Հունվարի 5-ին Երեւանում խեղդամահ արված 16-ամյա աղջկա դեպքը շարունակում է բուռն քննարկվել հասարակության կողմից: Սակայն շատ կարեւոր հարցեր թողած՝ այս օրերին ավելի շատ քննարկվում է ենթադրյալ մարդասպան Ռաֆայել Սուքիասյանի ով լինելը, նրա անդամությունը Հելսինկյան ասամբլեային, կապերը նաեւ ներկայիս իշխանությունների հետ, ինչպես նաեւ նրա՝ ՀՀԿ-ական լինելու հանգամանքը: Սակայն այս դեպքում ընդհանրապես կարեւոր չէ նրա ով լինելը: Կարեւոր հարցն այստեղ պետք է լինի սպանության մոտիվացիան. ինչո՞ւ պետք է 27-ամյա երիտասարդը սպաներ 16-ամյա աղջկան՝ չունենալով դրդապատճառ: Համենայնդեպս, Ռաֆայելի ինքնախոստովանության մեջ այդ մասին ոչինչ առկա չէ: Բացի այդ, կարեւոր հարց է՝ ի վերջո, ինչու էր 16 տարեկան անչափահաս աղջիկը վարձով ապրում Երեւանում, ուր էին նրա ծնողները: Սրանք պետք է լինեն հիմնական հարցերը, այլ ոչ թե ենթադրյալ մարդասպանի կուսակցական պատկանելիությունը: Ի վերջո, այստեղ կարեւորը պատճառն է, այլ ոչ թե նրանց ով լինելը: Ի դեպ, նշենք, որ իրավապահ համակարգը մտահոգություններ ունի անչափահաս երեխաների վարքի հետ կապված այն առումով, որ վերջիններս ոչ պատշաճ վարք են դրսեւորում: Եվ ավելին, նրանք հորդորում են ծնողներին ավելի ուշադիր լինել երեխաների վարքի նկատմամբ:
16-ամյա աղջկա սպանության գործը կքննվի ՀՀ զինվորական քննչական վարչությունում, քանի որ գործով ձերբակալված ենթադրյալ հանցագործը ՊՆ ծառայող է:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Հայաստանի խորհրդարանական եւ արտախորհրդարանական քաղաքական ուժերն ամանորյա մեծ հավաքույթներ են ունեցել: «Ժողովուրդ» օրաթերթը փորձել է պարզել, թե որքան գումար են ծախսել այդ նախատոնական հավաքույթների ժամանակ քաղաքական ուժերը: Օրինակ՝ «Իմ քայլը» խմբակցությունն իր խնջույքը կազմակերպել է նույն խմբակցության պատգամավոր Նարեկ Մկրտչյանին պատկանող «Լիաննա» ռեստորանային համալիրում, որտեղ յուրաքանչյուր անձ ինքն է վճարել իր «աթոռի» համար մոտ 11.000 դրամ: «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունն իր ամանորյա «փարթին» անցկացրել է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին պատկանող «Փարավոն» ռեստորանային համալիրում, սակայն վերջիններս խուսափում են գումարի մասին տեղեկություն տրամադրել: Ըստ ամենայնի, Ծառուկյանի հյուրասիրությունն է եղել։ Իսկ, ահա, «Լուսավոր Հայաստան» խմբակցությունն իրենց հավաքույթն անցկացրել է «Վենեցիա» ռեստորանային համալիրում, որին ներկա են գտնվել խմբակցության պատգամավորներն ու իրենց օգնականները, եւ յուրաքանչյուր պատգամավոր վճարել է 50 հազար դրամ, որպեսզի հոգան ընդհանուր ծախսը: ՀՀ ամենահին կուսակցությունը՝ ՀՅԴ-ն, իր տոնական միջոցառումն անցկացրել է «Փարավոն» ռեստորանային համալիրում, յուրաքանչյուրն իր համար է վճարել, ու այն կազմել է 10-12 հազար դրամ: ՀՀԿ-ն էլ իր ամանորյա հավաքույթը անցկացրել է Ռուբեն Հայրապետյանին պատկանող «Հարսնաքար» ռեստորանային համալիրում, որին մասնակցել է նաեւ ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանը: Ըստ մեր տեղեկությունների՝ մոտ 800 հոգի ներկա են գտնվել միջոցառմանը:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Պետական եկամուտների կոմիտեն մտել է ՀՀ փաստաբանների գրասենյակներ եւ ստուգում է փաստաբանների գործունեությունը՝ փորձելով պարզել, թե վերջիններս ինչ աշխատանքներ են արել, ինչ գործեր են քննել, ում շահերն են պաշտպանել եւ այդ ծառայությունների դիմաց որքան գումար են ստացել: «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանից մանրամասներ պարզել՝ այս տեղեկության հետ կապված: «Մեր երկրում փաստաբանական գործունեությունն ընդհանուր առմամբ համարվում է ձեռնարկատիրական գործունեություն: Փաստաբանական գործունեության արդյունքում, բնականաբար, ձեւավորվում են հարկեր, որոնք պետք է հաշվարկվեն եւ վճարվեն պետությանը: Եթե Պետական եկամուտների կոմիտեն հարկային ընդհանուր վերահսկողական գործընթաց է իրականացնում, ապա դա նորմալ է: Նորմալ չի լինի, եթե արձանագրենք ուղղորդված վերահսկողություն կոնկրետ փաստաբանների նկատմամբ՝ կապված նրանց մասնագիտական գործունեության հետ»: Նրա խոսքով՝ եթե փաստաբանը գումար է ստանում եւ հարկ չի վճարում, բնականաբար, հարկային մարմինը չի կարող անտեսել այդ փաստը: «Մենք 2018-2019 թվականների համար որեւէ փաստաբանի կամ փաստաբանական կազմակերպության մոտ ստուգում անցկացնելու մասին ՊԵԿ-ից գրություն չենք ստացել: Եթե նման դեպքեր եղել են, ապա փաստաբանների պալատին այդ դեպքերը շատ են հետաքրքրում»:
Հունվարի 7-ին ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում մահացած Կարեն Ծաղիկյանի եղբայրը՝ Դավիթ Ծաղիկյանը, «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում վստահեցրել է, որ եղբայրը բազմաթիվ հիվանդություններ ուներ, որոնք անհամատեղելի էին կալանքի հետ: Նա «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ծանր հանցագործության մեջ է մեղադրել ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին, ՀՀ դատական ողջ համակարգին: «Գլխավոր դատախազին եւ արդարադատության, դատական համակարգին միայն այս գործով չէ, նրանց մեղադրում եմ ծանր հանցագործության մեջ. եթե այս երկրում կա նամուսով տղամարդ, թող նյութեր նախապատրաստի, ես դա փաստերով հիմնավորեմ, թե ինչու եմ իրենց հանցագործության մեջ մեղադրում: Այս դեպքը վերքիս վրա աղ լցրեց, եւ իմ այս հայտարարությունը ընդունեք որպես հաղորդում հանցագործության մասին», – մեզ հետ զրույցում նշեց նա: Ստացվում է՝ գործը քննող դատավոր Արթուր Մկրտչյանը եւ հսկող դատախազ Արտակ Կարապետյանը, աչքի առաջ ունենալով Հաց բերող Արթուր Սարգսյանի դժբախտ օրինակը, դասեր չեն քաղել եւ ունենալով կալանավոր, որը կալանքի հետ անհամատեղելի հիվանդություններ ունի՝ խափանման միջոցը չեն փոխել։ Եվ ստացվում է, որ հերթական կալանավորի մահը մնաց իրավապահ համակարգի խղճին: