«Հ1-Ը ԴԵԳՐԱԴԱՑՎԵԼ Է ԽԱՅՏԱՌԱԿՈՒԹՅԱՆ ԱՍՏԻՃԱՆԻ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Որքան էլ ամենակուլ համացանցը լուրջ սպառնալիք հանդիսանա հեռուստատեսության համար, այնուամենայնիվ, Ամանորին ամենքս էլ տոնական հաղորդումներ, ֆիլմեր, համերգներ դիտելու ցանկություն ենք ունենում:

Այս Ամանորը եւս այդ առումով բացառություն չէր: Սակայն ուսումնասիրելով տարբեր հետուստաընկերությունների տոնական ծրագրերը` կարելի էր նկատել, որ դրանք ոչ միայն ցածրաճաշակ են, անորակ, այլեւ կրկնում են 10, նույնիսկ 20 տարի առաջվա ամանորյա ծրագրերը: Բայց եթե «Բաղնիքդ անուշ», «Կառնավալային գիշեր», «Տանը միայնակ», «Մեր բակը» ֆիլմերի կրկնությունը դեռ ինչ-որ կերպ հնարավոր է հանդուրժել (հասկանալի է, որ որոշ հետուստաընկերություններ պարզապես չունեն այնքան ռեսուրսներ, որպեսզի ստեղծեն թարմ արտադրանք), դժվար է համակերպվել, որ նոր արտադրանքը հաճախ այնքան ցածրորակ է, որ ալիքը փոխելու անհագ ցանկություն ես ունենում: Թեմայի շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է երգիչ, երգահան Վահան Արծրունու եւ կինոռեժիսոր Էդգար Բաղդասարյանի հետ: Ստորեւ ներկայացնում ենք նրանց տեսակետները:

Վահան Արծրունի
Մենք արդեն մի քանի տարի է՝ հեռուստացույց չենք դիտում, բայց Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Բ-ի եւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ամանորյա ուղերձները օնլայն դիտեցինք, դրանից հետո անջատեցինք կապը, որպեսզի մեր տոնական տրամադրությունը չփչանա: Բրեգովիչի համերգը նորություն չէր. ի սեր աստծո, եթե ուզում են ուրախանալ գնչուական երաժշտության ներքո, թող ուրախանան, բայց մնացածը հանդուրժելի չէր: Խայտառակություն էր, որ վարչապետի ելույթից հետո չհնչեց մեր օրհներգը: Նման անփութությունը որեւէ բացատրություն չի կարող ունենալ, եւ այն պետք է պատժվի: Պատկերացնում եմ՝ եթե նման բան Միացյալ Նահանգներում լիներ, հեռարձակող հեռուստաընկերության ղեկավարությունից մի մարդ չէր մնա իր պաշտոնում. սկսած եթերի պատասխանատուից, վերջացրած ղեկավարներով՝ բոլորին կազատեին աշխատանքից: Գուցե դա լավ առիթ կլիներ, որ մեր պարագայում «մաքրվեր» Հանրային հեռուստաընկերությունը:

