ՔՆՆԻՉՆԵՐԸ ՏՈՒԺՈՒՄ ԵՆ ԴԱՏԱԽԱԶԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հատուկ քննչական ծառայությունն ու Արդարադատության նախարարությունը համատեղ հանդես են եկել «Հատուկ քննչական ծառայության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու նախաձեռնությամբ: Նախագծով, ըստ էության, առաջարկ է արվում սահմանափակել ՀՀ գլխավոր դատախազի լիազորության շրջանակները: Նախագծով առաջարկվում է, որ նախաքննությունը՝ Հայաստանի Հանրապետության բարձրաստիճան պաշտոնատար անձանց կատարած հանցագործությունների, պետական ծառայություն իրականացնող անձանց` իրենց պաշտոնեական դիրքի հետ կապված հանցագործությունների մասով, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 149, 150, 1541, 1542, 1549, 310.1, 314.2, 314.3 հոդվածներով, իրականացնեն ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչները:

Այսպիսով, հստակ ամրագրվելու է, թե որ գործերով է նախաքննություն իրականացնելու ՀՔԾ-ն: Բանն այն է, որ օրենսգրքի 190-րդ հոդվածի 6-րդ մասի 2-րդ պարբերությունը սահմանում է, որ անհրաժեշտության դեպքում գլխավոր դատախազը կարող է քննչական այլ մարմինների քննիչների վարույթից վերցնել եւ հատուկ քննչական ծառայության քննիչների վարույթին հանձնել քրեական գործեր: Եվ, օրինակ, 2015-2018թթ. ընկած ժամանակահատվածում ՀՀ գլխավոր դատախազի հատուկ հանձնարարությամբ ՀՔԾ է ուղարկվել շուրջ 400 քրեական գործ, որը կազմում է նշված ժամանակահատվածում քննված գործերի շուրջ 20%-ը:
Այսպիսով, օրենսգրքի 190-րդ հոդվածի 6-րդ մասը սահմանում է, որ ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչները կատարում են Հայաստանի Հանրապետության օրենսդիր, գործադիր եւ դատական իշխանության մարմինների ղեկավար աշխատողների, պետական ծառայություն իրականացնող անձանց` իրենց պաշտոնեական դիրքի կապակցությամբ հանցակցությամբ կամ նրանց կատարած հանցագործությունների հետ կապված, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 149, 150, 1541, 1542, 314.2, 314.3, 310.1 հոդվածներով նախաքննությունը: Եվ այս նորմի տառացի մեկնաբանման արդյունքում ներկայումս ծառայությունը քննում է ինչպես պաշտոնեական դիրքի հետ կապված, այնպես էլ պաշտոնատար անձանց կողմից կատարվող, սակայն պաշտոնեական լիազորությունների կատարումից չբխող հանցագործություններ, որոնց բաժինը քննված ընդհանուր հանցագործությունների թվում այնքան էլ փոքր չէ:
Եվ, որպես այժմյան փոփոխության հիմնավորում, բերվում է այն հանգամանքը, որ երբ 2007 թվականին ստեղծվել է Հատուկ քննչական ծառայությունը, քննիչների կողմից նմանատիպ գործերի քննությունը նպատակահարմար էր այն առումով, որ ծառայությունը միակ մարմինն էր, որը չէր գտնվում որեւէ կառույցի ենթակայության տակ: Սակայն հետագայում ստեղծվել է Քննչական կոմիտեն, սակայն ծառայությունը շարունակել է նախաքննություն իրականացնել պաշտոնատար անձանց լայն շրջանակի` պաշտոնեական դիրքի հետ կապված եւ չկապված հանցագործությունների վերաբերյալ գործերով: Ընդ որում, դրան զուգահեռ՝ նման դեպքերի թիվն ու գործերի քանակն ավելացել են, հետեւաբար քննիչների ծանրաբեռնվածությունը, 2012 թվականի համեմատ, ավելացել է ավելի քան չորս անգամ:
Քննչական ենթակայությունը փոխելու հիմք կարող է հանդիսանալ, օրինակ, այնպիսի իրավիճակը, երբ նախաքննական մարմնում այլեւս կոնկրետ գործով բազմակողմանի, լրիվ եւ օբյեկտիվ քննությունը ապահովելու հնարավորությունը բացակայում է` պայմանավորված այնպիսի հանգամանքով, որպիսին հնարավոր չէ վերացնել դատավարական գործող կառուցակարգերի շրջանակներում:
Նաեւ ընդգծենք, որ առաջարկվող կարգավորումների պայմաններում, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված, բարձրաստիճան պաշտոնատար անձանց իրենց պաշտոնեական դիրքի հետ կապված եւ չկապված հանցագործությունների վերաբերյալ գործերով նախաքննություն շարունակելու են իրականացնել Հատուկ քննչական ծառայության քննիչները: Նախագծով առաջարկվում է նաեւ սահմանափակել ՀՀ գլխավոր դատախազի լիազորության շրջանակները` իրավունք վերապահելով ծառայությանը փոխանցել միայն այն քրեական գործերը, որոնք չեն առնչվում պետական ծառայություն իրականացնող անձանց պաշտոնեական դիրքի հետ կապված հանցագործություններին, կամ որոնցով բարձրաստիճան պաշտոնատար անձինք, պետական ծառայություն իրականացնող անձինք ճանաչված են որպես տուժող, ինչպես նաեւ ցանկացած այլ քրեական գործ, եթե նախաքննական այլ մարմնում դրա քննության ընթացքում թույլ են տրվել խախտումներ կամ առկա են այլ հիմքեր, որոնք կասկածի տակ են դնում նույն մարմնում այդ գործի հետագա քննության բազմակողմանիության, լրիվության ու օբյեկտիվության պահպանման հնարավորությունը: Այսինքն, ըստ էության, գլխավոր դատախազի որոշումների հետեւանքով բարդանում էր քննիչների աշխատանքը: Եվ, ահա, այսպես իշխանությունները փորձ են անում թեթեւացնել եւ հստակեցնել ՀՔԾ-ի գործառույթները, իսկ դատախազն էլ միայն սահմանափակ դեպքերում կարող է նման որոշումներ կայացնել:

ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

 

 

ՀԱԿԱՌԱԿՈՐԴԻ ԿՐԱԿՈՑԻՑ
Մարտի 10-ին՝ ժամը 15:30-ի սահմաններում, հարավարեւելյան հատվածում տեղակայված ՊՆ N զորամասի պահպանության շրջանի մարտական դիրքի ուղղությամբ հակառակորդի կողմից արձակված կրակոցի հետեւանքով կրծքավանդակի շրջանում մահացու հրազենային վնասվածք է ստացել պայմանագրային զինծառայող, շարքային Զոհրաբ Գրիգորիի Սիանոսյանը (ծնվ. 1994թ., Արարատի զ/կ): Դեպքի հանգամանքները պարզելու նպատակով կատարվում է քննություն: ՀՀ պաշտպանության նախարարությունը խորին ցավակցություն է հայտնում Զոհրաբ Սիանոսյանի ընտանիքի անդամներին, հարազատներին եւ ծառայակիցներին:

ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍ՝  ՓՈԽՆԱԽԱՐԱՐԻ  ԸՆՏԱՆԻՔՈՒՄ
Վրաստանի շրջակա միջավայրի պահպանության եւ գյուղատնտեսության փոխնախարար Յուրի Նոզաձեն ինքնամեկուսացման մեջ է կորոնավիրուսի պատճառով: Կորոնավիրուս է հաստատվել Նոզաձեի ընտանիքի անդամի մոտ, փոխնախարարի մոտ վիրուսի առկայությունը չի հաստատվել, բայց այդուամենայնիվ նա իրեն ինքնամեկուսացրել է: Ավելի վաղ ինքնամեկուսացման մասին հայտարարել էին Վրաստանի էկոնոմիկայի եւ կայուն զարգացման փոխնախարար Գենադի Արվելաձեն եւ խորհրդարանի ագրարային հարցերի կոմիտեի նախագահ Օթար Դանելիան: Մարտի 10-ի դրությամբ Վրաստանում կորոնավիրուս է հայտնաբերվել 15 մարդու մոտ:

 

 

 

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը երեկ Հադրութ քաղաքում հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն շրջվարչակազմի պատասխանատուների եւ համայնքների ղեկավարների մասնակցությամբ: Քննարկվել են շրջանի սոցիալ-տնտեսական զարգացմանն առնչվող հարցեր: Խորհրդակցությանը ներկա էին պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը, պաշտոնատար այլ անձինք:

 

 

 

ՀԵՐՔԵՑ ՄԱՐԶՊԵՏԻՆ
Ծաղկաձորի քաղաքապետ Արթուր Հարությունյանը մեկնաբանել է կարանտինում գտնվող կանանց եւ աղջիկներին մարտի 8-ի առիթով ծաղիկներ նվիրելու մասին Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյան հայտարարությունը:
«Արմենպրես»-ի հետ զրույցում Հարությունյանը նշել է, որ ինքն անձամբ չի մտել շենք: «Ես վարդերի փնջերը փոխանցել եմ հատուկ աշխատակիցներին, չեմ բարձրացել վերեւ, քանի որ ուժեղ հսկողություն է իրականացվում, եւ ոչ ոքի չի թույլատրվում ներս մտնել»,- նշեց Ծաղկաձորի քաղաքապետը: ՀՀ առողջապահության նախարարությունից վստահեցրին, որ տվյալ հյուրանոց այժմ ոչ ոք իրավունք չունի մտնել, քանի որ կարանտինային տարածք է:

