Ծննդատների փակման հարցը լրջանում է. ԱԺ-ն քննարկում կկազմակերպի․ «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովը պատրաստվում է առաջիկայում լսումներ հրավիրել, որը կվերաբերի ծննդատների ֆինանսավորման դադարեցման կամ, այսպես ասած, փակման հարցին: Ըստ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների՝ այդ հանձնաժողովի ներկայացուցիչներն այժմ փորձում են օրը հստակեցնել: Բանն այն է, որ առաջիկա օրերին խորհրդարանում լիագումար նիստեր են ընթանում, ինչի համար լսումների օրվա հետ կապված խնդիր է առաջացել:

Մեր տեղեկություններով՝ հանձնաժողովը պատրաստվում է խորհրդարան հրավիրել ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին, ոլորտին առնչվող անձանց եւ պարզաբանումներ պահանջել՝ ծննդատների փակման որոշման հետ կապված: Այս առնչությամբ երեկ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Լուսինե Բադալյանի հետ՝ պարզելու համար, թե ինչ դիրքորոշում ունեն իրենք այդ հարցի հետ կապված: «Մինչեւ այս պահը իմ լսած պատճառաբանությունները դեռեւս չեն բավարարում ինձ, եւ դրա պատճառով մենք շուտով պատրաստվում ենք քննարկում շահագրգիռ կողմերի հետ, որպեսզի փորձենք պատճառները տեսնենք: Մենք չենք խոսել նախարարի հետ, եւ խմբակցության հետ հանդիպումը կայացել է այն ժամանակ, երբ հանձնաժողովի նախագահը եւ հանձնաժողովի երկու ակտիվ անդամներ Հայաստանում չեն եղել, եւ մենք դրա մասին չենք իմացել: Մենք գտնվում էինք շատ կարեւոր գործուղման մեջ, հետեւաբար ես չեմ լսել, թե ինչ հարցեր են հնչել հանդիպման ժամանակ, եւ ինչպես է այդ հարցերին պատասխանել նախարարը»»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։




Լրահոս