Մարտի 31-ին Արցախում կայանալու է նախագահի եւ խորհրդարանական ընտրություններ, ու քանի մոտենում է ընտրության օրը, այնքան գնալով Արցախում կրքերը թեժանում են: Նախօրեին էլ՝ քարոզարշավի ժամանակ, Արցախի ոստիկանությունը Ստեփանակերտ քաղաքի Վազգեն Սարգսյան փողոցից մի խումբ քաղաքացիների բերման էր ենթարկում: Բերման ենթարկվածներն Արցախի հեղափոխական կուսակցության անդամներն էին, որոնք փակել էին ճանապարհը ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հետ հանդիպելու նպատակով, ինչի համար էլ ընդհարում է եղել:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Արցախում գրեթե ամեն օր քարոզարշավներն ընթանում են լարված մթնոլորտում: Արցախյան մեր աղբյուրները փոխանցում են, որ դա, կարելի է ասել,պայմանավորված է այն հանգամանքով, որ նախագահի ընտրության արդյունքները բոլորի համար արդեն պարզ են՝ լինելու է Արցախի նախագահի ընտրության երկրորդ փուլ, իսկ միմյանց հետ մրցելու են ԼՂՀ նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանը եւ ԱԳՆ նախարար Մասիս Մայիլյանը, որի հովանավորը Արցախի հերոս Սամվել Բաբայանն է: Արցախում շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ Մայիլյանին ՀՀ-ից սատարում է նաեւ ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանն իր թիմով, որի մասին, սակայն, պաշտոնապես չի ասվում,ու դա արվում է «տակից»:
Երեկ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է ՀՀ ՊՆ նախկին փոխնախարար Գագիկ Մելքոնյանի հետ, որն այս օրերին Արցախում էր գտնվում ու Սամվել Բաբայանի թիկունքն է պաշտպանում ընտրություններում: Փորձել ենք պարզել, թե ինչ իրավիճակ է ԼՂՀ-ում այս օրերին՝ քարոզարշավի ընթացքում:
-Պարո՛ն Մելքոնյան, Դուք Արցախում էիք, կարելի է ասել՝ հետեւում էիք Արցախում ընթացող նախընտրական պայքարին: Ըստ Ձեզ՝ ինչո՞ւ է գնալով այնտեղ կրքերը թեժանում, մթնոլորտը լարվում, ովքե՞ր են այդ ամենի մեղավորները:
-Արցախից նոր ենք վերադարձել, հիմնականում ամեն թեկնածու իր քարոզարշավն է անում, ամեն մեկը կենտրոնացած է իր քարոզարշավի վրա, տեսնենք՝ վերջում ինչ կլինի: Միշտ էլ քարոզարշավի ժամանակ լարվածություն լինում է, առանց լարվածության չի լինում: Էնպես լարվածություն չէ, որ, ասենք, պայթյունավտանգ վիճակ է, ամեն մեկը քարոզարշավ է անում, մեկը մյուսի վրա ցեխ է շպրտում, իրար սեւացնելով՝ ուզում են իրենց գործերն առաջ տանեն:
-Իսկ թեկնածուներից ովքե՞ր են այդ ցեխ շպրտողները, լարվածություն ստեղծողները:
-Ամեն մեկն իր չափով, իսկ դա գալիս է նրանից, որ ամեն մեկն ուզում է դառնալ Արցախի նախագահ, թեկնածուները շատ են, ամեն մեկն ուզում է իր ասածն առաջ տանել: Ես քարոզարշավներին չեմ մասնակցել, ուղղակի նստել ուսումնասիրել ենք՝ հավանական թեկնածուն ով է, ով ինչ ձեւով է աշխատում, ինչ է կարողանում անել, համարյա ծրագրերը նույննեն, ու բոլորը փորձում են լուծել անվտանգության հարցը.դա գլխավորն է Արցախի համար: Ամեն մեկն ուզում է Արցախում յուրովի տնտեսությունը զարգացնել: Հայաստանում էլ նախկինում, երբ նախագահի ընտրություններն էր լինում, նույն սցենարն է՝ տնտեսության զարգացում, անվտանգության հարցի լուծում. սրանք կարեւոր հարցեր են, որոնք փորձում են լուծել բոլոր առաջադրված թեկնածուները:
