ArmLur.am-ի տեղեկություններով `այսօր իրավապահները ոստիկանություն են բերման ենթարկել «Վստրեչի Ապեր» անունով հայտնի հեղինակություն Արամ Վարդանյանի եղբոր որդուն՝ Արման Վարդանյանին:
ArmLur.am-ը փորձեց տեղեկությունը պարզել Արամ Վարդանյանից, որն ի պատասխան հայտնեց. «Ոչ միայն այսօր, այլև ամեն օր, օրը մեջ կամ երեք օրը մեկ, եղբորս տղային՝ Արման Վարդանյանին, ինչպես նաեւ իմ մտերիմ շրջապատի մարդականց տանում են ոստիկանություն: Ոստիկանապետը ուրիշ հերոսի անուն չգիտի, երեւի ցանկանում է ինձ պառկեցնի, մի հատ էլ նկարեն, որ կարողանա վերանշանակվի իր պաշտոնին»:
Մեր հարցին՝ ի՞նչ են արել կոնկրետ իր մտերիմները, որ նրանց ամեն օր, պառկեցնելով, տանում են ոստիկանության բաժին, Արամ Վարդանյանն ասաց. «Իրենք ուրիշ հերոսի անուն չգիտեն. հիմա կարգին հաղորդման սկետչերը ակտուալ են դարձել, ես էլ այդ սկետչի օրինակն եմ ասում, որ իրենք այլ հերոսի անուն չգիտեն, ուրիշ այլ պատճառը չկա: Միգուցե, ինձ են ցանկանում պառկեցնել ու նկարել, ու երեւի չեն կարողացել, չի ստացվել, ընկել են հոգեխանգարմունքի մեջ. ուրիշ բացատրություն ես այս ամենին չունեմ»:
Իսկ այն հարցին՝ գուցե իր կամ իր ընտանիքի դեմ ոստիկանության գործողությունները պայմանավորված են «Հայկական ժամանակ» օրաթերթի ինտերնետային կայքում հրապարակված հոդվածի հետ, որտեղ ներկայացված են տարբեր անուններ, ովքեր ՀՀ վարչապետի ու նրա ընտանիքի անդամներին վարկաբեկելու գործընթաց են սկսել (այնտեղ կար նաև իր անունը), Արամ Վարդանյանը շեշտեց. «Ես այդ մասին հայտարարություն տարածել եմ՝ նշելով, որ չփորձեն ինձ ներքաշել քաղաքական խաղերի մեջ: Զգուշացնում եմ` միշտ հիշեք, որ վաղ թե ուշ իրականությունը պարզվում է, ամոթով է մնում ու տուժում է սուտը հնարողն ու տարածողը»: