Երբ դեռ նախորդ տարի Հայաստանում մեկնարկեց քրեական հակամշակույթի դեմ օրենսդրական պայքարը, «Ազգային արժեք» մշակույթի համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը, որի նախագահն է Հայաստանի եւ ՌԴ նկարիչների եւ ճարտարապետների միության անդամ Աշոտ Թադեւոսյանը, որոշում կայացրեց ՀՀ քրեակատարողական հիմնարկներում անցկացնել մշակութային միջոցառումների շարք՝ հանդիպումներ ստեղծագործողների հետ, համերգներ, վարպետաց դասեր: Նախորդ տարվա դեկտեմբերին ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի եւ «Ազգային արժեք» մշակույթի համահայկական հիմնադրամի համատեղ նախաձեռնությամբ Աբովյանի «Կանանց եւ անչափահասների» քրեակատարողական հիմնարկում անցկացվել է «Կյանքը հրաշալի է» միջոցառումը: «Ժողովուրդ» օրաթերթը Աշոտ Թադեւոսյանից հետաքրքրվել է՝ ինչ ընթացքում է ծրագիրը, հաջորդիվ որ ՔԿՀ-ներ են այցելելու, եւ որքանով է այս գործընթացն արդյունավետ:
-Պարո՛ն Թադեւոսյան, այցելությունը Աբովյանի «Կանանց եւ անչափահասների» քրեակատարողական հիմնարկ ի՞նչ ցույց տվեց, ծրագիրը կարո՞ղ է հաջողել:
-Երբ սկսվեցին քրեական հակամշակույթի դեմ օրենսդրական պայքարի մասին քննարկումները, անմիջապես մտքովս անցավ՝ եթե մի բան արգելվում է, պետք է մեկ այլ բան առաջարկվի: Եթե քրեական հակամշակույթի դեմ պայքարում ենք, ուրեմն պետք է առողջ միջավայրի ձեւավորմանը նպաստենք: Չնայած կարճ ժամանակին՝ հիմնադրամը բավական մեծ թվով ծրագրեր է իրականացրել: Նույն Աբովյանում տեղում մրցույթ հայտարարեցինք՝ նկարել միմյանց: Ես նկարեցի կանանց դիմանկարները, նրանք նկարեցին ինձ, հանձնեցինք մրցանակներ, երգեցինք, պարեցինք: Զգացինք, որ մարդու մեջ հնարավոր է արթնացնել բարին ու գեղեցիկը՝ անկախ նախկինում կատարած սխալների: Հաջորդիվ կայցելենք «Արմավիր» ՔԿՀ, հավանաբար հունվարի վերջին: Առաջիկայում դիմելու ենք Արդարադատության նախարարությանը, պետական այլ կառույցների՝ աջակցություն ստանալու համար:
-Այսինքն՝ պետական աջակցություն չունե՞ք:
-Ոչ, պետբյուջեից հատկացումներ առայժմ չկան: Ամեն բան արվում է սեփական միջոցներով:
-Մենք կարո՞ղ ենք հույս ունենալ, որ գոնե մոտ ապագայում հնարավոր կլինի կիրառել զարգացած երկրների փորձը. ՔԿՀ-ներում կստացվի՞ անցկացնել ուսումնական պրոցես, թեկուզ հեռակա հնարավորություններ կստեղծվե՞ն ստեղծագործելու համար:
-Իհարկե, զարգացած երկրների հետ այդ առումով դեռ չենք էլ կարող համեմատվել: Այդ երկրների ՔԿՀ-ներում անցկացվում են դասապրոցեսներ նույնիսկ հիմնարկներից դուրս: Դատապարտյալները ավելի հաճախ են մասնակցում ցուցահանդեսների եւ այլ միջոցառումների: Այդ թեման քննարկել ենք նաեւ Նկարիչների միության վարչությունում. ինքս վարչության անդամ եմ: Խոսվել է այն մասին, որ հարկավոր է հնարավորություններ ստեղծել, որպեսզի դատապարտյալները մասնակցեն ցուցահանդեսների: Հայտարարվել է մրցույթ՝ մրցանակային բավական բարձր ֆոնդով: Առաջիկայում առավել մանրամասն կներկայացվեն պայմանները: Երբ կկարողանանք համակարգել եւ ստաբիլ կերպով անցկացնել ծրագիրը, վստահ եմ, որ դրա արդյունքները զգալի եւ շոշափելի կլինեն: Մշակույթի դերը ահռելի է ցանկացած ոլորտում: Ուրախ եմ, որ իմ նախաձեռնությանն աջակցում են մշակույթի գործիչներ, պատրաստակամություն են հայտնում անցկացնել վարպետաց դասեր: Հուսով ենք, որ պետությունը եւս իր դերը կունենա այս հարցում:
Հավելենք, որ Հիմնադրամի եւ խորհրդարանական հանձնաժողովի միջեւ կնքված համագործակցության հուշագրի համաձայն` միջոցառումներ կանցկացվեն Հայաստանի բոլոր ՔԿՀ-ներում, ինչպես նաեւ տարբեր հիվանդանոցներում, որտեղ բուժվում են երեխաներ:
Զրուցեց ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԸ
ԵՐԲ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՄՏՆՈՒՄ Է ՆԱԵՎ ԱՐՎԵՍՏ
Ազգությամբ ադրբեջանցի, կարգավիճակով սոպրանո Աննա Նետրեբկոյի ամուսին, երգիչ Յուսիֆ Էյվազովը հրաժարվել է փետրվարի 7-ին հանդես գալ Դրեզդենի ամենամյա օպերային պարահանդեսի բացման արարողությանը հայ երգչուհի Ռուզան Մանթաշյանի հետ՝ պատճառաբանելով վերջինիս հայ լինելը, այսինքն՝ քաղաքական նկատառումներով: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է օպերային հայտնի երգչուհի Հասմիկ Պապյանը:
«Ու՞ր ենք հասել… Բազմիցս եմ երգել հիշյալ օպերային թատրոնում, չեմ կարողանում մտաբերել նմանատիպ երեւույթ: Պատրաստվում եմ բողոքի ձայն բարձրացնել…»,-նշել է նա։
Այս հայտարարությունից հետո մշակույթի գործիչների շրջանում բուռն քննարկումներ ծավալվեցին: Ա. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի երիտասարդական ծրագրի ղեկավար Լեւոն Ջավադյանը կատարվածը զարմանալի է համարում. «Յուսիֆ Էյվազովի ֆանատը չեմ, բայց օպերային բնագավառում ազգային հողի վրա ադրբեջանական երգիչների հետ խնդիրներ չեն լինում։ Զարմանալի է։ Դինարա Ալիեւան ելույթ ունեցավ մեր Լիպարիտ Ավետիսյանի հետ։ Հենց Յուսիֆը Գեւորգ Հակոբյանի հետ Մեծ Թատրոնում «կՌՍՏՉՈÿ ՊՈՎՈ» առաջնախաղում հանդես եկավ»,-հիշեցրեց պարոն Ջավադյանը։
Համերգի կազմակերպիչ SemperOperaball կազմակերպությունը հերքել էր տեղեկությունը՝ դատապարտելով Էյվազովի հասցեին մեղադրանքները եւ նշելով, որ Ռուզան Մանթաշյանի հետ փետրվարի 7-ին կայանալիք համերգի վերաբերյալ պայմանագիր չի ունեցել։
«Ժողովուրդ» օրաթերթը փորձեց կապ հաստատել երգչուհի Ռուզան Մանթաշյանի հետ, սակայն նա առայժմ հրաժարվում է մեկնաբանություն տալ: Փոխարենը սոպրանո Ռուզան Մանթաշյանի հետ աշխատող «Աժանս Մասիս օպերա» գործակալությունը հունվարի 14-ին մեկնաբանել է տեղի ունեցածը: Մեջբերում ենք հայտարարությունից մի հատված. «Semper Opernball-ի կողմից կար ցանկություն վարձելու Ռուզան Մանթաշյանին փետրվարի 7-ի համերգի համար։ 2020թ. հունվարի 10-ին մենք ստացանք գրավոր նամակ, որով ազդարարվում էր Ռուզան Մանթաշյանի մասնակցության չեղարկումը, քանի որ պարոն Յուսիֆ Էյվազովը չէր ցանկանում ելույթ ունենալ նրա հետ այն պատճառներով, որոնք նշվել են մեր առաջին մամուլի հաղորդագրությունում։
