Պետին չեզոքացնում են․ ինչ կորոշի դատավորը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ոստիկանության Իջեւանի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետ, Գանձաքար գյուղի 37-ամյա բնակիչ Գերասիմ Մարդանյանին ՀՀ քրեական օրենսգրքի 309.1 հոդվածի 1-ին մասով («Խոշտանգումը») մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2017թ. հոկտեմբերի 4-ին ոստիկանության Իջեւանի բաժնի շենքում խոշտանգել է Իջեւանի տարածաշրջանի Այգեհովիտ գյուղի բնակիչ Ժորա Սիմոնյանին: Գ. Մարդանյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:

Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանում չապացուցվեց խոշտանգման համար Գ. Մարդանյանի մեղավորությունը: 2019թ. փետրվարի 6-ին Բերդ քաղաքում Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի դատավոր Զոյա Զաքինյանը վճռեց Գ. Մարդանյանին ՀՀ քրեական օրենսգրքի 309.1 հոդվածի 1-ին մասով արդարացնել եւ նրա նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնել, Գ. Մարդանյանի պաշտոնավարության ժամանակավոր դադարեցումը վերացնել: Դատախազ Վարդգես Սարգսյանը եւ Ժորա Սիմոնյանի ներկայացուցիչ, փաստաբան Արա Ղարագյոզյանն այդ դատավճի դեմ Վերաքննիչ բողոք են ներկայացրել: 2020թ. մարտի 19-ին քրեական գործերով վերաքննիչ դատարանում, դատավոր Մնացական Հարությունյանի նախագահությամբ, կայացավ դատական հերթական նիստը, որի ընթացքում Գերասիմ Մարդանյանի պաշտպան, փաստաբան Ռոբերտ Ալիխանյանը շարունակեց իր պաշտպանական ընդարձակ ճառը։

Նա փաստերով ապացուցեց, որ Գերասիմ Մարդանյանին առաջադրված խոշտանգման մեղադրանքը հիմնազուրկ է, բացակայում է ենթադրյալ հանցագործության կատարման շարժառիթը, տուժող Ժորա Սիմոնյանի եւ նրա հարազատների ցուցմունքներում բազմաթիվ էական հակասություններ կան։ Նախագահող դատավորը Գերասիմ Մարդանյանին, ով չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը, հարցրեց, թե ինչով է պայմանավորված, որ Ժորա Սիմոնյանի ընտանիքը իրեն մեղադրում է խոշտանգման մեջ։ Գ. Մարդանյանը պատասխանեց, որ Սիմոնյանների ընտանիքը զբաղվում էր ապօրինի անտառհատումներով, ինքը մերժել է դեպքի օրը Սիմոնյաններին պատկանող բեռնատարը ոստիկանության բաժնից բաց թողնելու նրանց խնդրանքը, խոչընդոտել է նրանց ապօրինի գործունեությանը, այդ պատճառով նրանք, մեղադրանք առաջադրելով, փորձել են իրեն չեզոքացնել։ Դատախազ Վարդգես Սարգսյանը եւ փաստաբան Ռոբերտ Ալիխանյանը հանդես եկան հայտարարություններով։ Վերաքննիչ դատարանն այս գործով որոշումը կհրապարակի մարտի 25-ին՝ ժամը 11-ին։

Ոսկան Սարգսյան
Տավուշ




Լրահոս