Հին Երեւանի՝ Հանրապետության հրապարակի տակ գտնվող պատմական շերտի բացման եւ այն թանգարանային հատվածի վերածելու աշխատանքները կսկվեն 2020-ին. հայտնել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Հանրապետության հրապարակը արդյունքում կդառնա շատ ավելի տեսարժան վայր»,- նշել է նա: Ավելի վաղ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը նշել էր, որ Հին քաղաքը վերականգնելու հնարավորությունը քննարկվում է մասնագետների հետ: «Ժողովուրդ» օրաթերթը թեմայի շուրջ զրուցել է ճարտարապետ Սաշուր Քալաշյանի հետ:
-Պարո՛ն Քալաշյան, հրապարակի տակ գտնվող պատմական շերտի բացումը որքանո՞վ եք նպատակահարմար համարում:
-Ես անձամբ դեմ եմ այդ նախագծին: Եթե կառավարությունը միջոցներ ունի, թող ուշադրություն դարձնի կանգուն հուշարձաններին, այդ թվում՝ սեփականաշնորհվածներին. դրանք ամեն րոպե կարող են քանդվել, այդ կառույցները տեր-տիրական չունեն: Սեփականատերը չքանդելու համար համապատասխան գիտակցություն չունի, կառավարությունն էլ՝ համապատասխան լծակներ: ԿԳՄՍ նախարարությունը նախ պետք է վերանայեր օրենսդրական դաշտը եւ ապահովեր հուշարձան-շենքերի պահպանումը: Օրենքն ամրագրում է, որ ցանկացած հուշարձան-շենքի սեփականատեր պարտավորագիր պետք է կնքի պետության հետ: Քանի՞ հուշարձանի դեպքում է կնքվել այս պարտավորագիրը: Տասնյակ հազարավոր հուշարձաններից հարյուրի դեպքում է կնքվել պարտավորագիր, այն էլ՝ գրեթե բոլորը եկեղեցական կառույցներ են: Եթե պարտավորագիր չի կնքվում, սեփականատերը շահագրգռված չէ այն պահպանել:
-Ձեր խոսքից կարելի է ենթադրել, որ հրապարակի տակ գտնվող պատմական շերտի բացումը հրատապ հարց չէր:
-Ոչ: Մենք հուշարձանների պահպանության հարց ունենք, դա Էրեբունին չէ… Ի վերջո, հին շենքերի նկուղային հարկեր են գետնի տակ, դրանք նույն արժեքն ունեն, ինչ մի շարք երեւանյան հին շենքեր, որոնք աջ ու ձախ քանդում ենք: Այդ ինչպե՞ս եղավ, որ այդ շենքերը քանդում ենք՝ համարելով, որ արժեք չունեն, իսկ գետնի տակ մնացած շենքերը, որոնց միայն նկուղներն են մնացել, պետք է բացենք ու ցուցադրենք: Եթե այդքան շատ եք ուզում Հին Երեւան ցուցադրել, Կոնդը վերականգնեք, ցուցադրեք, տեսնենք՝ ցուցադրելի է, թե ոչ….