 

 

 

ՈՒԹ ՀԱԶԱՐ ԴԵՊՔ
Իրանը կորոնավիրուսով վարակման արդեն ավելի քան 8 հազար դեպք է գրանցել, 291 մարդ մահացել է: Այդ մասին հայտնել է Իրանի առողջապահության նախարարի խորհրդական Ալի Ռըզա Վահաբզադեն: «Անցած օրվա ընթացքում հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակման 881 նոր դեպք: Վարակվածների ընդհանուր թիվը հասել է 8042-ի: Վերջին 24 ժամվա ընթացքում մահացել է 54 մարդ, ընդհանուր առմամբ մահացածների թիվը հասել է 291-ի»,- գրել Է նա Twitter-ում:

 

 

 

ՆՅՈՒԹԵՐ ԵՆ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ
Արցախի Հանրապետության քննչական կոմիտեի տարածքային քննչական վարչության երկրորդ քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում մարտի 6-ին Armlur.am լրատվական կայքի ներկայացուցիչների հետ տեղի ունեցած միջադեպի առնչությամբ: Ինչպես հայտնի է, այդ օրը Արցախի Ասկերան քաղաքում ընթանում էր նախագահի թեկնածու Մասիս Մայիլյանի եւ «Միասնական հայրենիք» կուսակցության նախագահ Սամվել Բաբայանի հանդիպումը բնակիչների հետ: Եվ ArmLur.am-ը փորձել էր մի քանի հարցեր ուղղել նախագահի թեկնածուին, սակայն ընթացքում նա որոշեց կիսատ թողնել մեր հարցազրույցը, իսկ նրան ուղեկցող ազգականն էլ ձեռքով փակեց տեսախցիկը՝ խոչընդոտելով մեր աշխատանքը: Եվ, ահա, մեր հրապարակումից հետո քննադատական հայտարարությամբ հանդես եկավ նաեւ «Մեդիա պաշտպան» կազմակերպությունը, իսկ Քննչական կոմիտեի կողմից էլ արդեն նյութեր են նախապատրաստվում: Եվ ուշագրավ է, որ միջադեպից մի քանի օր անց Մասիս Մայիլյանն իր պաշտոնական էջում գրառում կատարեց՝ ափսոսանք հայտնելով միջադեպի կապակցությամբ, սակայն նաեւ առիթը բաց չթողնեց մեզ մեղադրելու կողմնապահության կամ ոչ պրոֆեսիոնալիզմի մեջ: Սակայն եւս մեկ անգամ ընդգծենք՝ մենք կատարում ենք մեր աշխատանքը՝ անկախ նրանից՝ այն ում կարող է դուր գալ կամ չգալ:

 

 

 

ԳԻՆԻՆԵՐՈՎ ՈՒ ՊԱՆՐՈՎ
ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը կնքված պայմանագրի մասին հայտարարություն է հրապարակել: «Ժողովուրդ» օրաթերթը պաշտոնական այդ փաստաթղթից տեղեկացավ, որ ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը իր կարիքների՝ ներկայացուցչական ծառայությունների ձեռքբերման նպատակով փետրվարի 28-ին պայմանագիր է կնքել «Ին Վինո» ընկերության հետ: Պայմանագրի ընդհանուր արժեքը կազմել է 46 հազար 400 դրամ: Մեզ հայտնի դարձավ, որ նախարարությունը 3 հատ կարմիր գինի է ձեռք բերել «Ին Վինո» ընկերությունից, որոնց համար վճարել է 20 հազար 400 դրամ, այսինքն մեկ շիշն արժեցել է 6800 դրամ: Նաեւ 3 հատ սպիտակ գինի է գնվել ընդհանուր 11 հազար 200 դրամով՝ միավորի համար վճարելով 3700 դրամ: Բացի այս, Շրջակա միջավայրի նախարարությունը գնել է նաեւ 4 հատ պանիր ընդհանուր 14 հազար 800 դրամով: Նշենք, որ պետական միջոցներով կոնյակ կամ գինի գնելը Հայաստանի պետական գերատեսչությունների համար ավանդույթ է, որը եկել է նախորդներից: Նախկինում պետբյուջեի հաշվին մշտապես կոնյակներ եւ շոկոլադներ էր գնում Երեւանի քաղաքապետարանը:




Լրահոս