Մարտի 16-ին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, Սերգեյ Մեղրյանը նշանակվեց գլխավոր հարկադիր կատարող: Սակայն պարզվում է՝ մինչեւ 2020 թվականի փետրվարը վերջինս չէր կարող նման պաշտոն զբաղեցնել: Ինչպես հայտնի է, Մեղրյանը ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի ընկերն է եւ այդ պաշտոնին կարողացավ նշանակվել միայն օրենքի փոփոխության շնորհիվ: Խնդիրն այն է, որ մինչեւ այս տարվա փետրվարը գլխավոր հարկադիր կարող էր նշանակվել այն հարկադիր կատարողը, որը մինչեւ նշանակումը զբաղեցրել է հարկադիր կատարման ծառայության բարձրագույն խմբի կամ առնվազն երեք տարի գլխավոր խմբի պաշտոն եւ ունի արդարադատության գնդապետից ոչ ցածր կոչում: Սակայն 2019 թվականին Արդարադատության նախարարությունը հարկադիր կատարման ծառայության ոլորտում առաջարկեց փոփոխություն անել եւ հանել գնդապետից ոչ ցածր կոչումի պարտադիր լինելը: Այժմ կարող է զբաղեցնել այն անձը, որը մինչեւ նշանակումը զբաղեցրել է գլխավոր հարկադիր կատարողի տեղակալի պաշտոն կամ առնվազն երեք տարի՝ հարկադիր կատարման գլխավոր խմբի պաշտոն, կամ ունի հանրային ծառայության առնվազն հինգ տարվա ստաժ, որից երկու տարին առնվազն՝ կառուցվածքային ստորաբաժանման ղեկավարի պաշտոնում, կամ ութ տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ: Եվ արձանագրենք, որ Մեղրյանը չունի գնդապետի կոչում եւ միայն այս փոփոխության շնորհիվ կարողացավ դառնալ գլխավոր հարկադիր: Հիշեցնենք, որ Մեղրյանը եղել է Բարձրագույն դատական խորհրդի նախկին անդամ, որը հրաժարական է տվել 2019 թվականի հունիսին՝ Գագիկ Հարությունյանի եւ մյուս հրաժարականներից հետո: Նա իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ է, ԲԴԽ անդամ էր ընտրվել 2018 թվականի փետրվարին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից երեք տարի ժամկետով։
Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արթուր Դավթյանը ներկայացրել է օրենսդրական մի նախաձեռնություն, որով առաջարկում է փոփոխություններ կատարել Դատական օրենսգրքում եւ, ըստ էության, նվազեցնել դատավորներ դառնալու համար առկա պահանջները: Օրինակ՝ այժմ Դատական օրենսգրքի 97-րդ հոդվածում ամրագրված է, որ դատավորները պետք է ունենան իրավագիտության բակալավրի եւ իրավագիտության մագիստրոսի աստիճան եւ տիրապետեն առնվազն երկու օտար լեզվի: Եվ, ահա, պատգամավորն առաջարկում է թողնել միայն բակալավրը եւ առնվազն երկու օտար լեզվի փոխարեն՝ առնվազն մեկը: Պատգամավորը հիմնավորում է, թե Հայաստանի Հանրապետությունում դատավարության լեզուն հայերենն է, եւ օրենքը նախատեսում է, որ բոլոր փաստաթղթերը դատարան են ներկայացվում հայերեն կամ հայերեն պատշաճ թարգմանությամբ: Եվ ելնելով այս հանգամանքից՝ պատգամավորը եզրակացնում է, որ դատավորը պարտավոր չէ տիրապետել երկու օտար լեզվի՝ դատավարությունը պատշաճ կերպով անցկացնելու համար: Հավելենք նաեւ, որ առաջարկվում է դատավորների համար նախատեսված տարիքի նվազագույն շեմը 28-ի փոխարեն ամրագրել 25-ը: Այսինքն՝ այստեղ եւս չափանիշների նվազում ունենք: Նկատենք, որ թավշյա հեղափոխությունից հետո իշխանությունը լծվել է դատական համակարգում փոփոխություններ անելու՝ տարբեր օրենքներ նախագծելով: Եվ մշտապես հարց էր բարձրաձայնվում՝ որքանով իշխող ուժն ունի նոր դատավորների թեկնածուներ: Եվ միգուցե ցենզերի փոփոխությունը հնարավոր կադրեր ապահովելու դժվարությամբ է պայմանավորված:
