Ինչպես հայտնի է, մինչեւ մարտի 31-ը հայտարարագիր ներկայացնելու ենթակա պաշտոնյաները դրանք պետք է ներկայացնեն Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով:
Եվ այդ աշխատանքներն իրականացնելու նպատակով կառավարության հունվարի 30-ի նիստում հաստատվել են հայտարարատու պաշտոնատար անձանց եւ նրանց ընտանիքի անդամների կողմից լրացվող տարեկան, պաշտոնեական պարտականությունները ստանձնելու եւ պաշտոնեական պարտականությունները դադարեցնելու հայտարարագրերի օրինակելի ձեւերը:
Սակայն «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ այս պահին դեռեւս ընդունված չէ կառավարության՝ նոր հայտարարագրերի՝ հրապարակման ենթակա տվյալների ցանկը սահմանող կամ փոփոխող որոշումը: Բանն այն է, որ բացի հայտարարագրի նոր ձեւանմուշը հաստատելուց, պետք է նաեւ սահմանվի գույքի, եկամուտների եւ շահերի հայտարարագրերի՝ հրապարակման ենթակա տվյալների ցանկը: Այդ ցանկը ներկայումս սահմանված է կառավարության՝ 15.12.2011թ. որոշմամբ: Եվ «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ցանկը չվերանայելու դեպքում հնարավոր չի լինի հրապարակել հայտարարագիրը, քանի որ հայտարարագրում լրացված տվյալների մի մասն է ենթակա հրապարակման (այդտեղ առկա է անձնական տվյալների պաշտպանության խնդիր): Այլ կերպ ասած, հայտարարագրում լրացված ոչ բոլոր տվյալներն են հրապարակվում, եւ հրապարակման ենթակա տվյալների ցանկը պետք է կրկին սահմանի կառավարությունը: Այլ դեպքում հայտարարագրի հրապարակայնացման մասով կծագեն խնդիրներ, այսինքն՝ էլեկտրոնային հայտարարագիրը տեսականորեն կարող է լրացվել եւ հանձնվել, սակայն քանի դեռ հստակեցված չէ դրա՝ հրապարակման ենթակա տվյալների ցանկը, այն հնարավոր չի լինի հրապարակել:
Ինչեւէ, հայտարարագրման կարգում բազմաթիվ փոփոխություններ են եղել, քանի որ 2020 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ են մտել «Հանրային ծառայության մասին» 2018 թվականի օրենքի՝ նաեւ հայտարարագրերի՝ պայմանականորեն նոր բովանդակությունը սահմանող դրույթները: Ըստ այդմ, պաշտոնատար անձի հայտարարագրում կլրացվեն ոչ միայն նրա ընտանիքի անդամների, այլեւ հայտարարատու պաշտոնատար անձի հետ մերձավոր ազգակցությամբ կամ խնամիությամբ կապված անձանց տվյալները:
Բացի այդ, հայտարարատու պաշտոնատար անձի պաշտոնեական պարտականությունները ստանձնելու կամ դադարեցնելու պահի դրությամբ իրենց գույքի եւ եկամուտների վերաբերյալ տվյալներ կլրացնեն նաեւ հայտարարատու պաշտոնյայի ընտանիքի անդամները: Միասնականացվել է նաեւ գույքի եւ եկամուտների հայտարարագրերի բովանդակությունը: Այդ առնչությամբ, օրինակ, իրենց դրամական միջոցների վերաբերյալ տվյալներ կլրացնեն պաշտոնատար անձի ընտանիքի բոլոր չափահաս անդամները: Ներդրվել է նաեւ շահերի հայտարարագրման համակարգ: Շահերի հայտարարագիր պետք է ներկայացնեն պետական պաշտոն զբաղեցնող անձինք, 15000 եւ ավելի բնակչություն ունեցող համայնքների ղեկավարները, նրանց տեղակալները, Երեւան համայնքի վարչական շրջանների ղեկավարները եւ նրանց տեղակալները: Հայտարարագրի ձեւանմուշում, մասնավորապես, հանձնված եւ վերադարձված փոխառությունների մասով փոխառությունը եւ բանկային ավանդն առանձնացվել են, այսինքն՝ բանկային ավանդների վերաբերյալ տվյալները կարտացոլվեն առանձին: Հայտարարագրի՝ դրամական միջոցներին վերաբերող հատվածը տրոհվել է երեք մասի: Առաջին մասում արտացոլվելու են բանկային հաշիվների մնացորդները՝ բացառությամբ բանկային ավանդներին վերաբերող տվյալների, երկրորդ մասում՝ էլեկտրոնային հաշիվների եւ կրիպտոարժույթի վերաբերյալ տվյալները, երրորդ մասում՝ կանխիկ դրամական միջոցների վերաբերյալ տվյալները:
Ինչպես արդեն նշեցինք, ներդրվելու է նաեւ շահերի հայտարարագիր: Նկատենք, որ սա ներդրվում է առաջին անգամ: Այն բաղկացած է պայմանականորեն վեց բաժիններից եւ հիմնականում նպատակ ունի պարզել հայտարարագրման ենթակա պաշտոնյաների կապված լինելը առեւտրային կազմակերպությունների, կուսակցությունների, այլ մարմինների հետ, այնտեղ իրենց շահերը: Օրինակ «Մասնակցությունը առեւտրային կազմակերպություններում» բաժնում պետք է նշվի կազմակերպության անվանումը, որի հիմնադիր են հանդիսանում, կամ որի կանոնադրական կապիտալում մասնակցություն ունի հայտարարատու պաշտոնատար անձը: Իսկ, օրինակ, «Պաշտոն զբաղեցնող անձի եւ նրա ընտանիքի անդամների կողմից, ինչպես նաեւ նրանց մասնակցությամբ կազմակերպությունների կողմից Հայաստանի Հանրապետության կամ համայնքների հետ կնքված պայմանագրերը» բաժնում նշվում են այն պայմանագրերը, որոնց գինը գերազանցում է հինգ միլիոն ՀՀ դրամը կամ դրան համարժեք արտարժույթը, պայմանագրի տեսակը, կողմերը:
Եվ, այս ամենից զատ, նշենք, որ մինչեւ մարտի 31-ը հայտարարագիր չներկայացնելու պարագայում առկա են պատասխանատվության տարբերակներ: Մասնավորապես, Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 169.28-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերին համապատասխան՝ հայտարարագիրը օրենքով սահմանված ժամկետում չներկայացնելն առաջ է բերում նախազգուշացում, դրանից հետո՝ 30-օրյա ժամկետում չներկայացնելը՝ տուգանք: Վերջինիս կիրառումից հետո՝ 30 օրվա ընթացքում, հայտարարագիրը դիտավորությամբ չներկայացնելը, ՀՀ քրեական օրենսգրքի 314.2-րդ հոդվածին համապատասխան, առաջացնում է քրեական պատասխանատվություն:
ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
ԳՈՒՄԱՐՆ ԱՅՍՕՐ ԿՏԱՆ
2020 թվականի ապրիլի 5-ին կայանալիք ՀՀ սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի նախապատրաստման եւ անցկացման համար այսօր կառավարության նիստում կհատկացվի 2 մլն 787 հազար դրամ: Այդ գումարից 2 մլրդ 553 մլն դրամը կտրամադրվի ԿԸՀ-ին, 234 մլն դրամը՝ ոստիկանությանը: Հավելենք, որ ի սկզբանե եւս ծախսվող գումարի չափը նշվում էր 2.5-2.7 մլրդ դրամի սահմաններում: Բանն այն է, որ 2018թ. դեկտեմբերի 9-ին տեղի ունեցած Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների ժամանակ հենց այդքան գումար է ծախսված եղել, եւ դրանից հետո տեղամասի ավելացում չի եղել. ըստ էության, լրացուցիչ ծախս անելու կարիք կարող է չառաջանալ: Հավելենք, որ 2018թ.-ին ՀՀ-ում գործել է 2010 ընտրատեղամաս:
ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ԿԼՈՒԾԱՐԵՆ
Կառավարության այսօրվա որոշմամբ՝ կլուծարվի «Հայկական միրգ» բաց բաժնետիրական ընկերությունը: Կառավարության հիմնավորման մեջ նշված է, թե այն կատարում էր «Աջակցություն պտղի եւ ընկուզենու արտադրության հատվածին» ծրագիրը, սակայն 2016 թվականից ծրագիրը ավարտված է, ընկերությունը որեւէ գործունեություն չի իրականացնում եւ եկամտի աղբյուր չունի, աշխատակազմը ազատված է աշխատանքից՝ բացառությամբ տնօրենի եւ հաշվապահի: Հիշեցնենք, որ «Հայկական միրգ» բաց բաժնետիրական ընկերությունը հիմնադրվել է՝ 2011թ. կառավարության որոշմամբ: Ընկերությունը ստեղծվել է Հայաստանի Հանրապետության եւ Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամի (ԳԶՄՀ) միջեւ ստորագրված ֆինանսավորման համաձայնագրի շրջանակներում` իրականացնելու Գյուղական կարողությունների ստեղծման ծրագրի «Հայկական միրգ» ենթաբաղադրիչը: Ընկերության բաժնետոմսերի 100%-ի սեփականատերը հանդիսանում է կառավարությունը: «Հայկական միրգ»-ի լիազոր մարմինն է ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը:
ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐ
ՀՀ պետական եկամուտների կոմիտեն 2018թ.-ի ընթացքում 2017-2018թթ. ծրագրով սահմանված հարկ վճարողներից իրականացրել է 522 ստուգում, հայտնաբերվել է 13 մլդ դրամ, 2018-2019թթ. ստուգման ծրագրով իրականացվել է 285 ստուգում եւ արձանագրվել 1,7 մլդ դրամ: Մասնավորապես, 522 ստուգումից 417-ն իրականացվել է բարձր ռիսկայնության խմբում, 80-ը՝ միջին ռիսկայնության, եւ 25-ը՝ ցածր ռիսկայնության խմբերում: Ընդհանուր արձանագրվել է 12,9 մլդ դրամ: 2018-2019թթ. ստուգման ծրագրի շրջանակներում ստուգումների 74 տոկոսն է կատարվել բարձր ռիսկայնության խմբում, սակայն դրա արդունքում հայտնաբերված գումարը կազմում է ընդհանուր հայտնաբերվածի ընդամենը 42 տոկոսը:
10.000 ԴՈԼԱՐ
ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը բացահայտել է 2019թ. ձմեռային զորակոչի ընթացքում կաշառքի դիմաց ժամկետային զինվորական ծառայությունից տարկետում տալու հերթական առերեւույթ հանցադեպը: «Վնասվածքաբանության եւ օրթոպեդիայի գիտական կենտրոն» ՓԲ ընկերության վիրաբույժը 2019թ. դեկտեմբերին պարտավորվել է ծանոթ պաշտոնատար անձանց միջոցով կազմակերպել զորակոչային տարիքի հասած երիտասարդի` պարտադիր զինվորական ծառայությունից 3 տարով տարկետում ստանալու գործընթացը, որի համար վերջինիս մորից միջնորդավորված պահանջել եւ ստացել է առանձնապես խոշոր չափերով կաշառքի գումարը՝ 10.000 ԱՄՆ դոլարը, այն փոխանցել է իրավասու պաշտոնատար անձին, որն էլ կարգավորել է զորակոչիկի` պարտադիր զինվորական ծառայությունից 3 տարով տարկետում ստանալու հարցը: Կաշառք ստանալուն օժանդակող վիրաբույժը բերման է ենթարկվել, կաշառք տվող անձը եւ միջնորդն անհերքելի ապացույցների առկայության պարագայում խոստովանել են կաշառք տալու հանգամանքը: Նախաքննությունը շարունակվում է:
ԱՎԵԼԱՑԵԼ Է
«Հանրության շատ մեծ զանգված, որը լսում է վարչապետի հորդորները, նաեւ ՊԵԿ-ի հետ աշխատանքի շնորհիվ, նրանց մոտ բարձրանում է իրավագիտակցությունը, ինչի արդյունքում էլ ՀԴՄ կտրոնների տրամադրման քանակը գնալով ավելանում է»,- երեկ ասել է ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը: Ըստ նրա՝ նախորդ տարվա համեմատ՝ այս տարվա հունվարին 9 մլն-ով ավելի ՀԴՄ է տպվել: «Բայց բոլոր պետություններում, բոլոր հասարակություններում կա մի զանգված, որը փորձելու է այս կամ այն եղանակով հարկեր չվճարել, ստվերում գործել: Մեր գործառույթն իրենց բացահայտելն է ու նաեւ հորդորների տեսքով իրավագիտակցության բերելն է, հարկ վճարելու մշակույթ ձեւավորելն է»,- ասել է նա: Դիտարկմանը, թե այլ երկրներում մեխանիզմներ կան մշակված՝ քաղաքացուն շահագրգռելու, որ նա ՀԴՄ կտրոն պահանջի, Անանյանն արձագանքել է. «Չի կարելի շահագրգռել քաղաքացուն: Երբ որ դու շահագրգռում ես քաղաքացուն, ասում՝ քեզ գումար կվճարեմ ՀԴՄ վերցնելու համար, դու ոչ թե ձեւավորում ես մշակույթ, այլ ձեւավորում ես շահի վրա հիմնված փոխհարաբերություն քո քաղաքացու հետ, ինչը մենք չենք ընդունում»:
ԿՏԵՂԱՓՈԽՎԻ
ՀՀ կառավարության որոշմամբ՝ մայիսի 29-ի աշխատանքային օրը կտեղափոխվի մայիսի 23-ին: Համապատասխան որոշման նախագիծն ընդգրկված է կառավարության վաղվա նիստի օրակարգում: Սակայն ուշագրավ է, որ գերատեսչություններից մի քանիսը դեմ են արտահայտվել աշխատանքային օր տեղափոխելու որոշմանը: Օրինակ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը կարծիք է հայտնել, որ աշխատանքային օրերի տեղափոխությունը չի նպաստում աշխատանքային բնականոն գործընթացներին եւ տեղափոխված շաբաթ օրվա աշխատանքը լինում է ոչ արդյունավետ։ Իսկ էկոնոմիկայի նախարարությունը, օրինակ, առաջարկել է 2020 թվականի մայիսի 29-ի աշխատանքային օրը տեղափոխել այլ օր` նույն ամսվա մեջ՝ ֆինանսական հաշվարկի հետ կապված խնդիրներից խուսափելու համար, սակայն առաջարկը չի ընդունվել, իսկ առողջապահության նախարարությունն էլ այն նպատակահարմար չի գտել հիվանդանոցների աշխատանքի տեսանկյունից: