«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Հայաստանի խորհրդարանական եւ արտախորհրդարանական քաղաքական ուժերը ամանորյա մեծ հավաքույթներ են ունեցել ու, կարելի է ասել, մեծ թվով գումար են ծախսել այդ «փարթիների» համար:
Ըստ մեր տեղեկությունների՝ հիմնականում քաղաքական ուժերը իրենց քեֆերն անցկացրել են դեկտեմբերի 26-ին՝ ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը, ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը, «Հայ հեղափոխական դաշնակցություն» կուսակցությունը, Հայաստանի Հանրապետական կուսակցությունը, իսկ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունն իր հավաքույթն անցկացրել է դեկտեմբերի 28-ին:
«Ժողովուրդ» օրաթերթը փորձել է պարզել, թե որտեղ են իրենց տոնական միջոցառումներն անցկացրել քաղաքական ուժերը եւ որքան գումար են ծախսել հավաքույթների ժամանակ: Հիմա ամեն ինչ հերթով:
Մեր տեղեկություններով՝ իշխանական ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունն իր հավաքույթը կազմակերպել է իրենց խմբակցության պատգամավոր Նարեկ Մկրտչյանին պատկանող «Լիաննա» ռեստորանային համալիրում, որտեղ յուրաքանչյուր անձ ինքն է վճարել իր «աթոռի» համար, որը կազմել է մոտ 11.000 դրամ: Միջոցառմանը մասնակցել են նաեւ իշխանության գործադիր մարմնի ներկայացուցիչները՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ: Ըստ մեր տեղեկությունների՝ վարչապետը բավականին երկար է մնացել միջոռացմանը, քեֆ արել ու ելույթ ունեցել, շնորհավորել իր թիմակիցներին:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունն իր ամանորյա «փարթին» անցկացրել է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին պատկանող «Փարավոն» ռեստորանային համալիրում: Երեկ «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Արման Աբովյանից պարզել, թե որքան գումար են իրենք ծախսել իրենց հավաքույթի ժամանակ:
Վերջինս հայտարարեց, թե ինքը չի ցանկանում որեւէ տեղեկություն տրամադրել այդ ամենի հետ կապված՝ համարելով, թե դա կոռեկտ չէ:
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հայտարարեց, որ իրենք իրենց հավաքույթն անցկացրել են «Վենեցիա» ռեստորանային համալիրում, որին ներկա են գտնվել խմբակցության պատգամավորներն ու իրենց օգնականները: Խմբակցության ղեկավարն ասաց, որ պատգամավորները վճարել են նաեւ օգնականների փոխարեն: Յուրաքանչյուր պատգամավոր վճարել է 50 հազար դրամ, որպեսզի հոգան ընդհանուր ծախսը:
Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ «Հայ հեղափոխական դաշնակցություն» կուսակցությունն իր տոնական միջոցառումն անցկացրել է «Փարավոն» ռեստորանային համալիրում, որին, ըստ ՀՅԴ գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանի, մասնակցել է մոտ 800 հոգի: Սաղաթելյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հայտարարեց, որ յուրաքանչյուրն իր համար է վճարել, ու այն կազմել է մոտ 10-12 հազար դրամ: Մեր զրուցակիցը նշեց, որ սա առաջին տարին չէ, որ իրենք նման հավաքույթ են անցկացնում, իրենք տարեմուտին հավաքվում են ու ամփոփում են անցած տարին:
Հայաստանի Հանրապետական կուսակցությունն էլ իր ամանորյա հավաքույթը անցկացրել է ՀՀԿ-ական Ռուբեն Հայրապետյանին պատկանող «Հարսնաքար» ռեստորանային համալիրում, որին մասնակցել է ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանը: Ըստ մեր տեղեկությունների՝ մոտ 800 հոգի ներկա են գտնվել միջոցառմանը: Երեկ ողջ օրվա ընթացքում «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց ՀՀԿ կազմակերպչական գործերի ղեկավար Ռուբեն Թադեւոսյանից պարզել, թե որքան գումար են ծախսել ՀՀԿ-ականները իրենց հավաքույթի ժամանակ, սակայն վերջինս հայտարարեց, թե պետք է ճշտի ինֆորմացիան, ու այդպես էլ մնաց անպատասխան:
Երեկ «Ժողովուրդ» օրաթերթը փորձել է «Փարավոն» ռեստորանային համալիրից պարզել, թե ինչ գնային պայմաններ են գործում: Ռեստորանից մեզ տեղեկացրին, որ եթե կորպորատիվ հավաքույթներ են լինում, մեկ անձի համար գումարը կազմում է մոտ 15 հազար դրամ, ու դա կապված է այն պատվերի ցանկից, որը տրվում է նախապես: Տեղեկացանք նաեւ, որ ամանորյա տոնական օրերին մեկ անձը կազմել է 55 հազար դրամ, որի մեջ մտել է շոու-ծրագիրը:
Իսկ ինչ վերաբերում է «Հարսնաքար» ռեստորանային համալիրին, ապա ընդհանրապես մեկ անձի համար այն կազմում է մոտավոր 20-22 հազար դրամ, բայց քանի որ ՀՀԿ-ականների թիմի ներկայացուցիչ Ռուբեն Հայրապետյանի «օբյեկտում» է տոնակատարությունը եղել, դժվար է ասել, թե ՀՀԿ-ականները ինչքան գումար են վճարել, եւ, ընդհանրապես, գումար վճարել են, թե ոչ:
ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