Գոռ Սուջյանը՝ դիպլոմ չունենալու և դերասան դառնալու վաղեմի ցանկության մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը շարունակում է ներկայացնել «Աստղերի անհայտ կողմը» խորագրով շարքը: Անդրադառնում ենք հայկական շոու-բիզնեսի այն ներկայացուցիչներին, որոնք առաջին մասնագիտությամբ որեւէ կապ չունեն բեմի կամ էկրանի հետ: Այս անգամ մեր զրուցակիցը ռոք երգիչ Գոռ Սուջյանն է: Գոռի պարագայում, սակայն, մենք գործ ունենք է՛լ ավելի հետաքրքիր փաստերի հետ: Պարզվում է՝ տաղանդավոր այս երգիչը բարձրագույն կրթություն առհասարակ չունի. «Հիմա արդեն զգում եմ պրոֆեսինոլիզմի պակաս: Ինքս լսում եմ նվագախմբի կատարումներ, բայց պարտիտուրաները չեմ կարողանում թղթին հանձնել: Կարծում եմ՝ երբեք ուշ չէ գիտելիքներ ձեռք բերել: Աշխատում եմ այդ ուղղությամբ: Անհատական պարապմունքների այցելելու ցանկություն ունեմ: Ուզում եմ սովորել հենց այն, ինչ իսկապես ինձ պետք է»,- մեկնաբանեց երգիչը:

Ավելի վաղ հասակում նա ցանկացել է իրեն փորձել որպես դերասան, խաղալ մյուզիքլերում: «Անգամ դպրոցական տարիներին, եւ մի փոքր ավելի ուշ սիրողական մակարդակով փորձել եմ ինձ այդ ոլորտում: Այն ժամանակ «Notre-Dame de Paris» մյուզիքլի մեծ ֆանատ էի: Թեպետ ուզում էի ուժերս փորձել նաեւ պրոֆեսիոնալ մակարդակով, փորձել եմ ընդունվել Թատերական ինստիտուտ…Միշտ սիրել եմ նմանակումներ անել, մի խոսքով, դերասանական աշխարհը գրավում էր ինձ»,- պատմեց Գոռը:

Ի դեպ, նրան ցանկացել են ուղղորդել դեպի տնտեսագիտության ոլորտ, որը, սակայն, երգչի սրտով չէր: «Ասում էին՝ գործ բերող ոլորտ է, բայց դա իմը չէր»,- նշեց Գոռը:

Նշենք, որ դեռեւս 17 տարեկանում Գոռը հիմնադրել է «Գոռ եւ ընկերներ խումբը», որը կատարում էր հայտնի ռոք երգերի cover-ներ: Ինչ վերաբերում է վերջին շրջանի նրա գործունեությանը, 2017 թվականից Գոռը սկսել է գործունեություն ծավալել Լեւոն Արեւշատյանի հիմնած «Project LA» նախագծում։ Այստեղ Գոռը հանդես է գալիս հայ մեծանուն գրողների ստեղծագործությունների ներկայացմամբ՝ երգի տեսքով։

Աննա Բաբաջանյան




Լրահոս