ՈՒՂՂԱԹԻՌԸ ԿԻՋՆԻ ԱԳԱՐԱԿ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը դեռեւս փետրվարի 29-ին տեղեկացրել էր, որ մարտի 10-ին պլանավորված է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի քարոզչության մեկնարկը, որը նախատեսված է սկսել Սյունիքի մարզից: Եւ, ահա, ըստ մեր տեղեկությունների՝ վարչապետն առավոտյան ուղղաթիռով միանգամից իջնելու է Սյունիքի մարզի Ագարակ քաղաք, որտեղից էլ նախատեսված է սկսել սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի քարոզարշավը: Մենք տեղեկացանք, որ այս օրերին Սյունիքի մարզի բոլոր համայնքներում աժիոտաժ է տիրում, քանի որ բոլորը ցանկանում են հավուր պատշաճի դիմավորել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Երեկ այդ մասին «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հաստատեց նաեւ Մեղրիի քաղաքապետ Մխիթար Զաքարյանը: Նշենք նաեւ, որ Ագարակը խոշորացված քաղաք է, իսկ Մեղրին համարվում է համայնքային կենտրոնը:

-Պարո՛ն Զաքարյան, վարչապետ Նիկոլ Փաշինյանը քարոզարշավ է սկսում Սյունիքի մարզում, Դուք տեղյա՞կ եք:
-Այո, իհարկե տեղյակ ենք:
-Պատրաստվո՞ւմ եք դիմավորել ՀՀ վարչապետին:
-Իհարկե պատրաստվում ենք, հանրապետության վարչապետն է գալիս, մենք՝ մեր մասով, կոմունալ ծառայությունը՝ իր մասով, մաքրությունը եւ այլն, այդքանը:
-Այսինքն՝ նաեւ քաղա՞քն եք մաքրում վարչապետի այցի առիթով:
-Դե մենք միշտ էլ մաքրությունով զբաղվում ենք, բայց վաղը մի քիչ տարբերություն պետք է լինի էլի, ամեն դեպքում, լիքը հյուրեր են գալու մայրաքաղաքից, գան, ավելի մաքուր տեսնեն մեր համայնքը:
-Դո՞ւք եք դիմավորելու ՀՀ վարչապետին: Ինչպե՞ս եք պլանավորել, շրջելո՞ւ եք վարչապետի հետ քարոզարշավի ընթացքում:
-Ճիշտն ասած, չգիտենք, պրատոկոլը կգա, կասի, ուղղաթիռը Ագարակում է իջնելու, բնական է, ուղղաթիռը կդիմավորենք: Նախատեսված է հանդիպում ժողովրդի հետ, այսինքն՝ այցը համայնքապետարանում չի լինելու:
-Իսկ սյունեցիները տեղյա՞կ են, որ ՀՀ վարչապետը մարզ է գալիս քարոզարշավ իրականացնելու համար, արդյոք պատրաստվո՞ւմ են հանդիպել նրա հետ:
-Երեկ իրենց մեքենան պտտվում էր բոլոր համայնքներում՝ Մեղրիով, Ագարակով, բարձրախոսով տեղեկացնում էր այցի մասին: Այսինքն՝ «Այո»-ի շտաբից տեղեկացնում էր այցի մասին:
-Այս ընթացքում շփվե՞լ եք Ձեր ղեկավարած համայնքի բնակիչների հետ, տեղյա՞կ եք, թե իրենք ինչպես են տրամադրված սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին, ինչ դիրքորոշում ունեն:
-Ինչքանով ես եմ տեղյակ, դա իմ սուբյեկտիվ կարծիքն է, փորձագետ չեմ, բայց ինչքանով հասցրել եմ շփվել ժողովրդի հետ, մարդիկ Նիկոլ Փաշինյանի կողմնակիցն են: Այդ «ԱՅՈ» կամ «ՈՉ»-ը այդքան չի հետաքրքրում իրենց, սահմանադրական այդ նրբություններին կարող է ժողովուրդը այդքան իրազեկված չէ, տեղյակ չէ, բայց տրամադրվածությունը այն է, որ Նիկոլ Փաշինյանի ուզածը որն է, այդպես ենք ուզում անել: Սա իմ սուբյեկտիվ կարծիքն է, ես այդպես եմ կարծում:
-Այսինքն՝ Դուք կարծում եք, որ եթե Նիկոլ Փաշինյանը հորդորի սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի օրը գնալ ընտրատեղամասեր եւ «Այո» քվեարկել, այդպես էլ կանե՞ն սյունեցիները, քանի որ դա Փաշինյանի պահանջն է:
-Իմ տպավորությունը դա է, դա իմ կարծիքն է, բայց ես չգիտեմ, գուցե ես սխալվում եմ. տեսնենք, այս պահին որեւէ բան չեմ կարող ասել, ես այդպես եմ տեսնում:
-Դուք հանրաքվեի քարոզարշավին մասնակցելո՞ւ եք, արդյոք Ձեր համայնքի բնակիչներին հորդորե՞լ եք գնալ եւ «Այո» քվեարկել:
-Ոչ, չեմ մասնակցում, մեզ զգուշացրել են, որ չպետք է խառնվենք քարոզարշավին, այսպես, կոպիտ ասած, արջի ծառայություն չմատուցենք, այդպես:
-Բայց Ձեր համայնքի բնակիչների հետ չե՞ք զրուցում, չե՞ք բացատրում, թե հանրաքվեն ինչի համար է արվում:
-Ախր, ես էլ Սահմանադրության մասնագետ չեմ, ես էլ այդքան լավ չեմ պատկերացնում, հետո ես այս իրավիճակում որպես ՀՀ քաղաքացի եմ հանդես գալիս, ես իմ կարծիքն ունեմ: Գնալու եմ իմ ընտրությունը անեմ, բայց ես իմ ընտրության մասին չեմ ասելու:
-Ընդդիմության կարծիքով՝ հանրաքվեն իրականացվում է մեկ անձից ազատվելու համար. դա Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյնան է: Ըստ նրանց՝ իշխանությունը դրա համար է նման բան նախաձեռնել, Դուք կիսու՞մ եք այդ տեսակետը:
-Ես այդ մասով դիրքորոշում չունեմ, որովհետեւ ես մասնագիտությամբ իրավաբան չեմ, ես նրբությունները չեմ պատկերացնում՝ այդպես է, թե այդպես չէ:
-Իշխանություններն ասում են՝ եթե նախկին իշխանության ներկայացուցիչ ես, ապա պետք է հեռանաս, Դուք համակարծի՞ք եք:
-Եթե իմ կարծիքն եք հարցնում, ապա իշխանության թեւերը պետք է հակակշռեն իրար, այսինքն՝ գործադիր, օրենսդիր եւ դատական իշխանությունները… Այսինքն՝ պետությունը դրանով է պետություն, որ իրար հակակշռում են, բայց դա իմ կարծիքն է, ես ընդհանուր գծերով եմ ասում:
-Դուք էլ նախկին իշխանության ներկայացուցիչ եք. ի՞նչ եք կարծում, պե՞տք է հրաժարական ներկայացնեք, երբ իշխանությունը ցանկանա:
-Ես անկեղծ եմ ասում, թող ընտրություն լինի Մեղրիում, ազգաբնակչության մեծամասնությունը եթե չուզի, ես պատրաստ եմ գնալ: Ես պատրաստ եմ զիջել, ով գա, պատրաստ եմ իրեն աջակցել, բայց դրա մասին վաղ է դեռեւս խոսել:

