Փաստեր կա՞ն, թե՞ շոու է․ Արագածոտնի մարզի հատուկ միջոցառման հետքերով․ «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Հունվարի 16-ին ՀՀ ոստիկանությունը հատուկ միջոցառում էր իրականացրել Արագածոտնի մարզում, եւ տարբեր կասկածանքներով ոստիկանության բաժիններ էին բերման ենթարկվել, այսպես ասած, քրեական ենթամշակույթ կրող անձինք: Հրապարակված տեսանյութում անձանց դեմքերը չեն երեւում, ոչ էլ հասկանալի է դառնում, թե ինչու են, քաղաքացիների արժանապատվությունը նսեմացնելով, բերման ենթարկում: Ի վերջո, հարց է առաջանում,՝ որտեղի՞ց ոստիկանությունը իմացավ, որ այդ անձինք քրեական, այլ ոչ թե, օրինակ, գրական ենթամշակույթ կրող են: Փաստեր կա՞ն, թե՞ շոու է:

Այս հարցերի պատասխանը «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց ստանալ ՀՀ ոստիկանապետի ժամանակավոր պաշտոնակատար Արման Սարգսյանից: «Ոչ միայն Արագածոտնի մարզում, այլ, առհասարակ, այն կանխարգելիչ աշխատանքը, որ իրականացվում է, կատարվում է օպերատիվ տվյալների հիման վրա: Ես, ընդհանրապես, շոուի սիրահար չեմ… Այդ մարդկանց տրամադրվածությունը հանցավոր երեւույթների հանդեպ պետք է փոխվի: Իրենց ընկալման մեջ փոփոխություն մտցնելու համար են արվում այդ գործողությունները, որ հասկանան վերջնականապես՝ հանցագործ լինելը լավ բան չէ»: Սարգսյանից հետաքրքրվեցինք, որ իրեն երկու ամիս է մնացել ոստիկանապետի ԺՊ աշխատելու համար, ինչ ճակատագիր է սպասվում: «Մինչեւ վերջին օրը ծառայելու եմ պետությանը բարձր նվիրվածությամբ: Շուրջ 25 տարի ծառայում եմ ոստիկանությունում»,-պատասխանեց Սարգսյանը»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։




Լրահոս