Ինչպես արդեն հայտնել եք, Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 13 դեպք։ Կորոնավիրուսով վարակվածներից մեկն Իտալիայի քաղաքացի է, որը Հայաստան էր այցելել վերջերս եւ եղել նաեւ «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում, նաեւ Վանաձորի կարի ֆաբրիկայում։ Հայտնի է, որ կարի ֆաբրիկայի 5 աշխատակցի մոտ թեստը բացասական է եղել, այսինքն՝ նրանց մոտ կորոնավիրուս չի հայտնաբերվել։
Նաեւ հայտնի է, որ փակվել է նաեւ «Թումո» կենտրոնը, ընդ որում՝ մինչեւ ուսումնական հաստատությունները փակելու որոշումը, սակայն տնօրինությունից մեկնաբանել էին, թե դա կապ չունի իտալացի անձի՝ իրենց մոտ այցի հետ։ Ամեն դեպքում, ArmLur.am-ի տեղեկություններով, «Թումո» կենտորնից վիրուսով վարակման կասկածով կրկին անձինք են մեկուսացվել։ Ընդ որում, նրանք ի սկզբանե այլ հիվանդանոց են դիմած եղել, որից հետո տեղափոխվել են «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոց։ Սակայն մեզ հետ զրույցում կենտրոնի հաղորդակցության բաժնի ղեկավար Զռա Բուդաղյանը նշեց, թե այս պահին իրենք նման դեպքերի մասին տեղեկություն չունեն՝ ասելով, թե իրենց մոտից մեկուսացած մեկ անձ է, որի մասին ի սկզբանե հայտնել էին։
Հավելենք, որ 13 դեպքերից երկուսը դեռ մարտի 1-ին Ծաղկաձորի «Գոլդեն Փելիս» հյուրանոցում մեկուսացված քաղաքացիներն են, իսկ ահա 1 նոր դեպք էլ հայտնաբերվել է Ֆրանսիայից Հայաստան ժամանած քաղաքացու մոտ։
Լիդա Եղիազարյան