-Շատ է խոսվում այն մասին, որ, օրինակ, Հռոմում գետնի տակից ի հայտ բերված հին կառույցները զբոսաշրջիկների մեծ հոսք են ապահովում…
-Ես Հռոմում տեսել եմ այդ կառույցները, բայց դրանք հազարամյակների պատմություն ունեցող շինություններ են: Հրապարակի տակ հպարտանալու առիթ տվող կառույցները չեն, որ ի ցույց դնենք: Այն կառույցները, որոնցով իսկապես կարելի է հպարտանալ, մենք աջ ու ձախ ոչնչացնում ենք: Սրա մասին է խոսքը…
-Ի՞նչ եք կարծում, այս հարցի շուրջ հանրային քննարկումներ անցկացնելու անհրաժեշտություն կա՞:
-Պարտադիր, յուրաքանչյուր հարց պետք է լուծվի հանրային մեծ քննարկումների արդյունքում. սա միայն մասնագիտական հարց չէ: Հրապարակը հանրապետական է եւ որոշակի ռեժիմ ունի, որը չպետք է խախտվի: Եթե այլ հրապարակի մասին լիներ խոսքը, ուրիշ բան, բայց գործ ունենք Հանրապետության հրապարակի հետ: Ես զերծ կմնայի այդ նախաձեռնությունից: Պատմական շերտի բացումը կարող է տրանսպորտային խնդիրներ առաջ բերել քաղաքում, հրապարակի հարակից տարածքում երթեւեկությունը կարող է կաթվածահար լինել: Որքանով հասկացա, մասսայական կերպով պետք է քանդեն տարածքը: Պատմական շերտի բացման մասին ես վաղուց էի մտածել, բայց կարծում էի, որ կարելի է ստորգետնյա ցուցադրություն կազմակերպել, ոչ թե ապակի դնել վերեւից նայելու համար: Պատրա՞ստ է արդյոք ժողովուրդը, որ իր հրապարակը նման տեսք ունենա. սա պետք է պարզել: Հակառակ դեպքում վաղը կարող են քարկոծել:
Հավելենք, որ 2003-ին՝ Հանրապետության հրապարակի վերանորոգման ժամանակ, շինարարները հանդիպել էին պատնեշի, հրավիրվել էին հնագետներ: Պարզվել էր, որ ամբողջ տարածքում 17-րդ դարի շինություններ են:
Զրուցեց ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԸ
ԳՈՌ ՍՈՒՋՅԱՆԸ՝ ՄՅՈՒԶԻՔԼԻ ԴԵՐԱՍԱՆ
«Ժողովուրդ» օրաթերթը շարունակում է ներկայացնել «Աստղերի անհայտ կողմը» խորագրով շարքը: Անդրադառնում ենք հայկական շոու-բիզնեսի այն ներկայացուցիչներին, որոնք առաջին մասնագիտությամբ որեւէ կապ չունեն բեմի կամ էկրանի հետ:
Այս անգամ մեր զրուցակիցը ռոք երգիչ Գոռ Սուջյանն է: Գոռի պարագայում, սակայն, մենք գործ ունենք է՛լ ավելի հետաքրքիր փաստերի հետ: Պարզվում է՝ տաղանդավոր այս երգիչը բարձրագույն կրթություն առհասարակ չունի. «Հիմա արդեն զգում եմ պրոֆեսինոլիզմի պակաս: Ինքս լսում եմ նվագախմբի կատարումներ, բայց պարտիտուրաները չեմ կարողանում թղթին հանձնել: Կարծում եմ՝ երբեք ուշ չէ գիտելիքներ ձեռք բերել: Աշխատում եմ այդ ուղղությամբ: Անհատական պարապմունքների այցելելու ցանկություն ունեմ: Ուզում եմ սովորել հենց այն, ինչ իսկապես ինձ պետք է»,- մեկնաբանեց երգիչը:
Ավելի վաղ հասակում նա ցանկացել է իրեն փորձել որպես դերասան, խաղալ մյուզիքլերում: «Անգամ դպրոցական տարիներին, եւ մի փոքր ավելի ուշ սիրողական մակարդակով փորձել եմ ինձ այդ ոլորտում: Այն ժամանակ «Notre-Dame de Paris» մյուզիքլի մեծ ֆանատ էի: Թեպետ ուզում էի ուժերս փորձել նաեւ պրոֆեսիոնալ մակարդակով, փորձել եմ ընդունվել Թատերական ինստիտուտ… Միշտ սիրել եմ նմանակումներ անել, մի խոսքով, դերասանական աշխարհը գրավում էր ինձ»,-պատմեց Գոռը: Ի դեպ, նրան ցանկացել են ուղղորդել դեպի տնտեսագիտության ոլորտ, որը, սակայն, երգչի սրտով չէր: «Ասում էին՝ գործ բերող ոլորտ է, բայց դա իմը չէր»,-նշեց Գոռը:
Նշենք, որ դեռեւս 17 տարեկանում Գոռը հիմնադրել է «Գոռ եւ ընկերներ խումբը», որը կատարում էր հայտնի ռոք երգերի cover-ներ: Ինչ վերաբերում է վերջին շրջանի նրա գործունեությանը, 2017 թվականից Գոռը սկսել է գործունեություն ծավալել Լեւոն Արեւշատյանի հիմնած «Project LA» նախագծում։ Այստեղ Գոռը հանդես է գալիս հայ մեծանուն գրողների ստեղծագործությունների ներկայացմամբ՝ երգի տեսքով։
Ա. ԲԱԲԱՋԱՆՅԱՆ
ՄԱՐԶԱՀԱՎԱՔ
Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականը մարզահավաք կանցկացնի: Այս մասին տեղեկանում ենք ՀՖՖ պաշտոնական կայքից: ՈՒԵՖԱ ԵՎՐՈ 2022-ի նախընտրական փուլին ընդառաջ՝ Հայաստանի ֆուտզալի ազգային հավաքականը հունվարի 10-19-ը մարզահավաք կանցկացնի ՀՖՖ տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում: Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ռուբեն Նազարեթյանը մարզահավաքին մասնակցելու համար հրավիրել է հետեւյալ ֆուտբոլիստներին.
Սարո Գալստյան – «Լեո»
Անդրանիկ Կարապետյան – «Լեո»
Գարեգին Մաշումյան – «Լեո»
Հակոբ Ուզունյան – «Լեո»
Էդվարդ Մկրտչյան – «Լեո»
Գոռ Սարգսյան – «Լեո»
Արթուր Մկրտչյան – «Լեո»
Տիգրան Վարդանյան – «Արարատ-Արմենիա»
Վահե Միրաքյան – «Արարատ-Արմենիա»
Խաչատուր Միքայելյան – «Արարատ-Արմենիա»
Սարգիս Նասիբյան – «Արարատ-Արմենիա»
Կելսոն Վինիցիուս Ֆրանցիսկո Դե Կամպոս – «Լեո»
Վիկտոր Սեիջի Մարտինս Դե Սոուզա – առանց ակումբ
Էնրիկե Կոստա Դա Սիլվա – «Քինգերշեյմ» (Ֆրանսիա)
Լուան Մյուլլեր Բարբոսա – «ԱՍԵԼ Չոպինզինյո» (Բրազիլիա)
Դավիթ Ասլանյան – «Տյումեն» (Ռուսաստան)
Մամիկոն Ոսկանյան – ՄՖԱ «Ֆակել-ԳՍՏ» (Ռուսաստան)
Համլետ Մանուկյան – «Սիբիրյակ» (Նովոսիբիրսկ, Ռուսաստան)
Ռոբերտ Բոյարկին – ՄՖԿԱ «Կորպորացիա-ԱՍԻ» (Ռուսաստան)
Էմին Ղարաբեքիանս – «Մոբելկարիմի» (Իրան)
Սարգիս Մարգարյան – «Բորիսով-900» (Բելառուս)
Հիշեցնենք, որ մարզահավաքի շրջանակներում Հայաստանի ֆուտզալի հավաքականը կանցկացնի 2 ընկերական հանդիպում Մոլդովայի հավաքականի հետ: Խաղերը կկայանան ՀՖՖ տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում հունվարի 17-ին՝ 19:00-ին, եւ հունվարի 18-ին՝ ժամը 16:00-ին:
ՄԻԱՑԵԼ ԵՆ
Անգլիական «Բրայթոնի» եւ Ավստրալիայի հավաքականի դարպասապահ Մեթյու Ռայանը միացել է Ավստրալիայում տիրող հրդեհների դեմ պայքարին. «Այս շաբաթ Անգլիայի Պրեմիեր լիգայում կատարած ամեն մի սեյվիս համար Ավստրալիային կնվիրաբերեմ 500 դոլար: Պետք է միասին պայքարել երկրին պատուհասած վտանգը վերացնելու համար»: Հիշեցնենք, որ Ավստրալիայում շարունակվում են կործանարար հրդեհները, որոնց պատճառով արդեն զոհվել են 20-ից ավել մարդ եւ 500մլն-ից ավել կենդանի: Հավելենք, որ ավելի վաղ նման հայտարարությամբ էր հանդես եկել ավստրալացի թենիսիստ Նիկ Կիրիոսը, ով խոստացել էր գումար նվիրաբերել Ավստրալիային իր կատարած ամեն մի էյսի համար:
ԷԴՄՈՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