Անգլիայի կառավարությունը ժխտում է էլ․ սիգարետի մասին ապատեղեկատվությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մեծ Բրիտանիայի կառավարության պաշտոնական կայքում տեղ գտած հոդվածում անդրադարձ է կատարվում էլեկտրոնային սիգարետի վերաբերյալ առասպելներին։ Հոդվածում նշվում է, որ էլեկտրոնային սիգարետն ու այրվող սիգարետը նույնը չեն, ու չպետք է կարգավորվեն նույն կերպ։ Կարևոր է, որ Անգլիայի յոթ միլիոն ծխողները տեղեկացված լինեն այդ տարբերության մասին ու իրենց առողջությանը վերաբերող որոշում կայացներիս ճշգրիտ տեղեկատվություն ունենան։ Էլեկտրոնային սիգարետը զերծ չէ ռիսկերից, բայց ծխելու համեմատ ավելի քիչ ռիսկ է ներկայացնում ու օգնում է հազարավոր ծխողների հրաժարվել սիգարետից ու ծխից։

Մեծ Բրիտանիայի Առողջապահության հանրային գործակալության (Public Health England – PHE) «Փաստեր էլեկտրոնային սիգարետի վերաբերյալ» զեկույցի հրապարակումից հետո մամուլում հայտնվեցին տարատեսակ մեկնաբանություններ։ Առհասարակ, էլեկտրոնային սիգարետի վերաբերյալ հակասական շատ տեղեկատվություն կա։

Զարմանալի չէ, որ էլեկտրոնային սիգարետի ու վեյփինգի վերաբերյալ կան սխալ պատկերացումներ ու թյուրըմբռնում։ Այս հոդվածում անդրադառնում ենք ամենահայտնի առասպելներին ու ներկայացնում փաստերը։

Էլեկտրոնային սիգարետի վերաբերյալ Առողջապահության ազգային գործակալությունը վերջերս անկախ հետազոտություն է անցկացրել, որը հեղինակել են ծխախոտի դեմ պայքարի ոլորտում առաջատար գիտնականները։ Հետազոտության շրջանակներում ուսումնասիրվել են Մեծ Բրիտանիայում չափահասների ու դեռահասների կողմից էլեկտրոնային սիգարետի օգտագործման արդի փաստերը։

Չնայած էլեկտրոնային սիգարետների շուրջ լրատվամիջոցների առաջացրած խառնաշփոթին, նվազեցված ռիսկի վերաբերյալ ապացույցները շատանում են։ Չնայած էլեկտրոնային սիգարետը զերծ չէ ռիսկերից, սիգարետի հետ համեմատ այն շատ ավելի քիչ վնասակար է։

Այս տեսակետը կիսում են առանցքային մի քանի կառույցներ, ինչպիսիք են  Մեծ Բրիտանիայի քաղցկեղի հետազոտման ինստիտուտը, Բրիտանական բժշկական միությունը, Բժիշկների թագավորական քոլեջը, իսկ վերջերս էլ Միացյալ նահանգների գիտական գերագույն կառույցը՝ Գիտությունների, ինժեներության ու բժշկության ազգային ակադեմիաները։

ԱՌԱՍՊԵԼ 1. Էլեկտրոնային սիգարետը կարող է «պոպկորն թոքեր» հիվանդություն առաջացնել․
Ամենատարածված մտահոգություններից մեկն այն է, որ էլեկտրոնային սիգարետը կարող է թոքերի հիվանդության պատճառ դառնալ։ Մտահոգության առաջացման պատճառն այն է, որ էլեկտրոնային սիգարետի կազմի մեջ մտնող որոշ բուրավետիչներ պարունակում են դիացետիլ, որը մեծ դոզաներով կարող է օբլիտերացնող բրոնխիոլիտի առաջացման պատճառ դառնալ։ Հիվանդությունը ստացել է «պոպկորն թոքեր» անվանումը, քանի որ առաջին անգամ ախտորոշվել է ադիբուդիի գործարանի աշխատակիցների մոտ։
Այնուամենայնիվ, դիասետիլը Միացյալ Թագավորությունում էլեկտրոնային սիգարետի արգելված բաղադրիչ է։ Նախկինում այդ նյութը հայտնաբերվել է էլեկտրոնային որոշ հեղուկներում, բայց սիգարետի ծխի համեմատ անհամեմատ ավելի ցածր մակարդակներով: Եվ անգամ սիգարետի դեպքում ծխելը այս հազվագյուտ հիվանդության առաջացման առաջնային պատճառը չէ։

