«Ժողովուրդ» օրաթերթի զրուցակիցը «Անցյալի ստվերներ», «Գերդաստան», «Բանակում», «Քաղաքում», «Խոպանի տեսություն» հեռուստասերիալներից եւ մի շարք այլ հեռուստանախագծերից հայտնի դերասանուհի, Երեւանի պետական կամերային երաժշտական թատրոնի արտիստուհի Անահիտ Կիրակոսյանն է:
-Անահի՛տ, կա՞ մի բան, որ այս աշնանն այնպայման անելու եք:
-Այո, գնալու եմ գեղարվեստական ֆիլմի քասթինգի: Կարճամետրաժ մի ֆիլմից ունեմ հրավեր, մասնակցությունս արդեն հաստատված է, բացի այդ, կա մի ֆիլմ, որի քասթինգին եմ մասնակցելու:
-Մի թեմա, որի շուրջ Ձեր կարծիքը կտրականապես փոխել եք:
-Միշտ մտածել եմ, որ կան բաներ, որոնք երբեք չեմ ների, իսկ հիմա կարծում եմ, որ ամեն ինչ կախված է դիմացի մարդուց եւ իրավիճակից: Ո՞վ ենք մենք, որ չներենք…Այլ հարց է, որ մարդուց հեռանում ես, բայց ներում ես ու բաց ես թողնում, եւ դա առաջին հերթին քեզ համար ես անում:
-Ձեր տրամադրությունը մեծապես կախված է…
-Էներգիայից: Ընդհանրապես, շատ եմ սիրում շփվել դրական էներգիայով, լիցքերով մարդկանց հետ: Շատ զգայուն եմ, փորձում եմ իմ կյանքը լցնել դրական մարդկանցով, իսկ եթե հակառակ տեսակին եմ հանդիպում, խուսափում եմ շփվել:
-Ձեզ միշտ դիտողություն են անում…
-Չափի զգացողությունը երբեմն կորցնելու համար (ծիծաղում է): Երբեմն խոսում եմ մի բան, որ այդ պահին, առհասարակ, պետք չէ, ինձ ասում են. «Ինչու՞ դա ասացիր, ինչու՞ հենց այդ պահին, քեզ պե՞տք էր»: Ես, կարծես թե, այդ բալանսը չեմ պահպանում…
-Շարունակե՛ք միտքը. «Սերը չի մեռնի, եթե…»
-Եթե կա սերը չմեռցնելու ցանկություն երկուստեք: Իսկ թե ինչպես դա իրականացնել, շատ ինդիվիդուալ է. ամեն մարդ ինքը գիտի՝ ինչպես անի, որ թե՛ դիմացինին, թե՛ իր մոտ սերը չպակասի: Պետք է այդ ուղղությամբ անդադար աշխատել:
-Երկիր, որտեղ գոնե մեկ անգամ պետք է լինել…
-Ֆրանսիա, մասնավորապես՝ Փարիզ, եթե, իհարկե, ռոմանտիկ եք: Իսկ եթե ոչ, կառանձնացնեմ Երուսաղեմը, որտեղ լինելն ինձ համար դեռեւս երազանք է: Կարծում եմ՝ ամեն քրիստոնյա գոնե մեկ անգամ պետք է լինի այնտեղ:
-Սիրո հարցում ինչպիսի՞ն եք:
-Շատ պարզ, անկեղծ, անմիջական, նվիրվող:
-Չեք հանդուրժի, եթե տղամարդը…
-Ծույլ լինի, անբան:
-Մի շնորհ, որը Ձեզ տրված է ի վերուստ:
-Մարդկանց ուրախացնելու հատկությունը: Դա արդեն տեսակի հարց է:
-Կա՞ նպատակ, որից արդեն հրաժարվել եք:
-Ոչ, երեւի թե չկա նման բան: Եթե ունենում եմ նպատակ, աշխատասիրությամբ, պրպտալու շնորհիվ ամեն գնով փորձում եմ դրան հասնել, ջանք չեմ խնայում:Իմ առջեւ դնում եմ փոքր-փոքր նպատակներ, բայց հասնում եմ դրանց:
-Դուք աշխատում եք շատ եւ երբեմն ոչ արդյունավե՞տ, թե՞ քիչ, բայց արդյունավետ:
-Նայած՝ արդյունավետ ասելով՝ ինչ եք հասկանում: Աշխատանքը կարող է ֆինանսապես շատ շահավետ չլինել, բայց հոգեւոր բավարարվածություն պատճառել եւ հակառակը: Այնպես որ, որքանով է այն արդյունավետ, հարաբերական հասկացություն է:
-Ո՞վ է Ձեր լավագույն խորհրդատուն:
-Նախ եւ առաջ ամուսինս, ես ինքս, ինչու ոչ, իսկ մասնագիտական առումով` վարպետս՝ Դավիթ Հակոբյանը:
-Կյանքը հետաքրքիր է իր անկանխատեսելիությա՞մբ, թե՞ այն բանով, որ կարող ես ձեռքդ վերցնել կյանքիդ ղեկը:
-Որ կարող ես ձեռքդ վերցնել կյանքիդ ղեկը: Միանշանակ, շատ բան մեզնից է կախված, եւ պետք չէ սպասել նավակների: Դրանք անդադար մեզ տրվում են, պետք է ուղղակի նկատել:
-Ձեր տուն այցելողը անպայման կտեսնի բույսե՞ր, կտավնե՞ր, թե՞ հուշանվերներ:
-Բույսեր եւ կտավներ:
-Մարդիկ ժամանակի ընթացքում դառնում են ավելի ու ավելի…
-Կարծես թե մենք առաջ ենք սլանում, բայց իրականում հետ ենք գնում, ցավոք, մարդիկ հեռանում են իրարից: Ստեղծված է ամեն բան, որ մարդու կյանքը հեշտանա, որ նա ավելի ինֆորմացված լինի, բայց մարդիկ դրանից ավելի երջանիկ չեն դարձել:
-Շոու-բիզնեսում կա՞ մի երեւույթ, որի հետ այդպես էլ չհամակերպվեցիք:
-Ես, ընդհանրապես, շոու-բիզնեսից չեմ, որ համակերպվեմ կամ ոչ: Ես այդ ամենի մեջ ե՛ւ կամ, ե՛ւ չկամ: Ես ուղղակի իմ գործն եմ շատ սիրում, ու ինձ ասում են, որ այս գործը կապ ունի շոու-բիզնեսի հետ (ծիծաղում է):
-Հատկություն, որ օգնել է Ձեզ դժվարին օրերին:
-Ես շատ էմոցիոնալ եմ, ինձ թվում է՝ այն, որ կարողանում ես տվյալ պահին արտահայտել զգացմունքներդ, դա ինչ որ պահի օգնում է, չես կուտակում ներսում…Այն կանանցից չեմ, որոնք ժպտում են` արցունքն աչքերին: Կուշտ լաց լինող եմ: Ավելի դժվարին պահերին «Նարեկ»-ն է ինձ օգնում, որը միշտ ինձ հետ է…
Զրուցեց ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԸ
«ՀԱՆՔԻ ՇԱՀԱԳՈՐԾՈՒՄԸ ՉԵՄ ԿԱՐՈՂ ԸՆԴՈՒՆԵԼ»
«Այս պահի դրությամբ մենք չունենք Ամուլսարի հանքի շահագործումը արգելելու որեւէ իրավական հիմնավորում»,- այս մասին սեպտեմբերի 9-ին` ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ, ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` անդրադառնալով Ամուլսարի խնդրին:
Գեղանկարիչ Հաղթանակ Շահումյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում տեսակետ հայտնեց, որ եթե ժողովուրդը դեմ է Ամուլսարի հանքի շահագործմանը, որեւէ միջազգային կազմակերպություն չի կարող պարտադրել մեզ հակառակը. «Ես դա չեմ կարող ընդունել եւ հասկանալ, վերջապես, մենք մեր երկրում ենք ապրում, դրսի մարդկանց հերն էլ անիծած: Մենք մեր մասին պետք է մտածենք: Ես Փաշինյանին չեմ մեղադրում, ինքը իրավական խնդիրների առաջ է կանգնել, նախկինում պայմանագրեր են կնքվել, բայց կուզենայի, որ օպտիմալ լուծում գտնվեր, հանքը չշահագործվեր»,-մեկնաբանեց նա:
Գեղանկարիչը ցավ հայտնեց, որ մենք մեր բնությունն իր պաշարներով չենք տնօրինում, դրանց տնտեսական օգուտը չենք վայելում, փոխարենը այդ պաշարները թալանում են ուրիշները. «Բացի Ամուլսարի հանքի խնդրից՝ ես մտահոգված եմ բնապահպանական մի շարք այլ խնդիրներով եւս: Օրինակ՝ Աբովյանի շրջանի ավազի հանքերը ինձ վրա շատ են ազդում.. Չէ՞ որ երկիրը միջավայր է, որն իր կանոններն ունի: Գալիս, քարուքանդ են անում, հետո գոնե տեր չեն կանգնում: Կարծես ատոմային ռումբ պայթեցրած լինեն այդ ճանապարհներին»,- շեշտեց մեր զրուցակիցը:
