Թափառող շները ՀՀ Գեղարքունիքի մարզի մի քանի գյուղերի համար դարձել են իսկական պատուհաս. գյուղի երեխաները վախենում են փողոցով մենակ քայլել: Այս խնդրով «Ժողովուրդ» օրաթերթին է դիմել ՀՀ Գեղարքունիքի մարզի Կարմիրգյուղի բնակիչ, համայնքի ավագանու անդամ Վանիկ Շհոյանը:
«Թափառող շները մեզ մոտ շատ են, երեխաներին վախեցնում են: Մի քանի օր առաջ իմ աղջիկը երեխաների հետ մի կերպ հասան տուն. շները վրա էին տվել: Անգամ հարեւանի դռան շանն են խեղդել, հավերին են խեղդում, վայրի, սոված շներ են»,- փոխանցեց կարմիրգյուղցի Վանիկ Շհոյանը: Պարզվում է` բնակիչն այս խնդրով դիմել է Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանին, գյուղապետ Հակոբ Գասպարյանին, մարզի պատգամավոր Թագուհի Թովմասյանին:
«Թագուհի Թովմասյանի օգնականը փոխանցեց, որ պատգամավորն այս հարցով դիմել է Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանին և Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանին: Ես էլ մեր գյուղապետին դիմեցի այս հարցով, ասաց`մեր բյուջեն այդ շներինսրսկելու համար չի բավարարի: Ասենք,շներին բավարարի բյուջեն, բա ժողովրդի՞ն: Գյուղապետն ասում է՝մերուժերիցվեր է, օրենք կա, չենք կարող խախտել»,- իրավիճակը ներկայացրեց համայնքի ավագանու անդամը:
Իսկ, ահա, Կարմիրգյուղի գյուղապետ Հակոբ Գասպարյանը, «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ներկայացնելով խնդիրը, հայտարարեց, որ իրավիճակը լարված է: «Բնակիչները պահանջում են շների ոչնչացում, բայց մենք դրա իրավունքը չունենք, գործադիրն արգելել է: Շատ են շները, մի հատվածի վրա կարող է 50 շուն հավաքված լինի: Երեխան դպրոց գնալիս կամ վերադառնալիս տեսնում է, վախենում է: Ճիշտ է, այս ընթացքում կծելու, հարձակման դեպքեր չեն արձանագրվել, բայց որ այսպես շարունակվի, կարող է գրանցվի:
Որ միասին քայլենք, մի քանի րոպեում 100 նման շուն կհաշվենք: Եղել է, որ հավ են խեղդել, տարել են: Ամեն օր գյուղապետարանը երեխաների ծնողներից այս հարցով բողոք է ստանում»,- նկատեց գյուղապետը՝ եւս մեկ անգամ ընդգծելով, որոչինչչեն կարող անել թափառող շների դեմ:
«Ժողովուրդ» օրաթերթը այս խնդրի առնչությամբ փորձեց մեկնաբանություն ստանալ նաեւ Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանից, սակայն մեր հեռախոսազանգերն անպատասխան մնացին:
Նշենք, որ պատգամավոր Թագուհի Թովմասյանի՝ թափառող շների հետ կապված հարցին ի պատասխան ԱԻՆ-ից առաջարկել են դիմել մարզպետարան:
Իսկ մարզպետարանից պատգամավորին պատասխանել են, թե իրենք թափառող շների վնասազերծման գործում հնարավորություն և գործիքակազմ չունեն, և որ նման երևույթները կանխելու և հնարավոր վտանգներից խուսափելու համար անհրաժեշտ է մարզերում ստեղծել վնասազերծման կենտրոն, որի հնարավորությունը մարզային համայնքները չունեն:
Իսկ քաղաքացուն մարզպետարանից հայտնել են, որ մեկ շան գլխի համար պետք է գումար վճարել, որ Երեւանից գան ներարկեն:
Հ.Գ.Նշենք, որ «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տնօրեն Սուրեն Աղաջանյանը Դիլիջանում գտնվող, իրեն պատկանող «Գետափ» ռեստորանում այցելուների աչքի առաջ որսորդական հրացանով կրակել էր շան գլխին ու սպանել կենդանուն: Ըստ ՀՀ քննչական կոմիտեի՝Սուրեն Աղաջանյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 258.2-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքի համար («Կենդանու նկատմամբ դաժան վերաբերմունք»):
Սյունէ Համբարձումյան