«Ժողովուրդ» օրաթերթին Ազգային անվտանգության ծառայության կողմից իրականացված նոր բացահայտումից մանրամասներ են հայտնի դարձել: Մասնավորապես, ԱԱԾ-ն հայտնել է, որ ՀՀ ֆինանսների նախարարության առանցքային վարչություններից մեկի պետը, ՀՀ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանի ազգականների հետ համատեղ, ձեռնարկատիրությամբ զբաղվող տնտեսվարող սուբյեկտի հիմնադիրներին նյութական օգուտ տալու համար մաքսային տեսուչին ցուցում է տվել անտեսել «կարմիր ուղի» ընթացակարգով ՀՀ ներկրված հովանավորվող ընկերության բեռները զննելու պարտադիր պայմանը, եւ այդ ճանապարհով անցել են պաշտոնեական լիազորությունները: ԱԱԾ-ն չէր գաղտնազերծել, թե ով է առանցքային վարչության պետը: «Ժողովուրդ» օարթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ վերջինս ՊԵԿ նախաբացթողումային հսկողության վարչության նախկին պետ Վահրամ Գուրողյանն է, որը հանրությանը առավել հայտնի դարձավ 2014 թվականին 1 տոննա հերոինի պատմությունով։ Նախ նշենք, որ 2014թ. հունվարի 17-ին հայտնաբերվել էր մոտ 1 տոննա հերոին տեսակի թմրամիջոցը, իսկ, ահա, բացահայտումը արել է ներկայումս ԱԱԾ-ի տեսադաշտում հայտնված ՊԵԿ նախաբացթողումային հսկողության վարչության նախկին պետ Վահրամ Գուրողյանը, որի նկատմամբ հայտարարվել է հետախուզում:
Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանը, պատգամավորական ու իրավաբանական գործունեությունը «հորով-մորով» արած, այժմ էլ որոշել է զբաղվել Հայաստան ներդրումներ բերելու եւ այն խթանելու գործով: Բանն այն է, որ Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը որոշել է ստեղծել ներդրումների խթանման հարցերով աշխատանքային խումբ, եւ այն ղեկավարելու է, ոչ ավել, ոչ պակաս, հենց իրավաբան-պատգամավորը: «Ժողովուրդ» օրաթերթի խորհրդարանական աղբյուրները փոխանցում են, որ գրեթե բոլորի համար զարմանալի է եղել աշխատանքային խմբի ղեկավարի նշանակման հարցը, քանի որ ՀՀ-ում ներդրումների խթանման հարցը շատ լուրջ տնտեսագիտական հմտություններ է պահանջում: Ու այս կարեւոր աշխատանքային խումբը վստահելով Ն. Բաղասարյանին՝ արդեն իմքայլականների շրջանում խոսվում է այն մասին, որ այն լավ արդյունք չի ունենալու: Եվ նկատենք, որ Տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահը Բաբկեն Թունյանն է, սակայն այս կարեւոր աշխատանքային խմբի ղեկավար է դառնում այս ոլորտից թերեւս հեռու անձ: Երեկ «Ժողովուրդ» օրաթերթը փորձել է հենց Բաղդասարյանից պարզել՝ ինչու են իրեն վստահել այս խմբի ղեկավարումը: «Վարչապետի առաջարկությունն է եղել, որ խորհրդարանում նման աշխատանքային խումբ ստեղծվեր: Հիմա պետք է կատարենք այնպիսի փոփոխություններ, որպեսզի արդյունքում պետությունը քիչ միջամտի բիզնես գործունեությանը»,- նշեց նա: