Ինչու Մխիթար Զաքարյանը պատգամավորական մանդատից հրաժարվեց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մեղրիի նախկին քաղաքապետ Մխիթար Զաքարյանը երեկ պատգամավորական մանդատից հրաժարվելու դիմում է ներկայացրել: Նա չի լինելու այլեւս «Հայաստան» խմբակցության անդամ: Իհարկե, որոշումը սպասելի էր, բայց ամեն ինչի մասին հերթով:

Չնայած Մխիթար Զաքարյանի անցած պայքարի կարճ ճանապարհին, անցած լուրջ դժվարություններին՝ պետք է նկատել, որ նրա քաղաքական գործունեությունը խիստ անհասկանալի էր: Մեծ շուքով Սյունիքի մարզի մի քանի համայնքների ղեկավարներով ներգրավվեցին քաղաքական գործընթացում, բանտարկվեցին այդ հանդգնության համար, պատգամավորական մանդատը ստացան… Բայց Զաքարյանը բանտից դուրս գալուց հետո երկու անգամ ներողություն խնդրեց Նիկոլ Փաշինյանից՝ նրան վիրավորելու համար: 2 անգամ հանդիպեց Ալեն Սիմոնյանին եւ հիմա էլ դուրս եկավ խորհրդարանից:

Այն, որ Զաքարյանը գրել է, թե շարունակելու է իր գործունեությունը ,,Վերածնվող Հայաստան,, կուսակցությունում, իհարկե, չափազանցություն է, քանի որ ArmLur.am-ի տեղեկություններով, երկար ժամանակ է, նա ընդհանրապես կուսակցության հետ չի շփվում, կուսակցության ղեկավար Վահե Հակոբյանի հետ առաջվա ջերմությունը չկա: Զաքարյանն իրականում այդ նախադասւթյունը գրել է, որպեսզի հնարավոր հարվածներից հեռու մնա: Բայց հասկանալի է, որ երկու ներողություններից հետո Զաքարյանը որոշել է հարաբերությունները կարգավորել Նիկոլ Փաշինյանի թիմի հետ եւ հանգիստ ապրել, ինչպես արեց Քաջարանի նախկին քաղաքապետ Մանվել Փարամազյանը՝ Նիկոլ Փաշինյանի կնոջը ծաղիկներ նվիրելով եւ կրկին համայնքի ղեկավար վերընտրվելով:
Հավելենք, որ առաջիկայում չի բացառվում Սիսիանի նախկին քաղաքապետ Արթուր Սարգսյանն էլ նույն ճանապարհով գնա եւ հեռանա վերածնողներից՝ ապագան այլկերպ կառուցելով:

Հ. Գ. Երկար ժամանակ է, ArmLur.am-ը փորձում է այս առիթով մեկնաբանություններ ստանալ Մխիթար Զաքարյանից, սակայն նա կտրականապես հրաժարվում է հեռախոսազանգերին, հաղորդագրություններին պատասխանել:




Լրահոս