Գլխավոր դատախազությունը հայտարարություն է տարածել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ գլխավոր դատախազության հայտարարությունը տարածել, որում ասվում է.

Հարգելի՛ հայրենակիցներ,

Ուժի մեջ է մտել 2020թ. մարտի 23-ին ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունված՝ «Հայաստանի Հանրապետության վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրցումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների փաթեթը:

Համաձայն վերջինիս՝ ՀՀ քրեական օրենսգիրքը լրացվել է երկու նոր հանցագործություններ նախատեսող հոդվածներով:
Մասնավորապես՝ օրենսգրքում՝ 124.1 հոդվածով, կյանքի և առողջության դեմ ուղղված հանցագործությունների շարքում ավելացել է նոր կորոնավիրուսային վարակով (2019n-CoV) վարակելը:

Ըստ այդմ՝
1. Անձին նոր կորոնավիրուսային վարակով (2019n-CoV) վարակելը պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի չորսհարյուրապատիկից ութհարյուրապատիկի չափով, կամ կալանքով՝ առավելագույնը մեկ ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը մեկ տարի ժամկետով:

2. Նույն արարքը, որը կատարվել է՝
1) երկու կամ ավելի անձանց նկատմամբ,
2) անչափահասի նկատմամբ,
3) ակնհայտ հղի կնոջ նկատմամբ՝
պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի ութհարյուրապատիկից հազարապատիկի չափով, կամ կալանքով՝ երկուսից երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ մեկից երեք տարի ժամկետով:

3. Նույն արարքը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ՝ պատժվում է ազատազրկմամբ՝ երեքից հինգ տարի ժամետով։»։

Բնակչության առողջության դեմ ուղղված հանցագործությունների թվում ավելացել է ՀՀ քրեական օրենսգրքի 277.1 հոդվածը, որը վերաբերում է արտակարգ իրավիճակի հիմքով հայտարարված արտակարգ դրության ընթացքում մեկուսացման կամ ինքնամեկուսացման կանոնները կամ ազատ տեղաշարժվելու իրավունքի այլ սահմանափակումները խախտելուն:

Համաձայն վերջինիս՝

1. Արտակարգ իրավիճակի հիմքով հայտարարված արտակարգ դրության ընթացքում մեկուսացման կամ ինքնամեկուսացման կանոնները կամ ազատ տեղաշարժվելու իրավունքի այլ սահմանափակումները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է անձի վարակում՝ պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ կալանքով՝ առավելագույնը մեկ ամիս ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երկու տարի ժամկետով կամ առանց դրա։

2. Նույն արարքը, որն անզգուշությամբ ծանր վնաս է պատճառել մարդու առողջությանը կամ անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի անձանց վարակում՝ պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից յոթհարյուրապատիկի չափով, կամ կալանքով՝ մեկից երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով` որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով կամ առանց դրա։

3. Նույն արարքը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ՝ պատժվում է ազատազրկմամբ՝ երկուսից չորս տարի ժամկետով` որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով կամ առանց դրա:

4. Սույն հոդվածի իմաստով մեկուսացում է համարվում անձանց, այդ թվում` հիվանդի կամ վարակվածի կամ նրանց հետ շփված անձանց (կոնտակտավորների) առանձնացումը դրա համար նախատեսված որոշակի տարածքում՝ այլ անձանց հետ անմիջական շփումը բացառելու և վարակի տարածումը կանխելու նպատակով:

5. Սույն հոդվածի իմաստով ինքնամեկուսացում է համարվում անձանց, այդ թվում` հիվանդի կամ վարակվածի կամ նրանց հետ շփված անձանց (կոնտակտավորների) առանձնացումը իրենց մշտական բնակության կամ իր նախընտրությամբ մեկ այլ վայրում՝ այլ անձանց հետ անմիջական շփումը սահմանափակելու և վարակի տարածումը կանխելու նպատակով:

Նկատի ունենալով, որ Համաշխարհային առողջապահական կազմակերպության կողմից հայտարարվել է նոր կորոնավիրուսային (2019n-CoV) համավարակ, ինչպես նաև այն հանգամանքը, որ ՀՀ-ում հայտարարվել է արտակարգ դրություն՝ ՀՀ գլխավոր դատախազությունը զգուշացնում է, որ իրավապահ մարմինների կողմից իրականացվելու է խիստ հսկողություն՝ ՀՀ կառավարության կողմից 2020թ. մարտի 16-ին ընդունված «Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն հայտարարելու մասին» 298-Ն որոշմամբ սահմանված, ինչպես նաև պարետի կողմից հընթացս կայացվող որոշումներով նախատեսվող կանոնների և սահմանափակումների պահպանման նկատմամբ՝ ՀՀ քրեական օրենսգրքում կատարված վերոնշյալ լրացումներով նախատեսված հանցավոր արարքների նախականխման, ինչպես նաև նման դեպքերի բացահայտման և քրեաիրավական գնահատականի արժանացնելու նպատակով:

Միաժամանակ, հարկ ենք համարում տեղեկացնել, որ ՀՀ քրեական օրենսգրքի 63-րդ հոդվածի 1-ին մասի 13-րդ կետով սահմանված է, որ հանցանքն արտակարգ դրության պայմաններում կատարելը պատասխանատվությունը և պատիժը խստացնող հանգամանք է:

Այսինքն, տվյալ դեպքում «Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն հայտարարելու մասին» ՀՀ կառավարության որոշմամբ նախատեսված սահմանափակումների խախտմամբ կատարված հանցագործությունների դեպքում այդ հանգամանքը համապատասխան գնահատականի կարժանանա անձի պատասխանատվության և պատժի որոշման հարցի քննարկման շրջանակներում:

Հորդորում ենք դրսևորել խոհեմություն, քաղաքացիական բարձր գիտակցություն, կարգապահություն և ձեռնպահ մնալ այնպիսի գործողություններից, որոնք հղի են քրեական պատասխանատվություն առաջացնող հետևանքներով և կարող են սպառնալ առանձին անձանց, հատկապես խոցելի սոցիալական խմբերի ներկայացուցիչների առողջությանն ու կյանքին, սպառնալ հանրային առողջապահական անվտանգությանը:




Լրահոս