 

 

 

ՉԵՂԱՐԿՎՈՒՄ ԵՆ ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐԸ, ՆԻՍՏԵՐԸ ՉԵՆ ԿԱՅԱՆՈՒՄ

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի լիագումար նիստը, որը պետք է տեղի ունենար ապրիլի 20-ին, հնարավոր է՝ չկայանա: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ ԵԽԽՎ հայկական պատվիրակության անդամները արդեն հաղորդագրություններ են ստացել այն մասին, որ եթե այս ժամանակահատվածում այցելել են Չինաստան կամ Իրան, խուսափեն մասնակցել Ստրասբուրգում կայանալիք ԵԽԽՎ նստաշրջանին: Ու դեռեւս հաստատված չէ, որ ԵԽԽՎ նստաշրջանը կայանալու է:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ նաեւ, որ մարտի 10-ից Փարիզում պետք էր սկսվեին ԵԽԽՎ հանձնաժողովի նիստերը, սակայն կորոնավիրուսի տարածվածությունից ելնելով՝ չեղարկվել են նաեւ գրեթե բոլոր հանձնաժողովների նիստերը: Համենայնդեպս, այս օրերին նախատեսված էր ԵԽԽՎ սոցիալական, առողջապահական, իրավական, կանոնադրային հանձնաժողովի նիստը, որը, սակայն, չեղարկել է:
Ըստ մեր տեղեկությունների՝ ԱԺ ԵԽԽՎ հայկական պատվիրակությունը եւս հակված չէ այս օրերին Ֆրանսիա մեկնել: ԱԺ պատգամավորները սպասում են, տեսնեն, թե ինչ դիրքորոշում կհայտնեն ԵԽԽՎ նստաշրջանի կայացման վերաբերյալ Ստրասբուգում, քանի որ հստակ է, որ իսկապես վիրուսը տարածվում է, ու Հայաստանում էլ արդեն կորոնավիրուսի դեպք է գրանցվել:
Ի դեպ, ՀՀ արտաքին գործերի նախարարությունը եւս հորդորում է ՀՀ քաղացիներին, հաշվի առնելով նոր տիպի կորոնավիրուսի (COVID-19) վարակի տարածման ներկա իրավիճակը. ժամանակավորապես խուսափել Իրանի Իսլամական Հանրապետություն, Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն, Կորեայի Հանրապետություն, Ճապոնիա եւ ԵՄ երկրներ (առավելապես՝ Իտալիա, Գերմանիա, Ֆրանսիա եւ Իսպանիա) այցելություններից՝ բացառությամբ խիստ անհրաժեշտ դեպքերի: Իսկ վերոնշյալ երկրներում գտնվելու կամ այցելելու պարագայում հորդորում են հետեւել ՀՀ առողջապահության նախարարության կամ տվյալ երկրի համապատասխան իշխանությունների ցուցումներին եւ խորհուրդներին, կապ հաստատել տեղում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների հետ։

Նյութերը՝ ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

 

 

 

 

ԿԱՆՉԵԼ ԵՆ ՀՔԾ
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ «Կոշ» ՔԿՀ պետ Լյովա Բաղդասարյանին կանչել են Հատուկ քննչական ծառայություն` հարցաքննության: Մեզ հասած տեղեկություններով` ՀՔԾ-ում վերջինիս հարցաքննությունը կապված է իր դեմ հարուցված կաշառքի քրեական գործի հետ: Ինչպես հայտնի է, 2019 թվականի սեպտեմբերի 18-ին Ազգային անվտանգության ծառայությունը «Կոշ» ՔԿՀ պետ Լյովա Բաղդասարյանին կաշառքի գործով ձերբակալեց, սակայն ավելի ուշ նա ազատ արձակվեց: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում «Կոշ» ՔԿՀ պետ Լյովա Բաղդասարյանի պաշտպան Հրանտ Անանյանը ներկայացրել էր, որ նախկին դատապարտյալը ավտոլվացման կետում հետաքրքրվել է Լյովա Բաղդասարյանի ավտոմեքենայով, իբր, գնելու նպատակով եւ գումարը մեքենայում է թողել: Նշենք, որ նախաքննական մարմինը չի բացառվում, որ Լյովա Բաղդասարյանը հարցաքննության հրավիրվի Նիկոլ Փաշինյանի դեմ հարձակման գործով: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կապանում կայացած ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ ՀՔԾ է կանչվել որպես տուժող 2010 թվականին «Կոշ» քրեակատարողական հիմնարկում իր դեմ իրականացված հարձակման գործով: Իսկ, ահա, այդ ժամանակ «Կոշ» ՔԿՀ պետ է եղել Լյովա Բաղդասարյանը:

 

 

 

ՄՏԱՀՈԳԵԼ Է
Հիպոթեքային վարկի համար վերադարձվող եկամտային հարկի ծրագրի մասին օրեր առաջ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը խիստ մտահոգել է կառուցապատող ընկերություններին: Կհիշեք՝ 2016 թվականի հունվարի 1-ից է ուժի մեջ մտել «Եկամտային հարկի մասին» օրենքի այս փոփոխությունը, որի համաձայն` հիպոթեքային վարկառուի սպասարկման տոկոսները եկամտային հարկի գումարներից վճարվում են պետության կողմից։ Այսինքն՝ քաղաքացին վճարում է եկամտային հարկ, եւ այս փոփոխության շնորհիվ` վճարած հարկն ուղղվում է ոչ թե պետբյուջե, այլ վարկի մարմանը։ Հիմա պարզվում է՝ կառավարությունը քննարկում է այն կանգնեցնել (իհարկե, եթե որոշում կայացվի կանգնեցնել ծրագիրը, ապա այն չի տարածվի օգտվողների վրա): Բայց, մյուս կողմից, անորոշության մեջ են հայտնվել կառուցապատող ընկերությունները. չէ՞ որ հենց այս փոփոխությունը նպաստեց Հայաստանում շինարարության ոլորտի զարգացմանը։ Արդյունքում ոչ միայն շինարարությունը սկսեց աճել, այլեւ ՀՀ շատ քաղաքացիներ այս ծրագրի միջոցով դարձան բնակարանատեր, եւ ամենաորոշիչ գործոնը եկամտահարկի հաշվին հիփոթեքային վարկի մարման հնարավորությունն է։




Լրահոս