Տևական ժամանակ է՝ լրատվամիջոցները բաձրաձայնում են, որ ռուսական ORSIS զենք մատակարարող ընկերության և Հայաստանի պաշտպանության նախարարության միջև չեղարկված մրցույթի շուրջ սկանդալ է հասունացել: Թեմային անդրադարձել էր նաև InfoPort-ը՝ հետաքննություն անցկացնելով և խոստանալով բացահայտել, թե ով է այս խճճված պատմության մեջ ճիշտ, ով մեղավոր, չէ՞ որ հարցը անմիջականորեն առնչվում է հայ զինվորների կյանքին և անվտանգությանը։
«Ժողովուրդ» օրաթերթը ևս անդրադարձ էր կատարել թեմային՝ գրելով, որ մրցույթի ձախողման իրական պատճառը եղել է այն, որ ORSIS-ը մարտական ջերմատեսիլ նշանառության սարքերի փոխարեն փորձել է հայկական կողմին մատակարարել այդ սարքերի որսորդական անալոգները՝ HUNTER-ը շուկայականից շատ ավելի բարձր գներով: Հասկանալու համար, թե ինչ սարքեր են դրանք, որքանով են դրանց պարամետրերը տարբերվում մարտական անալոգներից և ինչ հետևանքներ կարող էր ունենալ դրանց օգտագործումը մարտական նպատակներով մեր մոսկովյան թղթակիցը շրջեց մի քանի մասնագիտացված խանութներով՝ սեփական հետաքննությունը անց կացնելու նպատակով:
Մոսկովյան մասնագիտացված խանութներում Dedal-T2.380 Venator ջերմատեսիլ սարքերը, որոնք HUNTER-ի արդիականացված անալոգներն են, արժեն 330 հազար ռուբլի։ Նշենք, որ HUNTER-ն արդեն համարվում է հնացած մոդել և չի վաճառվում ռուսական մասնագիտացված խանութներում, կամ դրանք կարելի է գտնել շատ հազվադեպ։ Այդ իսկ պատճառով մենք ուսումնասիրեցինք դրա արդիականացված անալոգը: Նման սարքերի վրա հեռաչափերը համարվում են լրացուցիչ օպցիա, սակայն գինը զգալիորեն բարձրացնում են:
Այսօր ArmLur.am-ի խմբագրություն է դիմել մի քաղաքացի, ում անունը հասկանալի պատճառներով չենք հրապարակում, և հայտնել բառացիորեն հետևյալը:
«Կարդալով ՊՆ-ի ու Օրսիս.արմս ընկերության խնդիրների մասին՝ որոշեցի ձեզ ներկայացնել իմ պատմությունը: Ես փորձառու որսորդ եմ, անցած տարի հոկտեմբերին նվեր եմ ստացել Dedal-T2.380 Venator ջերմատեսիլ սարք: Քանի որ որսի սեզոն չէր, իմ նվերով հիանում էի՝ ձեռքումս բռնած՝ երբեմն գիշերները նայելով:
Սակայն որսի սեզոնի բացումից հետո որոշեցի զենքիս վրա տեղադրել և փորձարկել այս սարքը, որը շատ լավ տպավորություն էր թողնում:
Իմ նախկին ունեցած համանման սարքերի հետ համեմատած՝ այս սարքը կոմպակտ էր, փոքր, թեթև ու հարմար: Սակայն շատ հիասթափեցնող էր այս սարքի առաջին իսկ փորձարկումը, երբ հինգ փամփուշտից հետո սարքը ուղղակի հրաժարվեց միանալ: Սկզբից կարծում էի, որ ընդամենը մարտկոցներն էին նստել, սակայն ոչինչ չօգնեց, և իմ զայրույթին ուղղակի սահման չկար: Ես վերադարձա տուն և առաջին հերթին մի նամակ գրեցի:
«Ես որևէ գնահատական չեմ տալիս, մասնագետ չեմ և սարքերի նշանակությունը այդքան լավ չեմ հասկանում: Պարզապես երբ մամուլում կարդացի, որ այս ընկերությունը մեր բանակին նման սարքեր է ներկայացրել, որոշեցի ներկայացնել իմ պատմությունը, ուրիշ ոչինչ»:
Կից ներկայացնում ենք նաև քաղաքացու տրամադրած նամակը:
Հիշեցնենք, որ մի քանի ամիս առաջ ռուսական ORSIS զինագործական ընկերությունը ՀՀ ՊՆ-ին մեղադրել էր իր մասնակցությամբ մրցույթը անհիմն խափանելու մեջ։ Գործը հասել էր դատարան։ ՀՀ ՊՆ-ն այս կապակցությամբ պարզաբանել է, որ մրցույթը չի կայացել որոշ փաստաթղթերի բացակայության պատճառով։ Սակայն, ըստ այդ նույն ժամանակահատվածում ԶԼՄ-ներում տարածված արտահոսքի, մրցույթը տեղի չի ունեցել ռուսական ընկերության կողմից ՀՀ ԶՈՒ-ին մարտական նպատակներին չհամապատասխանող որսորդական սարքավորումներ առաջարկելու պատճառով, այն էլ շուկայականից շատ ավելի բարձր գներով։
Ըստ ԶԼՄ-ների, այդ բոլոր գործարքների հետևում կանգնած են երկու հայ գնդապետներ՝ Գևորգ Մանուկյանն ու Արթուր Գալստյանը, ովքեր ժամանակին հիմնադրել են ORSIS-ի հայկական մասնաճյուղը ու, պաշտոնական դիրքն օգտագործելով, առաջ տարել տարբեր գործարքներ: Սակայն վերջին աղմկահարույց պատմությունից հետո նրանք դադարեցրել են իրենց մասնակցությունը ընկերությունում, եւ նրանց բաժնեմասերը անցել են այլ սեփականատերերի: Հատկանշական է, որ մինչ այժմ Մանուկյանն ու Գալստյանը շարունակում են ծառայել ՀՀ զինված ուժերում։