Սա հնարավոր է, ստեղծել է շատ խրթին իրավիճակ կազմակերպիչների համար, բայց այս իրավիճակի զարգացման դեպքում մենք չունենք պատասխանատվության որեւէ ձեւաչափ, ինչը բացասաբար է անդրադառնում մեր արտիստի վրա» (Թարգմանությունը՝ «Սիվիլնեթի»):
Երգիչ, երգահան Արմեն Մովսիսյանը նկատել է. «Ազերի օպերային երգչի հրաժարվելը Դրեզդենի օպերայում հայ երգչուհու հետ ելույթ ունենալուց ազգային խտրականության փայլուն ապացույց է։ Մնաց՝ հայկական արտաքին գերատեսչությունը փայլի»։
Ա. ԲԱԲԱՋԱՆՅԱՆ
ԳԼԽԱՎՈՐԵԼ Է ԷԿՎԱԴՈՐԻ ԸՆՏՐԱՆԻՆ
Էկվադորի հավաքականի մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնին նշանակվել է Յորդի Կրույֆը՝ լեգենդար Յոհան Կրույֆի որդին: Էկվադորի հավաքականի եւ 45-ամյա մասնագետի միջեւ պայմանագիրը ուժի մեջ կլինի մինչեւ 2023 թվականը: Մարզիչը նախկինում աշխատել է Թել Ավիվի «Մակաբիում» եւ չինական «Չունցին Լիֆանում»: Որպես ֆուտբոլիստ Կրույֆը ժամանակին հանդես է եկել անգլիական «Մանչեստեր Յունայթեդում» եւ կատալոնական «Բարսելոնայում»:
ՄՈՈՒՐԻՆՅՈՅԻ ՆՈՐ ԹԻՐԱԽԸ
Անգլիական «Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն ցանկանում է իր թիմում տեսնել պորտուգալական «Բենֆիկայի» առաջատարներից Ժեդսոն Ֆերնանդեսին: Անգլիական հեղինակավոր լրատվամիջոցները տեղեկացնում են, որ ֆուտբոլիստը անգլիական թիմի հետ պայմանագիր կկնքի առաջիկա օրերին: Նշվում է, որ երիտասարդ աստղը վարձակալական հիմունքներով հանդես կգա լոնդոնցիների կազմում, իսկ 18 ամիս հետո «խցանները» 56մլն եվրոյով հնարավորություն կունենան գնելու ֆուտբոլիստի տրասֆերը:
ՆՈՐ ՄԱՐԶԻՉ ՈՒՆԻ
Կատալոնական «Բարսելոնայի» պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ թիմը պաշտոնանկ է արել գլխավոր մարզիչ Էռնեստո Վալվերդեին: Տեղեկությունների համաձայն՝ այդ ամենը ակումբը պետք է հայտներ մամուլի ասուլիսի միջոցով, սակայն կողմերի միջեւ տարաձայնությունների պատճառով ասուլիսը չի կայացել: Կատալոնական ակումբի գլխավոր մարզիչ է նշանակվել «Ռեալ Բետիսի» նախկին գլխավոր մարզիչ Կիկե Սետիենը: Սետիենի եւ «Բարսելոնայի» միջեւ կնքվել է 2.5 տարվա պայմանագիր:
ՊԱՅՔԱՐ՝ ԼԱԿԱԶԵՏԻ ՀԱՄԱՐ
Անգլիական «Արսենալի» ֆրանսիացի հարձակվող Ալեքսանդր Լակազետը կարիերան կարող է շարունակել Իսպանիայի Լա Լիգայի առաջնությունում: Ֆրանսիացու համար իսկական պայքար են սկսել իսպանական երկու գրանդները՝ «Բարսելոնան» եւ «Ատլետիկոն»: Մադրիդցիները Լակազետին դիտարկում են երկրորդական տարբերակ, եթե չստացվի գնել ֆրանսիական ՊՍԺ-ի հարձակվող էդինսոն Կավանիի տրանսֆերը: «Բարսելոնան» էլ իր հերթին ցանկանում է գտնել Լուիս Սուարեսին փոխարինողի, քանի որ վերջինս շարքից դուրս է մնացել առնվազն 4 ամսով:
Նշվում է, որ լոնդոնյան թիմը չի ցանկանում վաճառել իր ֆուտբոլիստին, սակայն այդ տարբերակը դիտարկելու դեպքում առաջինը կանդրադառնա «Ատլետիկոյին», որովհետեւ վերջիններս պատրաստ են «Զինագործների» ճամբար բաց թողնել Տոմա Լեմարին:
ԷԴՄՈՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