ԱՌԱՍՊԵԼ 2. Էլեկտրոնային սիգարետը կարգավորված չէ ու հայտնի չէ՝ ինչ է դրանց մեջ․
Մեծ Բրիտանիան աշխարհի՝ էլեկտրոնային սիգարետի ամենախիստ կարգավորումներ կիրառող երկրներից է։ Համաձայն 2016 թվականին ընդունված «Ծխախոտային ու հարակից արտադրանքի մասին» կանոնակարգի, էլեկտրոնային սիգարետը պետք է համապատասխանի որակի ու անվտանգության նվազագույն չափանիշներին, ինչպես նաև սպառողների տեղեկացված ընտրությունն ապահովելու համար անհրաժեշտ տեղեկատվություն տրամադրելու նպատակով փաթեթավորման և պիտակավորման պահանջներին։
Արտադրողը պետք է ցանկացած արտադրատեսակի վերաբերյալ մանրամասն տեղեկատվություն ներկայացնի Միացյալ Թագավորության Դեղորայքի ու առողջապահական արտադրանքի կարգավման գործակալությանը (MHRA)՝ ներառյալ էլեկտրոնային սիգարետի բոլոր բաղադրիչների ցուցակագրումը:

ԱՌԱՍՊԵԼ 3. Էլեկտրոնային սիգարետը վնասակար է, քանի որ նիկոտին է պարունակում․
10 ներկայիս կամ նախկին ծխողներից 4-ը սխալմամբ կարծում են, որ ծխելու հետևանքով առաջացող հիվանդությունները առաջանում են նիկոտինի պատճառով։ Ու սա այն դեպքում, երբ գիտական փաստերը վկայում են, որ նիկոտինը առողջությանը վնաս հասցնելու նվազագույն ռիսկ է ներկայացնում։ Չնայած մարդիկ նիկոտինից են կախվածություն ձեռք բերում, վնասի հիմնական աղբյուրը սիգարետի ծխում առկա հազարավոր այլ վնասակար նյութերն են։ Էլեկտրոնային սիգարետի գոլորշին չի պարունակում սիգարետի ծխի մեջ առկա ամենավտանգավոր երկու բաղադրիչը՝ ածխածնի մոնօքսիդ ու խեժ։ Գոլորշու մեջ կան սիգարետի ծխի մեջ առկա որոշ նյութեր, բայց շատ ավելի քիչ մակարդակներով։

ԱՌԱՍՊԵԼ 4. Էլեկտրոնային սիգարետի գոլորշին վնասակար է շրջապատի մարդկանց համար․
Ապացուցված է, որ երկրորդային ծխի ազդեցությանը ենթարկվելը վնասակար է, այդ իսկ պատճառով Մեծ Բրիտանիան ունի հանրային փակ տարածքներում ու գրասենյակներում ծխելն արգելող օրենք։ Այս օրենքը չի կարգավորում էլեկտրոնային սիգարետի օգտագործումը, և ընկերությունները կարող են իրենց ներքին կանոնակարգի համաձայն թույլատրել կամ արգելել էլեկտրոնային սիգարետի օգտագործումը։
Էլեկտրոնային սիգարետի հեղուկը սովորաբար բաղկացած է նիկոտինից, պրոպիլենգլիկոլից և/կամ գլիցերինից ու բուրավետիչներից: Ի տարբերություն սիգարետի, էլեկտրոնային սիգարետը երկրորդային գոլորշու աղբյուր չէ․ միակ արգասիքն արտաշնչվող գոլորշին է։
Մեծ Բրիտանիայի Առողջապահության հանրային գործակալության կողմից 2018 թվականին անցկացրած հետազոտության արդյունքում պարզվել է, որ մինչ օրս չի բացահայտվել էլեկտրոնային սիգարետի արտազատած երկրորդային գոլորշու ազդեցությանը ենթարկվելով պայմանավորված առողջական ռիսկ։

Ասթմայով ու այլ շնչառական այլ հիվանդություններով տառապող մարդիկ կարող են զգայուն լինել մթնոլորտային մի շարք գրգռիչների, ինչպես նաև փոշու ու սառը օդի նկատմամբ, այդ իսկ պատճառով Առողջապահության հանրային գործակալությունը ընկերություններին խորհուրդ է տալիս էլեկտրոնային սիգարետի վերաբերյալ ներքին կանոնակարգերը մշակելիս դա հաշվի առնել։

ԱՌԱՍՊԵԼ 5. Էլեկտրոնային սիգարետը դեռահասներին դրդում է սկսել սիգարետ ծխել․
Մեր վերջին հետազոտությունները ոչ մի փաստ չեն արձանագրել առ այն, որ էլեկտրոնային սիգարետը դեռահասներին դրդում է այրվող սիգարետ ծխել։ Մեծ Բրիտանիայում անցկացրած հարցումները նույնպես վկայում են, որ, չնայած երիտասարդները փորձարկում են էլեկտրոնային սիգարետը, կանոնավոր օգտագործումը հազվադեպ է հանդիպում ու գրեթե ամբողջությամբ սահմանափակվում է այն երիտասարդներով, ովքեր արդեն իսկ սիգարետ են ծխում։ Միևնույն ժամանակ, Մեծ Բրիտանիայում երիտասարդների շրջանում ծխելու մակարդակը շարունակում է նվազել:

ԱՌԱՍՊԵԼ 6. Էլեկտրոնային սիգարետը ծխախոտային արդյունաբերության կողմից օգտատործվում է որպես «տրոյական ձի»՝ մարդկանց սիգարետին մոտ պահելու համար։

Ներկայումս ապացույց չկա, որ էլեկտրոնային սիգարետը խրախուսում է մարդկանց շարունակել ծխելը. Մեծ Բրիտանիայում իրավիճակը հակառակի մասին է խոսում։ Վերջին տարիներին էլեկտրոնային սիգարետի օգտագործողների մեջ գնալով աճում է նախկին ծխողների տեսակարար կշիռը։

Մեծ Բրիտանիայի էլեկտրոնային սիգարետ օգտագործող 3.2 միլիոն չափահասների կեսից ավելին ամբողջությամբ հրաժարվել են սիգարետից։ Եվս 770,000-ը հրաժարվել են թե՛ սիգարետից, թե՛ վեյփինգից։ Միևնույն ժամանակ, ծխելը թողնելու հաջողակ դեպքերի տեսակարար կշիռն աճում է, ու մենք կարող ենք արձանագրել ծխելու մակարդակի արագ անկում․ ծխելու մակարդակը Մեծ Բրիտանիայում ռեկորդային ցածր է՝ 14.9%:

ԱՌԱՍՊԵԼ 7 – Էլեկտրոնային սիգարետը չի օգնում ծխելը թողնել։

2019 թվականի փետրվարին կառավարությունից անկախ Մեծ Բրիտանիայի NIHR-ի կողմից ֆինանսավորված կլինիկական մի մեծ հետազոտություն է հրապարակվել։ Հետազոտությանը մասնակցել է մոտ 900 հոգի։ Արդյունքում պարզվել է, որ ծխելը թողնել օգնող տեղական ծառայությունների կողմից էլեկտրոնային սիգարետի կիրառությունը երկու անգամ ավելի արդյունավետ էր, քան նիկոտինի փոխարինման թերապիան (NRT)։
Երկու խմբերին էլ վարքային աջակցություն է ցուցաբերվել, և էլեկտրոնային սիգարետ օգտագործող խմբի անդամները շատ ավելի արագ էին ազատվում հազից ու խորխից։

Ամփոփելով՝ նշենք, որ էլեկտրոնային սիգարետն ու այրվող սիգարետը նույնը չեն, ու չպետք է կարգավորվեն նույն կերպ։ Կարևոր է, որ Անգլիայի յոթ միլիոն ծխողները տեղեկացված լինեն այդ տարբերության մասին ու իրենց առողջությանը վերաբերող որոշում կայացներիս ճշգրիտ տեղեկատվություն ունենան։ Էլեկտրոնային սիգարետը զերծ չէ ռիսկերից, բայց ծխելու համեմատ ավելի քիչ ռիսկ է ներկայացնում ու օգնում է հազարավոր ծխողների հրաժարվել սիգարետից ու ծխից։

 




Լրահոս