարակավ հայտարարում է, որ դիմելու է իրավապահներին իր նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու միջնորդությամբ, քանի որ անմեղ է:
Մի խոսքով, հետաքրքիրն առջեւում է:

Ք. ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

 

 

ՉԻ ԿԱՐՈՂ
«Հարկայինի հետ ի՞նչ խնդիր պետք է ունենամ, գնացեք, իմ կառավարիչներին հարցրեք, կներկայացնեն. ես հանձնել եմ կառավարման, իրավասու չեմ պատասխանել»,- այս մասին, խոսելով իր բիզնեսներում հարկային մարմինների ստուգումներից, ասել է ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը: Անդրադառնալով իր ներդրումներին` Ծառուկյանն ասել է. «Արդեն չորս օր ներկայացվում ա միայն 2018-2019թթ. Ծառուկյանի ներդրումները, ծրագրերը, որոնք մենք ներկայացրել ենք: Ներդրումներ միշտ արել եմ եւ անելու եմ: Ես ասել եմ, որ այդ ներկայացված կառավարության ծրագիրը տնտեսական հեղափոխության ծրագիր չի կարող լինել: Ես կարող եմ գրել-ստորագրել` դա տնտեսական հեղափոխության ծրագիր չէ. այդ ծրագիրը տնտեսական հեղափոխությունից 100 կիլոմետր հեռու ա»,-ասաց Ծառուկյանը:

 

 

 

 

ԿՏԱՐԱՆՋԱՏՎԵՆ
ՀՀ դեղերի շուկայում առկա են մեծածախ վաճառքով զբաղվող խոշոր ներմուծող ընկերություններ, որոնք տիրապետում են նաեւ մանրածախ առեւտրային ցանցերի: Այդ ընկերությունները միաժամանակ զբաղվում են դեղերի մեծածախ եւ մանրածախ իրացմամբ, ինչը կարող է խնդիրներ ստեղծել հակամրցակցային գործողություններին հակազդելու եւ կանխարգելելու տեսանկյունից: Նախատեսվել է տարանջատել մեծածախ եւ մանրածախ իրացման գործընթացները, ինչը դրական ազդեցություն կունենա մրցակցային միջավայրի վրա: Այսպիսով, դեղերի մեծածախ իրացման լիցենզիա ունեցող անձը լիցենզիայի գործողության ժամանակահատվածում չի կարողանա իրականացնել օրենքով նախատեսված դեղատնային գործունեություն` բացառությամբ այն դեպքերի, երբ ստեղծվում է առանձին իրավաբանական անձ, որն ունի համապատասխան մանրածախ իրացման լիցենզիա:

 

 

 

ԳԻՏԱԿՑՈՒԹՅԱՆ Է ԵԿԵԼ
Երեւանի Թումանյան 32 հասցեում գտնվող շենքի 6-րդ հարկից ընկած 2.5 տարեկան տղա երեխան գիտակցության է եկել ու ճանաչել ծնողներին: Այս մասին հայտնել են «Սուրբ Աստվածամայր» բկ-ից: Երեխան սեպտեմբերի 5-ին անգիտակից վիճակով տեղափոխվել էր «Սուրբ Աստվածամայր» բկ-ի վերակենդանացման բաժանմունք: Փոքրիկի մոտ առկա են զուգակցված վնասվածքներ, գանգի ոսկրերի ցիրկուլյար կոտրվածք, գլխուղեղի սալջարդ, ողերի կոտրվածքներ, կոնքի ոսկրերի կոտրվածքներ: Փոքրիկը երկու օր առաջ սկսել էր շնչել ինքնուրույն: Վիճակը շարունակում է մնալ ծանր, բայց կայուն: Գտնվում է բժիշկների խիստ հսկողության տակ:




Լրահոս