-Ըստ տեղեկությունների՝ Արցախում երկու ֆավորիտ թեկնածու կա, պայքարն ընթանում է Արայիկ Հարությունյանի եւ Մասիս Մայիլյանի միջեւ:Արդյոք Դուք այս ընթացքում Ձեր ուսումնասիրություններից ելնելով էլ եկե՞լ եք այդ եզրակացության:
-Այո, հավանական թեկնածուները այդ երկուսն են, իրենք են, կարծում եմ, ընտրությունների երկրորդ փուլ դուրս գալու:
-Այսինքն՝ ըստ Ձեզ՝ Արցախում նախագահի ընտրությունների երկրորդ փուլը կայանալո՞ւ է, ու այն առաջին փուլով չի՞ ավարտվելու:
-Պարտադիր երկրորդ փուլ կլինի, ես կարծում եմ՝ կլինի, իսկ երկրորդ փուլում կլինեն Արայիկ Հարությունյանը եւ Մասիս Մայիլյանը:
-Արցախում, ըստ շրջանառվող տեղեկությունների, Մայիլյանը նախագահի հավանական թեկնածուն է այն բանի համար, որ նրան սատարում է Արցախի հերոս Սամվել Բաբայանը: Դուք կիսո՞ւմ եք այդ դիրքորոշումը:
-Հիմա Մայիլյանը արցախցի է ու ունի իր ընտրողների զանգվածը, բայց Սամվել Բաբայանը որ արդեն «պադերշկա» է անում, դա արդեն բավականին պլյուս է:
-Տեղեկություններ կան նաեւ, որ ՀՀ իշխանություններն են բաժանվել թիմերի Արցախի նախագահի թեկնածուների սատարման հարցում՝ ՀՀ վարչապետը Արայիկ Հարությունյանի թեկնածությունն է սատարում, փոխվարչապետ Տիգրան Ավինյանը՝ Մասիս Մայիլյանի: Դուք նման տեղեկություն ունե՞ք, թե ՀՀ իշխանությունները ում կողքին են:
-Ես նման բան չեմ տեսել, ամեն մեկը կարող է ասել, որ ՀՀ իշխանությունները ինձ են հովանավորում, սատարում: Ես որեւէ նման բան չեմ նկատել կամ լսել, որ Հայաստանի իշխանություններից որեւէ մեկը մեկին սատարի, ասի, որ նրան են սատարում կամ սրան: Ես կարծում եմ, որ հայաստանյան իշխանությունները եթե խառնվեին ընտրություններին, ավելի վատ էր լինելու, լարվածությունն ավելի էր մեծանալու:
-Գուցե ներքին ձեւով են այդ ամենն անում, որովհետեւ, ըստ շրջանառվող տեղեկությունների, Արցախի նախագահի ընտրությունների հետ կապված՝ իշխանությունները ներսում թեւերի են բաժանվել:
-Ասում են, կասեն եւ այլն, բայց մենք չենք տեսել, թե որեւէ մեկը հայտարարի այդ ամենի մասին՝ ես, ասենք, սատարում եմ Արայիկ Հարությունյանին կամ այլ: Դե, ասում են, խոսակցություններ են, կլինեն միշտ: Եթե լարվածություն կա, ապա դա քարոզարշավի արդյունքն է:
-Ըստ Ձեզ՝ Արցախում ընտրակաշառք կբաժանվի՞ որեւէ թեկնածուի կողմից:
-Չեմ կարող ասել, ինչքան գիտեմ՝ ՀՀ իշխանությունները պայմանավորվածություն ունեն, որ պետք է անցնի արդար ու թափանցիկ, պետք է լինեն ընտրությունները արդար, դա շատ կարեւոր է: Թե որքանով արդար կլինեն, կապրենք, կտեսնենք:
Զրուցեց ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