Հիշեցնենք, որ Փաշինյանը նաեւ նշել էր. «Մենք չենք կարող ասել, հա դե, դե յուրե ոչ մի հիմք չունենք, մեր հանրությունն էլ անհանգստություններ ունի, հարցեր ունի, փաստեր ունի, որոնք, ի դեպ, ձեռք են բերվել մեր օգնությամբ ու աջակցությամբ, մեր աշխատանքի թափանցիկության շնորհիվ, մենք չենք կարող ասել` էդ ամեն ինչը մեզ չի վերաբերում, բնականաբար, մենք պետք է հաշվի առնենք հանրության անհանգստությունը: Մյուս կողմից` մենք չենք կարող նաեւ հաշվի չնստել Հայաստանի տնտեսական հանրության անհանգստությունները»:
Ա. ԲԱԲԱՋԱՆՅԱՆ
ՍԱՐԻԻ ՊԱՀԱՆՋԸ ՊԱՐԶ Է ԵՎ ՀՍՏԱԿ
Tuttosport-ը տեղեկացնում է, որ Թուրինի «Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Մաուրիսիո Սարին թիմի առաջատար Կրիշտիանու Ռոնալդուից այս մրցաշրջանի համար գոլերի նվազագույն չափ է սահմանել: Ըստ աղբյուրի պորտուգալացին այս մրցաշրջանում պետք է դառնա առնվազն 40 գոլի հեղինակ: Հիշեցնենք, որ ավելի վաղ նշվում էր, որ Կրիշտիանուն Սարիի օրոք խաղալու է կենտրոնական հարձակվողի դիրքում:
ՉԻ ՎԵՐԱԴԱՌՆԱ
«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Ալեքսիս Սանչեսը, որն այժմ վարձավճարով հանդես է գալիս իտալական «Ինտերում», չի ցանկանում վերադառնալ Անգլիա վարձակալության ժամկետի ավարտից հետո: Այս մասին տեղեկացնում է Corriere Dello Sport-ը: Աղբյուրի փոխանցմամբ՝ 30-ամյա չիլիացին ցանկանում է, որ միլանցները գնեն իր ամբողջական տրանսֆերը: Տրանսֆերի վերջնական դառնալուն, սակայն, կա մի մեծ բայց. ակումբների միջեւ կնքված պայմանագրում չկա ֆուտբոլիստին գնելու պարտադիր պայման: «Ինտերի» համար Սանչեսին գնելուն խանգարում է ֆուտբոլիստի բարձր աշխատավարձի պահանջները: Այժմ միլանցիները վճարում են խաղացողի աշխատավարձի մի մասը միայն՝ շաբաթական 112 հազար եվրո, իսկ ՄՅՈւ-ն՝ մնացած 335 հազար եվրոն: «Ներաձուրիները» պատրաստ են Ալեքսիսին առաջարկել միայն շաբաթական 150 հազար եվրո, եթե ցանկանան գնել նրան, սակայն փաստ չէ, որ սրան կհամաձայնի Ալեքսիսը:
ԲՈՆՈՒՉԻՆ ԱՐՁԱԳԱՆՔԵԼ Է
Իտալիայի ազգային հավաքականի եւ Թուրինի «Յուվենտուսի» պաշտպան Լեոնարդո Բոնուչին արձագանքել է Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Ալեքսանդր Կարապետյանի խոսքերին, ով Բոնուչիին մեղադրել էր Հայաստանի դեմ խաղում սիմուլացիայի դիմելու համար. «Սա ֆուտբոլ է, այստեղ այդպիսի բաներ շատ են պատահում: Երկու անգամ արմունկով հարված էի ստացել դեմքիս եւ այդ դրվագում պաշտպանվում էի: Ես նույնիսկ չգիտեի, որ Կարապետյանը մեկ դեղին ունի: Ես կարիք չեմ գտնում ներողություն խնդրելու: Հիասթափեցնող է, որ այդպիսի որոշում է կայացվել, բայց ես ընդունում եմ դա եւ շարժվում առաջ»,- ասել է Լեո Բոնուչին Football Italia-ի հետ զրույցում: Հիշեցնենք, որ հենց այդ դրվագի պատճառով Կարապետյանը արժանացավ կարմիր քարտի, որն էլ իր ազդեցությունը թողեց խաղի ելքի վրա:
25 ՀԱԶԱՐ ԵՐԿՐՊԱԳՈՒ
Արգենտինայի ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ եւ մարզիչ Դիեգո Մարադոնան կգլխավորի Լա Պլատայի «Խիմնասիան»: Լեգենդար Դիեգոյի շնորհանդեսը կայացել է թիմի բաց մարզման ժամանակ, որին ներկա է եղել 25 հազար երկրպագու: Մարադոնան այդ փաստից հուզվել է եւ չի կարողացել զսպել արցունքները:
ԷԴՄՈՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