Էդգար Բաղդասարյան


Տոնական ծրագրերի որակը բավական վատն էր: Դիտեցի Հանրային հեռուստաընկերության նկարահանած «Չվերթ N 1» ֆիլմը… Ախր, Հ1-ի ղեկավարներն էլ փոխվեցին, բայց ծրագրերի որակը մնաց նույնը: Երեւի նույնիսկ նախորդ ղեկավարության օրոք նման անորակ արտադրանք եթեր չէին տա: Եթե իրենց մասնագետները այդքան խեղճ են, թող դիմեին ինձ, երկրորդ կուրսիս ուսանողներից մեկին կխնդրեի, դրանից լավ ֆիլմ կնկարեր: Գավառամտությունը հայկական եթերից աչքի էր զարնում նաեւ Ամանորին: Ինչպես կինոյի, այնպես էլ հեռուստատեսության ոլորտում մենք գնում ենք Ռուսաստանի ընտրած կասկածելի ճանապարհով: Ինչպես գիտեք, Ռուսաստանում էլ դժգոհություններ կան «թՏսցոՏռ ՏչՏվպՍ»-ի առնչությամբ, պահանջում են հրաժարվել այդ ծրագրից: Երբեմն ինձ թվում է՝ մեր ներկան այնքան խղճուկ է, որ անընդհատ ստիպված ենք հենվել անցյալի ծրագրերի վրա: Այս ռազմավարությունը ողորմելի հետեւանքներ է ունենալու: 2 խաչմերուկ անցնես՝ 6 սցենարի միտք կարող է գալ, բայց չենք տեսնում այդ սցենարները: Մեր հանդիսատեսն էլ է ախր տգետ: Սա արդեն կրթության խնդիր է: Կոնկրետ Հ1-ը դեգրադացվել է խայտառակության աստիճանի: Թող բացատրություն տան՝ ում է պատկանում այդ ամանորյա սցենարների գաղափարը, արդյոք հայտարարվում են մրցույթներ, թե տեղում է որոշվում՝ ով պետք է նկարի այս կամ այն ֆիլմն ու հաղորդումը: Նախորդ տարիներին անորակ արտադրանքը գոնե հետաքրքիր փաթեթավորմամբ էին մատուցում, հիմա այդ փաթեթավորումն էլ չկա: Ո՞ր «պադվալում» են որոշում, թե ով պետք է նկարի տվյալ ծրագրերը… Տոտալ գավառամատությունը եթերից ուղղակի աչք է ծակում: Մշակութային ռազմավարության մեջ պետք է մտնի նաեւ հանդիսատեսին կրթելը: Անկախ իշխանությունից՝ այս խնդիրը պետք է լուծվի:

 

 

 

 

 

Ի ՎԵՐՋՈ, ԲՐԵԳՈՎԻՉԻՆ ՀՐԱՎԻՐԵԼՆ Ո՞ՒՄ ԳԱՂԱՓԱՐՆ ԷՐ

Դեկտեմբերի 31-ի գիշերը Երեւանի Հանրապետության հրապարակում կայացավ աշխարհահռչակ երգիչ-երգահան Գորան Բրեգովիչի համերգը։ Նրա հոնորարը կազմել էր 65 հազար եվրո (սա միայն խմբի մատուցած ծառայության արժեքն է)։

Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը խոստացել էր ամանորյա անմոռանալի ուրախ համերգ: Երեւանցիների մի մասն իսկապես Հանրապետության հրապարակ էր գնացել` լսելու Բրեգովիչին, բայց պետք է նաեւ նկատել, որ ներկաների զգալի մասը նույնիսկ չէր ճանաչում Բրեգովիչին, հրապարակ էր գնացել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին տեսնելու, նրա հետ շփվելու, սելֆիներ անելու համար: Ավելին, երբ Փաշինյանն իր ելույթից հետո մտավ ժողովրդի մեջ եւ ողջունեց մարդկանց, այնպիսի տպավորություն էր, որ հենց նա է օրվա աստղը եւ ոչ Բրեգովիչը: «Ժողովուրդ» օրաթերթը հետաքրքրվեց՝ Բրեգովիչին Ամանորի գիշերը Երեւան հրավիրելու գաղափարը կոնկրետ ումն է եղել:
ՀՀ ԿԳՄՍ նախարարի մամուլի խոսնակ Անժելա Կժդրյանը հորդորեց մեզ դիմել Երեւանի քաղաքապետարան, քանի որ «քաղաքային միջոցառումներն իրենք են համակարգել»:
Երեւանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Վիրաբյանն էլ նշեց. «Նախագիծը մշակվել է համատեղ. Երեւանի քաղաքապետարանի, ԿԳՄՍ նախարարության եւ Կառավարության համատեղ քննարկումների արդյունքում է որոշվել ամբողջական նախագծին առնչվող ցանկացած հարց, այդ թվում եւ Բրեգովիչին հրավիրելու հարցը»: Մեր ճշտող հարցին, թե, այնուամենայնիվ, Բրեգովիչին Երեւան հրավիրելու գաղափարը առաջինն ով է հայտնել, Վիրաբյանը կրկին պատասխանեց. «Բոլոր քննարկումները կատարվել են համատեղ»:
Բայց բնական է, որ Բրեգովիչին Երեւան հրավիրելու գաղափարը առաջինը հայտնել է մեկը, հետո դրա արդյունքում ծավալվել են քննարկումներ: Ըստ մեր աղբյուրների՝ դա եղել է կա՛մ քաղաքապետ Հայկ Մարությանը, կա՛մ փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանը: Իսկ թե ինչու են քաղաքապետարանից խուսափում կոնկրետ անուն տալ, իսկապես հասկանալի չէ: Գուցե վախենում են քննադատվելուց, թիրախավորվելուց. չէ՞ որ երեւանցիների մի ստվար զանգված անտեղի էր համարում Բրեգովիչին Երեւան հրավիրելը, այդքան հոնորար վճարելը: Ամեն դեպքում, քաղաքապետարանը պետք է որդեգրի առավել թափանցիկ քաղաքականություն:
Իսկ արդյոք հայ հանրության մեծամասնության համար անհայտ երգիչ-երգահանը կարողացա՞վ իսկապես օրը տոն դարձնել, եւ արդյոք նպատակահարմա՞ր էր Ամանորի գիշերը հենց նրան հրավիրել Երեւան: «Կարին» ավանդական երգի-պարի խմբի հիմնադիր եւ գեղարվեստական ղեկավար Գագիկ Գինոսյանն այն համոզման է, որ ոչ: Նրա կարծիքով՝ Բրեգովիչին եւ, առհասարակ, շատ այլ երգիչ, երաժիշտների, անշուշտ, կարելի է հրավիրել Երեւան, բայց Ամանորի գիշերը ճիշտ կլիներ, եթե Հանրապետության հրապարակից հնչեր մեր ազգային երաժշտությունը, երգն ու պարը. «Ամեն ազգ Ամանորը նշելու իր ավանդույթներն ունի: Սա մի տոն է, որի ժամանակ մենք վերադառնում ենք ինքներս մեզ, մեր արմատներին: Չեմ կարծում, որ, օրինակ, Իսրայելում Ամանորին հրապարակից կարող էր հայկական երաժշտություն հնչել: Կոմիտասը 8 պար է գրառել, դրանցից 2-ը մեր խումբը վերականգնել է: Մենք ունենք հզոր ազգային մշակույթ, որով կարող ենք ներկայանալ»,- մեկնաբանեց պարոն Գինոսյանը:
Արդարության համար պետք է նաեւ հավելենք, որ մշակույթի մի շարք գործիչներ էլ դրական գնահատեցին Բրեգովիչին Ամանորի գիշերը Երեւան հրավիրելու քայլը: Նրանք նշում էին, որ ռաբիսի մեջ թաթախված մեր ժողովրդին չէր խանգարի հարաբերվել նաեւ բարձր արվեստի հետ:

Նյութերը՝ ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԻ

 

 

 

 

ՎՆԱՍՎԱԾՔՆ ԱՆՑՅԱԼՈՒՄ Է
Թուրինի «Յուվենտուսի» եւ Պորտուգալիայի ազգային հավաքականի առաջատար Կրիշտիանու Ռոնալդուին այլեւս չեն անհանգստացնում ծնկի հատվածում ցավերը: Այդ մասին փաստել է թուրինցիների գլխավոր մարզիչ Մաուրիցիո Սարին. «Նա չունի վնասվածք: Որոշ ժամանակ առաջ նրան անհանգստացնում էին ցավերը ծնկի շրջանում, սակայն հիմա ամեն ինչ նորմալ է: Վերջապես Ռոնալդուին երջանիկ եմ տեսնում: Նա հանգիստ է ե՛ւ ֆիզիկապես, ե՛ւ հոգեպես ու պատրաստ է ցույց տալ իր լավագույն որակները»,-ասել է Սարին A Bola-ի հետ զրույցում: Հիշեցնենք, որ Ռոնալդուն Ա Սերիայի 18-րդ տուրի՝ «Կալյարիի» դեմ խաղում դարձել էր երեք գոլի եւ մեկ գոլային փոխանցման հեղինակ:

 

 

 

ՀԱՎԱՔ ԿԱՆՑԿԱՑՆԻ
Երեկ՝ հունվարի 8-ին, Երեւանի «Ուրարտուն» վերադարձավ արձակուրդից ու անցկացրեց 2020 թվականի առաջին մարզումը: Այս մասին տեղեկացնում է ակումբի մամուլի ծառայությունը: Նախապատրաստության առաջին օրը պլանավորված էր անցկացնել երկու մարզում: Տղաները աշխատեցին թե՛ խաղադաշտում, թե՛ մարզասրահում: Գլխավոր թիմի հետ մարզվում են նաեւ «Ուրարտու-2»-ի 5 ֆուտբոլիստներ: Հավելենք, որ մինչեւ փետրվարի 5-ը երեւանյան ակումբը նախապատրաստվելու է սեփական մարզաբազայում, իսկ փետրվարի 6-ից 19-ը ուսումնամարզական հավաք է անցկացնելու Կիպրոսի Այիա Նապա քաղաքում: Հիշեցնենք, որ երեւանյան ակումբը վաստակած 17 միավորով 8-րդն է:

 

 

 

ԵՐԿԱՐԱՁԳԵՑ
Հռոմի «Ռոմայի» 24-ամյա իտալացի կիսապաշտպան Բրայան Կրիստանտեն երկարաձգեց պայմանագիրը ակումբի հետ: Հռոմեական ակումբի եւ ֆուտբոլիստի միջեւ կնքված պայմանագիրը ուժի մեջ կլինի մինչեւ 2024 թվական: Հիշեցնենք, որ Հենրիխ Մխիթարյանի թիմակիցը 2018 թվականին է վարձակալական հիմունքներով «Ատալանտայից» տեղափոխվել «Ռոմա»: 2019 թ. «գայլերը» գնել են իտալացու ամբողջական տրանսֆերը:

 

 

 

ՇՆՈՐՀԱՎՈՐԵԼ Է
ՈՒԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինը շնորհավորել է Արմեն Մելիքբեկյանին ՀՖՖ նախագահ ընտրվելու կապակցությամբ. «Հարգելի՛ նախագահ, հարգելի՛ Արմեն, շնորհավոր Ամանոր: Ինձ համար հաճելի է, որ այս տարվա առաջին նամակներից մեկով շնորհավորում եմ Ձեզ Հայաստանի Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ ընտրվելու կապակցությամբ…: Մաղթում եմ լուրջ հաջողություններ այս պաշտոնում: Այն Ձեզ կբերի երջանիկ պահեր եւ նոր մարտահրավերներ: Ձեր բնատուր հետաքրքրասիրությունը եւ սահմանած բարձր նշաձողը, որոնք կարեւորվում էին Ձեր նախկին գործունեության՝ մարզական լրագրության բնագավառում, ինչպես նաեւ անսահման սերը ֆուտբոլի նկատմամբ, անշուշտ, կօգնեն Ձեզ, որպեսզի բացահայտեք եւ իրացնեք նորանոր հնարավորություններ»,- ասված է ՈՒԵՖԱ-ի նախագահի շնորհավորական ուղերձում: Այս մասին տեղեկացնում է ՀՖՖ պաշտոնական կայքը:

ԷԴՄՈՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ




Լրահոս