ՊԲ-ում շարունակվում է անձնակազմին սննդով ապահովելու նոր տարբերակի ներդրման գործընթացը: Նման հերթական ճաշարանի բացման արարողությանը, մարտի 8-ին մասնակցել և մատուցվող սննդատեսակներին ծանոթացել է ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-մայոր Ջալալ Հարությունյանը: Ինչպես պարենային ապահովման նոր տարբերակին անցած մյուս բոլոր զորամասերում, այստեղ ևս, անձնակազմի արձագանքը միանշանակ դրական է:
Միավորման հրամանատար, գնդապետ Կարեն Շաքարյանի համոզմամբ՝ քաղաքացիական կազմակերպության կողմից սննդի ապահովման գործընթացի իրականացումը, հրամկազմի համար խնայում է ոչ միայն հսկայական մարդկային և նյութական միջոցներ, այլև ապահովում է հավելյալ ազատ ժամանակ, որը հնարավորություն է ընձեռում մարտական պատրաստության ու պատրաստականության համալիր գործընթացներին հատկացնել շատ ավելի մեծ ուշադրություն: Ի դեպ, միավորման ենթակա մյուս զորամասերում ևս, ընթացքի մեջ են պարենային ապահովման նոր տարբերակի անցման աշխատանքները, որոնք ավարտին կհասնեն սահմանված ժամկետներում:
Նոր ճաշարանի սպասարկող անձնակազմի գերակշիռ մասը գեղեցիկ սեռի ներկայացուցիչներ են: Քանի որ ճաշարանի բացումը համընկել է կանանց միջազգային տոն օրվա հետ, վերջիններս նվերներ ու շնորհավորանքներ են ստացել հրամանատարության և մատակարար ընկերության ղեկավարության կողմից: